Իշխանական թիմում առանձնապես խանդավառված չեն դեպի Եվրոպա «ճամփորդությունից», եթե չասենք` մեծամասնությունը մտահոգ է՝ հասկանալով, որ գուցե ՌԴ-ն լավ դաշնակից չէ, բայց կարող է շատ վատ թշնամի լինել, ուստի չի կարելի շտապողականություն դրսեւորել եւ անվերադարձ փչացնել հայ-ռուսական երբեմնի բարեկամական հարաբերությունները՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ ՔՊ-ական պատգամավորներից շատերը երեկ հրաժարվում էին այս թեմայով խոսել, բայց մասնավոր զրույցներում հույս էին հայտնում, որ Փաշինյանը քննարկումների արդյունքում կհրաժարվի այդ մտադրությունից։
Միայն ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը չթաքցրեց իր մտահոգությունները։ «Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ նման գործընթացներում շտապողականություն չպետք է դրսեւորել, դա չի կարող օգտակար լինել»,- ասաց նա: Եվ հարցն այն չէ, որ դրա հետեւանքով Հայաստանը կարող է Ռուսաստանից «ապտակ» ստանալ, խնդիրը, ըստ պատգամավորի, այն է, որ նման գործընթացներում կտրուկ տեղաշարժերը կարող են «անցանկալի եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ» պետության համար՝ հենց թեկուզ տնտեսական ոլորտում։ Աղազարյանը վստահ է, որ օրենսդիր իշխանությունում` ի դեմս ՔՊ խմբակցության, ԵՄ-ին անդամակցության հայտի մասով չեն շտապում:
Նա մեզ հետ զրույցում չհերքեց մեր տեղեկությունը, որ փակ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ամենաուշը մինչեւ աշուն պետք է հայտը ներկայացնել․ «Մինչեւ աշուն կարող է պատահի քննարկումներն այնպես ընթանան, որ արդեն նպատակահարմար չլինի»: Իսկ ինչո՞ւ մինչեւ աշուն։ «Դա վարչապետի տեսակետն է, որովհետեւ ինքը տիրապետում է բացարձակ ինֆորմացիայի, հետեւաբար՝ մենք իր տեսակետը հաշվի առնում ենք, բայց քննարկումներում յուրաքանչյուրս մեր տեսակետն ենք արտահայտում, կարծիքների բախումներ են տեղի ունենում, եւ նոր գալիս ենք ընդհանուր եզրահանգման։ Այո, տպավորություն կա, որ գործադիրը, քանի որ վարում է արտաքին քաղաքականությունը, ավելի հստակ է իր դիրքորոշման մեջ, բայց այդ դիրքորոշումը պետք է նաեւ մեր միջով անցնի, ճշգրտումներ մտցնենք եւ այլն»։ Ի՞նչ է տալու Հայաստանին ԵՄ անդամության թեկնածու դառնալը։ «Սա ամենասարսափելի հարցն է, որը հնչում է, ես դրա պատասխանը չունեմ, դրա պատասխանը պիտի ստանանք առաջիկա քննարկումների ժամանակ։ Դուք ասում եք՝ Արեւմուտքի պահանջն է, ես՝ ինքս, որպես քաղաքացի, պատրաստ չեմ որեւէ մեկի պահանջին ենթարկվել»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: