Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը միակն է, որ մյուս երկրների հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, որի պատճառով էլ ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում չէր կարող կաշկանդված չլինել. «Ազգ»

Մարտ 07,2024 12:50

Անթալիայի դիվանագիտական համաժողովի ավարտից հետո, երբ իրանական մամուլն ու իրանցի վերլուծաբանները քննարկում էին հայ-թուրքական հաշտեցման գործընթացի դրական ու բացասական կողմերի, հետեւաբար նաեւ «զանգեզուրյան» միջանցքի՝ Իրանի ազգային շահերին հակասող հնարավոր հետեւանքների հարցը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Քանանին շտապեց հերթական անգամ հիշեցնել միջանցքի գաղափարը եւ աշխարհաքաղաքական փոփոխությունները կտրականապես մերժելու մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը:

Որոշակի դադարից հետո Երեւանն ու Անկարան վերսկսել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը, հաշվի առնելով «թուրանական» միջանցքի վտանգը, Իրանում հակասական տրամադրությունների տեղիք է տվել:

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել իր թուրք գործընկերոջ Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սարդար Քըլըչը:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը, վերահաստատվել հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Նշված է նաեւ, որ կողմերը մտքեր են փոխանակվել հարաբերությունների կարգավորմանը միտված հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացին անդրադարձել է միջազգային մամուլը եւ հիմնականում բարձր գնահատել հարաբերությունների կարգավորման հարցում կողմերի պատրաստակամությունը:

Սակայն այդ գործընթացի վերաբերյալ իրանական մամուլի միջոցով արտահայտված քաղաքական մեկնաբանների տեսակետները միանշանակ չեն:

ԻԻՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած «Iranian Diplomacy» կայքն ու Իրանի քաղաքական կուսակցություններից ու խմբավորումներից տարանջատված, սակայն Իրանի «Բարեփոխական» հոսանքի նկատմամբ որոշակի համակրանք ունեցող «Շարղ» օրաթերթը հիշեցնում են դեռեւս 2023 թվականի նոյեմբերին Երեւանում անցկացված ԵԱՀԿ վեհաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտասանած հայտարարությունն առ այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ երբեք այսչափ ակտիվ երկխոսություն չի ունեցել, եւ որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարեւորագույն գործոն է տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար:

Հոդվածում հիշատակում կա նաեւ Փաշինյանի ելույթի՝ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու խորհրդանշական քայլի մասին: Հրապարակման մեջ կա նաեւ այդ նպատակին հասնելու ՀՀ վարչապետի անձնական պատասխանատվության մասին հայտարարությունից մեջբերում:

Այնուհետեւ վերը նշված լրատվամիջոցները հպանցիկ անդրադարձ են կատարել առաջին աշխարհամարտի տարիների Հայոց ցեղասպանության փաստին ու Անկարայի ժխտողական քաղաքականությանը:

Հրապարակման մեջ նշված է նաեւ 1993 թվականին, ի համերաշխություն Ադրբեջանի, Հայաստանի հետ միջպետական սահմանը փակելու Թուրքիայի միակողմանի որոշման, ինչպես նաեւ 2021 թվականին երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի ու Թուրքիայի կողմից հատուկ բանագնացներ նշանակելու փաստերի մասին:

Ներկայացված նախաբանից հետո, «Շարղ» օրաթերը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թեհրանն ի՞նչ տեղ է զբաղեցնում:

«Շարղ» թերթին տված հարցազրույցում եվրասիական հարցերի փորձագետ Ջալալ Նասերին խորհուրդ է տալիս խնդրին նայել Իրանի ազգային շահերի տեսանկյունից, որից հետո կարծիք հայտնում, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, ապա այն դրականորեն կանդրադառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Եվ քանի որ, ըստ փորձագետի, Էրդողանը հանդես է գալիս Ալիեւի ավագ եղբոր դերում, այդ պատճառով էլ Նասերին կանխատեսում է, որ երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացվելուց հետո, նկատելիորեն կնվազի լարվածությունը Հարավային Կովկասում, ինչի շնորհիվ օրակարգից դուրս կգա այսպես կոչված «թուրանական միջանցքի» միջոցով Իրանը Հայաստանից կտրելու հարցը, եւ տարածաշրջանում կայունություն կհաստատվի:

Առաջ քաշելով այն թեզը, որ հարեւանների միջեւ հարաբերությունների կանոնակարգումը դրական ու շոշափելի ազդեցություն կունենա նաեւ Իրանի վրա, Նասերին խորհուրդ է տալիս ողջունել այդ նախաձեռնությունը: Նա, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով կյանքի կոչված 3+3 ձեւաչափի մասին, տեսակետ է հայտնում, որ այդ շրջանակի մեջ ներառված բոլոր երկրներից Իրանը միակն է, որ մյուս երկրների հետ ունի ուղիղ ու բարիդրացիական հարաբերություններ, որի պատճառով էլ ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում չէր կարող կաշկանդված չլինել: Նասերին հավատացած է, որ եթե 3+3 ձեւաչափին մաս կազմող երկրների միջեւ հարաբերությունների լարվածությունը վերանա, կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստող ջանքերն ավելի կակտիվանան:

Անթալիայի դիվանագիտական համաժողովի ավարտից հետո, երբ իրանական մամուլն ու իրանցի վերլուծաբանները քննարկում էին հայ-թուրքական հաշտեցման գործընթացի դրական ու բացասական կողմերի, հետեւաբար նաեւ «զանգեզուրյան» միջանցքի՝ Իրանի ազգային շահերին հակասող հնարավոր հետեւանքների հարցը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Քանանին շտապեց հերթական անգամ հիշեցնել միջանցքի գաղափարը եւ աշխարհաքաղաքական փոփոխությունները կտրականապես մերժելու մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը:

Հայ-թուրքական երկխոսության հետեւանքների մասին իրանական մամուլի միջոցով մեզ հայտնի դարձած տեսակետներից կարելի է նաեւ պատկերացում կազմել հաշտեցման գործընթացի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի դիրքորոշման մասին, որը թեեւ չի համապատասխանում պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը, սակայն բխում է հայկական կողմի ազգային շահերից:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիվանագետ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031