Փետվարի 22-ին Մոսկվայում ամփոփվել է 2023թ. ետխորհրդային երկրների Ռուսաստանի հետ բարեկամության վարկանիշին վերաբերող հետազոտությունը: Այն իրականացրել է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը ետխորհրդային տարածքի 51 փորձագետների մասնակցությամբ: 12 խումբ ցուցիչների հիման վրա որոշվել են անցյալ տարվա Ռուսաստանին բարեկամ, հարաբերականորեն բարեկամ (հարաբերականորեն ոչ բարեկամ) եւ ոչ բարեկամ երկրները: Առաջին եռյակում են Հարավային Օսիան, Բելառուսը եւ Աբխազիան: Նրանց հաջորդում են Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը: Ադրբեջանը 7-րդ տեղում է: Նրան հաջորդել են Ղազախստանը եւ Թուրքմենստանը: Բարեկամ երկրների տասնյակը եզրափակել է Հայաստանը: 11-րդ տեղում Վրաստանն է, որը ստացել է հարաբերականորեն բարեկամ/հարաբերականորեն ոչ բարեկամի կարգավիճակը: Աղյուսակը եզրափակում են Մոլդովան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան եւ Ուկրաինան, որոնք համարվել են ոչ բարեկամ երկրներ:
2021թ. բարեկամության վարկանիշում Հայաստանը զբաղեցրել էր 3-րդ տեղը, իսկ 2022թ. վարկանիշում՝ 5-րդ տեղը: Ակնհայտ է, որ հետազոտության երեք տարվա արդյունքներով Հայաստանը էական նահանջ է արձանագրել:
Ստորեւ արժե վերլուծել այն դատողությունները, որոնց հիման վրա Հայաստանը հայտնվել է բարեկամների 10-րդ՝ վերջին հորիզոնականում:
Քաղաքական, ռազմական եւ տնտեսական հաղորդակցություն
Կարդացեք նաև
Փորձագետների համար անկասկած է, որ 2023թ. ընթացքում հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների մակարդակում հետընթաց է արձանագրվել: Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ամրապնդել են համագործակցությունը հավաքական Արեւմուտքի հետ: Դրա գաղափարախոսական հիմքը կազմել է այն դատողությունը, որ Հայաստանը ազգերի եվրոպական ընտանիքի անդամ է եւ պետք է ամրապնդի իր այդ կարգավիճակը: Հայաստանը էական ջանքեր է գործադրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Եվրոպական Միության մյուս երկրների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները պնդել են, որ դա արվում է ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիա իրականացնելու նպատակով: Հայաստանի ղեկավարը չի մասնակցել ԱՊՀ եւ ՀԱՊԿ գագաթաժողովներին: Շրջանառության մեջ է դրվել ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի անդամությունը «սառեցնելու» մասին դատողությունը: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնագաղթից եւ Հայաստանում նրանց վերահաստատվելուց հետո մեր երկրում բարձրացել է Ռուսաստանից դժգոհության մեծ ալիք: Տեղի չեն ունեցել մի շարք քաղաքական հանդիպումներ եւ այլ միջոցառումներ, որոնք ծրագրված էին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Դեկտեմբերի 23-ին Հայաստանի վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ բարձրագուն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, եւ դա դրական է ազդել հայ-ռուսական հարաբերությունները բարելավելու հարցում: Ռուս քաղաքական գործիչներն ու դիվանագետները պնդել են, որ 2023թ. երկրորդ կիսամյակում քաղաքական եւ դիվանագիտական կապեր գործնականում համարյա չեն եղել:
Ռազմական համագործակցության ոլորտում տարվա վերջում արձանագրվել են որոշ քայլեր, որոնք թույլ են տվել արձանագրել, որ այդ կապերը գործնականում շարունակվում են:
Տնտեսական ոլորտում առկա են էական ձեռքբերումներ: ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրման գործընթացին մասնակցելուց Հայաստանը էական օգուտներ է ունեցել: Մեր երկիրն արձանագրել է ԵԱՏՄ շրջանականերում ամենաբարձր տնտեսական ակտիվության աճի եւ համախառն ներքին արդյունքի ցուցանիշները: Ռուսաստանը շարունակել է լինել Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Դեպի Ռուսաստան է ուղղված եղել Հայաստանի արդյունաբերության պատրաստի արտադրանքի առյուծի բաժինը: Ռուսաստանից է Հայաստան եկել բանկային փոխանցումների 67%-ը: Ռուսաստանի քաղաքացիները կազմել են Հայաստան ժամանած 2 մլն. 300 հազար արտասահմանյան զբոսաշրջիկների 50%-ից ավելին: Ռուսաստանը Հայաստանի համար երկրորդ ներդրողն է Արաբական Միացյալ Էմիրություններից հետո: Հայկական բիզնեսի ամենախոշոր գործառույթը եղել է սարքավորումների եւ մեքենաների վերաարտահանումը դեպի Ռուսաստան: Փորձագետները միակարծիք են, որ ԵԱՏՄ շրջանակներում հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը այսօր գլխավոր փաստարկն է հայ-ռուսական ընդհանուր առմամբ համագործակցության եւ փոխգործակցության շարունակման օգտին:
Արամ ՍԱՖԱՐՅԱՆ
ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն,
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: