Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դպրոցաշինությունից շատ դժգոհ եմ»․ Շիրակի մարզպետի դժգոհությունից հետո Փաշինյանը հայտարարեց՝ մենք դպրոց կառուցել չգիտենք

Մարտ 07,2024 12:44

«Դպրոցաշինությունից շատ դժգոհ եմ՝ աշխատանքներից ու որակից։ Կապսի դպրոցի պատուհաններն են անորակ։ Առաջարկել ենք վերանայել»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, երբ զեկուցվում էր մի շարք դպրոցների, դրանց մարզադահլիճների, մանկապարտեզների վերակառուցման եւ վերանորոգման համար գումար հատկացնելու հարցը։

«Մենք համոզվա՞ծ ենք, որ այդտեղ տեխնիկական առաջադրանքներով ճիշտ ենք նկարագրում այն, ինչ մեզ պետք է»,-հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Ալեքսանյանն այս առնչությամբ ասաց՝ կառուցվածքի իմաստով՝ այո, անցյալ տարի զգալի աշխատանք ենք արել հենց դպրոցական շենքերի կառուցվածքը հասկանալու համար՝ լաբորատորիայի քանի սենյակ է պետք, դասասենյակների համար՝ հաշվի առնելով նաեւ կրթական պրոցեսի պահանջները․«Վերջին ճշգրտումը վերաբերել է մարզադահլիճների չափսերին։ Բոլոր մարզադահլիճները մեկ ստանդարտի բերելու խնդիր ունեինք։ Երբ նոր է կառուցվում, դա հնարավոր է իրականացնել, վերակառուցման դեպքում էլ՝ կոնկրետ իրավիճակից կախված։ Հատկապես Երեւանի դպրոցներում։ Որոշ դպրոցներում մարզադահլիճների չափսերն այնպիսին են, որքան տարածքը հնարավորություն է տալիս։ Վերջին նախագծման հետ կապված ճշգրտումը եղել է մարզադահլիճների չափսերի վերաբերյալ, որտեղ ծրագրված է տրիբունաների հատվածը»։

Փաշինյանը նախարարին ընդհատեց․ «Դուք մեծ մասշտաբի մասին եք խոսում, հիմա ուզում եմ անդրադառնանք պատուհանին, ծորակին, ցնցուղին։ Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանում նկարագրել, որովհետեւ մենք այդ կարողությունները չունենք՝ մեզ այս պատուհանն է պետք։ Գնում ենք․․․ պատուհան է, դրել ենք, ձեր ուզածը պատուհան չի՞։ Հա, պատուհան է։ Հեսա, դրել ենք։ Բայց արանքից փչում է, տեսքը էն չի, որակն էն չի։ Այստեղ է մեր պրոբլեմը։ Իսկ կա՞ն աշխարհում այն մասնագետները, որոնք կարող են ճշգրիտ նկարագրել այն ծորակը, որը մեզ պետք է։ Այո, կան այդ մասնագետները, բայց իրենց պետք է ամիսը տալ 1 միլիոն եւ ավել աշխատավարձ։ Մինչեւ այս հարցը չլուծենք, սենց է․․․»։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ խնդիրը միայն Շիրակի մարզում չէ, Երեւանում կան ավարտին մոտ դպրոցներ, որտեղ նույնիսկ կառույցում նույն կապալառուն տեղադրել է երկու տարբեր որակի պատուհաններ եւ դռներ․«Ցավոք, ճիշտ եք ասում, տեխնիկական նկարագիրը մրցույթի պայմաններում առաջին հայացքից թվում է, որ պետք է երաշխավորեր որակը, բայց մետաղապլաստե պատուհանները․․․ անգամ մեր անհատական շինարարությունների ժամանակ պետք է բծախնդիր ձեւով հետամուտ լինել դրա որակին, որ համապատասխանի չափորոշիչներին»։

Խաչատրյանն ասաց, որ այս խնդիրը քննարկել են, գաղափար է եղել, որ կենտրոնացված նման գնումներ կատարեն, որպեսզի դպրոցներում տարբեր բաներ չլինեն․ «Բայց դա էլ հարակից այլ խնդիր ունի։ Մեկ մրցույթով մեկ մատակարարի հետ խնդիր կունենանք, դա կառաջացնի այն զգացողությունը, որ շուկայում մատակարարների շրջանում մրցակցության դժվարություններ կստեղծենք։ Լավ լուծում չենք գտել, հեշտ լուծելի խնդիր չէ»։

Փաշինյանն էլ ասաց՝ աշխարհի այն մասը, որը մետաղապլաստե պատուհան երեւույթը ստեղծել է, տեխնիկական չափորոշիչներ է դրել․ «Ասել է՝ պլաստմասե ու կողքը կոդ գրել, դրել է փական ու կողքը կոդ գրել։ Հիմա մեր ամբողջ խնդիրն այն է, որ մեր իմացած բառապաշարով ուզում ենք նկարագրել տեխնիկական պարամետր, ուզում ենք նկարագրել՝ պատուհանը լա՞վն է, թե՞ ոչ։ Ինչո՞վ լավը չի, պատուհան է։ Շատ սեղմենք, կգնան դատի կտան, կասեն՝ հեսա բերել ենք, պատուհան է, բացվում է, փակվում է։ Մենք ասում ենք՝ եկեք տեխնիկական առաջադրանք գրեք։ Գալիս են մեսրոպատառ, ոսկեղենիկ հայերենով գրում՝ լավ պատուհան։ Մենք էլ կարդում, ասում ենք ՝ ինչ լավ տեխնիկական առաջադրանք է։ Պետք է տեխնիկական առաջադրանքը գրենք այնպես, որ ոսկեղենիկ, մեսրոպատառ ոչինչ չգրվի, գրվեն թվեր, կոդեր, որ մենք չհասկանանք, բայց մասնագետը հասկանա։ Հետո տանենք, տեսնենք՝ սա այն պատուհա՞նն է, որ ուզում էինք։ Որպեսզի սա անենք, մեզ պետք է մասնագետ, որը այս լեզուն գիտի։ Մեզ մոտ կամ չկան կամ քիչ են»։

Փաշինյանն ասաց՝ եկեք խոստովանենք, որ տեխնիկական առաջադրանք գրել չգիտենք, պետք է այդ լեզուն սովորել։

«Մենք դպրոց կառուցել չգիտենք, զրոյից սովորում ենք»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031