Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ջնջվում են քնի և արթնության սահմանները․ քնի պարալիզ

Մարտ 07,2024 09:35

«Բարձր ձայնով գոռում ես, բայց քեզ չեն լսում», «Տեսնում ես, որ մարդիկ նստած են քո կողքը, բայց նրանք անհաղորդ են քո տառապանքներին», «Ինչ-որ մեկը կարծես նստել է կրծքավանդակիդ ու խեղդում է քեզ»․ մարդիկ, որոնք ունեցել են քնի պարալիզի դրվագներ, բավականին միստիկ երանգներով են նկարագրում իրենց ապրումներն ու զգացողությունները, ուստի նրանց համար կարևոր է իմանալ, որ իրենց հետ տեղի ունեցածն ընդամենը քնի խանգարման տեսակ է։ 

Թեև սովորաբար քնի ու արթնության սահմանները հստակ տարբերակվում են, սակայն այնպիսի վիճակները, ինչպիսին քնի պարալիզն է, կարող են խաթարել այդ սահմանները։ Քնի պարալիզի դրվագների ժամանակ մարդիկ ունենում են սթափ գիտակցություն, որը, սակայն, հաճախ ուղեկցվում է հալյուցինացիաներով, խեղդվելու զգացողությամբ և այլն։

Ի՞նչ է քնի պարալիզը

Քնի պարալիզը շարժվելու կամ խոսելու ժանակավոր անընդունակությունն է, որն առաջանում է քնած ժամանակ․ վիճակ է, որը բնորոշվում է մկանային վերահսկողության ժամանակավոր կորստով։ Բժշկագիտության մեջ այդ երևույթն անվանում են «ատոնիա»․ քնի պարալիզի ժամանակ ատոնիայից բացի մարդիկ, ինչպես նշվեց, հաճախ են ունենում հալյուցինացիաներ։

Քնի պարալիզը քնի խանգարման (պարասոմնիա) տեսակ է և քանի որ կապված է քնի՝ աչքերի արագ շարժման փուլի (REM) հետ (կամ արագ քնի հետ), համարվում է այդ փուլին բնորոշ վարքային խանգարում։ Սովորաբար արագ քնի փուլը ներառում է վառ երազներն ու ատոնիան, որը, սակայն, արթնանալուց հետո անմիջապես վերանում է, և մարդը չի գիտակցում, որ ունեցել է շարժվելու անկարողություն։ Հետազոտությունների արդյունքում ենթադրվում է, որ քնի պարալիզի դեպքում առաջանում է գիտակցության խառը վիճակ, որը համատեղում է ինչպես արթնության, այնպես էլ արագ քնի վիճակները։ Փաստացի, արագ քնին բնորոշ ատոնիան ու մտավոր պատկերները պահպանվում են սթափ գիտակցության պայմաններում։

Քնի պարալիզի տեսակները

Փորձագետները սովորաբար քնի պարալիզի դրվագերը երկու տեսակի են բաժանում՝

Քնի պարալիզի մեկուսի դեպքեր․ սրանք քնի պարալիզի մեկանգամյա դրվագներ են և հիմնականում կապված չեն նարկոլեպսիայի՝ նյարդաբանական խանգարման հետ, որի դեպքում գլխուղեղը դժվարանում է կարգավորել արթնությունը, ինչն էլ կարող է հանգեցնել քնի պարալիզի։

Կրկնվող քնի պարալիզ․ այս դեպքում տեղի են ունենում քնի պարալիզի բազմաթիվ դրվագներ, որոնք կարող են կապված լինել նարկոլեպսիայի հետ։

Համարվում է, որ շվեյցարացի նկարիչ Հենրի Ֆյուզելիի «Մղձավանջը» (1781 թ.) քնի պարալիզի պատկեր է ներկայացնում, որն ուղեկցվում է դիվային այցելությամբ: Ֆյուզելին կնոջը նման կերպ է պատկերել, որպեսզի ցույց տա նրա կրծքավանդակում նստած ինկուբի` մղձավանջների և անգիտակից վախերի մարմնացման ծանրությունը։

Ինչպե՞ս է դրսևորվում քնի պարալիզը

Քնի պարալիզի որոշիչ ախտանշանը ատոնիան է կամ շարժվելու ու խոսելու անընդունակությունը։ Մարդիկ նաև հայտնել են դժվարաշնչության, կրծքավանդակի վրա ճնշման զգացողության, տագնապի, անօգնականության և նմանատիպ այլ հույզերի մասին։ Քնի պարալիզից հետո, սովորաբար առաջանում է քնկոտության ու հոգնածության սուր զգացողություն։

Որոշ տվյալների համաձայն, քնի պարալիզի դրվագների 75%-ը նաև կապվում է սովորական երազներից տարբերվող հալյուցինացիաներով։ Քնի պարալիզին բնորոշ հալյուցինացիաները 3 տեսակի են բաժանվում․

«Չարագործի» հալյուցինացիաներ․ սրանք կապված են տարածքում վտանգավոր մարդու առկայության ու նման ընկալումների հետ։

Կրծքավանդակը ճնշող հալյուցինացիաներ, որոնք կարող են խեղդվելու կամ այնպիսի զգացողություն առաջացնել, կարծես մեկը նստած է մարդու կրծքավանդակին։ Հաճախ հալյուցինացիաների հիշյալ տեսակները միասին են հանդես գալիս։

Վեստիբուլյար-շարժիչ հալյուցինացիաներ, որոնք ենթադրում են շարժման, օրինակ՝ թռչելու կամ մարմնից դուրս գալու զգացողություններ։

Քնի պարալիզի մասին գիտությանը դեռևս շատ բան հայտնի չէ։ Պարզ է, որ քնի պարալիզի դրվագների ընկալումը տարբեր մարդկանց մոտ տարբեր է լինում։ Ատոնիան հաճախ առաջացնում է անհանգստություն, իսկ հալյուցինացիաները կարող են այդ վիճակն ավելի տագնապալի դարձնել։ Դեպքերի մոտ 90%-ը կապվում են վախի հետ, և միայն փոքրամասնության մոտ են նկատվում ավելի հաճելի ու անգամ երանելի վիճակներ։ Քնի պարալիզի դրվագները կարող են մի քանի վայրկյանից մինչև 20 րոպե տևել, իսկ միջին տևողությունը մոտ 6 րոպե է կազմում։

Մեծամասամբ այդ դրվագներն ինքնուրույն են ավարտվում, երբեմն դրանք ավարտվում են ուրիշի ձայնից կամ երբ մեկ ուրիշը դիպչում է քնի պարալիզ ունեցողին, երբեմն էլ մարդը լարված ջանքեր գործադրելով կարողանում է շարժվել՝ հաղթահարելով ատոնիան։

Ըստ հետազոտությունների՝ քնի պարալիզ ունենում է մարդկանց մոտ 20 %-ը։ Այս երևույթը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն առաջին դեպքերը հաճախ տեղի են ունենում մանկական հասակում կամ դեռահասության ու երիտասարդության շրջանում։

Որո՞նք են քնի պարալիզի առաջացման պատճառները

Ինչպես նշվեց, քնի պարալիզի հստակ պատճառը հայտնի չէ։ Քնի պարալիզի վերաբերյալ տվյալների վերլուծությունների արդյունքները միանշանակ չեն, սակայն, այդ տվյալների վրա հիմնվելով, հետազոտողները ենթադրում են, որ քնի պարալիզի առաջացման հիմքում կարող են դեր խաղալ հետևյալ գործոնները՝

Քնի խանգարումները․ նկատվել է սերտ կապ քնի պարալիզի, քնի խանգարումների ու քնի հետ կապված այլ խնդիրների միջև։ Քնի պարալիզի դեպքերի մասին են հայտնել քնի ապնոէ, քրոնիկ անքնություն, ցիրկադային ռիթմերի կարգավորման խնդիրներով, ինչպես նաև ոտքերի գիշերային ջղակծկումներ ունեցող մարդիկ։

Նարկոլեպսիան․ որոշակի ժամանակամիջոցում քնի պարալիզի կրկնվող դեպքերը կարող են կապված լինել նարկոլեպսիայի հետ։ Նարկոլեպսիան աուտոիմունային բնույթի հիվանդություն է, որը բնորոշվում է քնելու անակնկալ դրվագներով, ցերեկային ժամերին ուժեղ քնկոտությամբ, մկանային թուլությամբ, տարօրինակ հիպնագոգիկ հալյուցինացիաներով։

Հոգեկան առողջության խանգարումները․ հոգեկան առողջության հետ կապված մի շարք վիճակների, սթրեսի ու քնի պարալիզի առաջացման միջև կապ է նկատվել, մասնավորապես հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդկանց, ինչպես նաև այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական ու հուզական սթրեսի են ենթարկվել։ Տագնապային խանգարումներ ունեցող մարդկանց մոտ նույնպես նկատվել է այդ խնդիրը։ Հետազոտողները նաև նկատել են, որ խանգարման ռիսկի գործոններից մեկն էլ քնի պարալիզի ընտանեկան պատմությունն է, սակայն գենետիկ կոնկրետ հիմքերը դեռևս պարզ չեն։

Վառ երազները․ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կապ կա մղձավանջների, վառ, գիտակցված երազատեսության ու քնի պարալիզի դրվագների միջև։

Որպես քնի պարալիզի դրվագների առաջացմանը նպաստող գործոն մարդիկ նաև նշել են հոգնածությունը, լուսավոր և աղմկոտ սենյակում քնելը և այլն (խմբ․ կողմից)։

Վտանգավո՞ր է արդյոք քնի պարալիզը

Մարդկանց մեծամասնության դեպքում քնի պարալիզը վտանգավոր չէ, և թեև կարող է սթրես առաջացնել, սակայն այնքան հաճախ տեղի չի ունենում, որ լուրջ ազդեցություն ունենա առողջության վրա։ Բայց մարդկանց մոտ 10%-ի մոտ նկատվում են հաճախակի ու հոգնեցնող դրվագներ, որոնց պատճառով քնի պարալիզն ավելի տագնապալի է դառնում։ Դա կարող է քնելուց առաջ առաջացող վախերի, անքնության, քնի խանգարումների պատճառ դառնալ։

Որո՞նք են քնի պարալիզի բուժման մեթոդները

Առաջին քայլը քնի մասնագետի հետ խոսելն ու առաջնային պատճառների, օրինակ՝ նարկոլեպսիայի կամ քնի ապնոէի բացառումն է։ Ընդհանուր առմամբ, այս երևույթի բուժման վերաբերյալ գիտական տվյալներն այնքան էլ շատ չեն, սակայն հայտնի է, որ քնի հիգիենայի բարելավումը կարող է նպաստել դրվագների կրճատմանը։ Մասնագետները խորհուրդ են տալիս կարգավորել օրվա ռեժիմը՝ քնի ու արթնության համար ամենօրյա հստակ ժամեր սահմանելով ու քնելուն բավարար ժամանակ հատկացնելով։ Քնից առաջ ռելաքսացիայի մեթոդները կարող են բարելավել քնի որակը, ինչպես նաև կարևոր է քնելու տարածքը հնարավորինս հարմարավետ դարձնելը՝  սահմանափակելով աղմուկի ու լույսի ազդեցությունը, իսկ քնելուց գոնե մեկ ժամ առաջ բացառել էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ SLEEP FOUNDATION

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031