Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանության որոշումը տարօրինակ է. ադրբեջանցիներն Արցախում խաղաղ բնակիչներին առեւանգում էին եւ «ահաբեկչության» ու այլ հոդվածներով գործեր «կարում»»

Մարտ 07,2024 13:00

Ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանություններն ի սկզբանե նախապատրաստվում էին ադրբեջանցի զինծառայողի հանձնմանը։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ մարտի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ փետրվարի 28-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած եւ ձերբակալված ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը հանձնվել է Բաքվին: Ըստ ԱԱԾ հաղորդագրության. «Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈՒ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու եւ մոլորվելու հետեւանքով: Որպես բարի կամքի դրսեւորում եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված եւ հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»։

Նախքան ԱԱԾ հաղորդագրությունը, Հայաստանի Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաեւ ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության եւ թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելու եւ փոխադրելու, հրազենի եւ ռազմամթերքի մաքսանենգության եւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ»։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այս ամենը շատ ավելի զայրացնող է հատկապես այն իրադարձությունների համատեքստում, երբ ադրբեջանցիներն Արցախում խաղաղ բնակիչներին առեւանգում էին եւ նրանց վերաբերյալ «ահաբեկչության» կամ այլ ծանր հոդվածներով գործեր էին «կարում»։ «Եվ դրան ի պատասխան՝ հայաստանյան իշխանությունները չափազանց տարօրինակ որոշումներ են կայացնում։ Այստեղ նաեւ հատկանշական է այն հանգամանքը, որ նույն դեպքի հետ կապված տարբեր իրավապահ մարմիններ տարբեր մեկնաբանություններ էին ի սկզբանե տարածում։ Բայց ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանություններն ի սկզբանե նախապատրաստվում էին նրա հանձնմանը»,- աասաց Աբրահամյանը։

Պատգամավորը ՀՀ իշխանությունների այս քայլը նաեւ կապում է այն հանգամանքի հետ, որ ադրբեջանական քարոզչական կայքերն ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության առաջին իսկ օրվանից մեկնաբանություններ էին տարածում, որ՝ «եթե Հայաստանը զինծառայողին չվերադարձնի, մենք կգնանք կվերադարձնենք»։ Այսինքն, Աբրահամյանի խոսքով, կար նաեւ սպառնալիք, շանտաժ, եւ Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով իրենց իրական որակները, որոշակի առումով նաեւ այդ շանտաժին են ենթարկվում։ «Բայց ադրբեջանական սպառնալիքներն արտահայտվում են ոչ միայն նմանատիպ իրավիճակներում, այլ նաեւ Հայաստանի հետ տարվող բանակցային ընդհանուր գործընթացում։ Եվ այս իշխանությունների կողմից վերջին 5-6 տարիների գործունեությունն ու եղած փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները մշտապես հակված են զիջումների, այդ զիջումները միակողմանի են եւ որեւէ բան չեն տալիս Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավորություն կա՞ր ադրբեջանցի զինծառայողին գոնե փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Որպես կանոն՝ նման դեպքերում բանակցային գործընթացում հնարավորությունն օգտագործվում է, անկախ նրանից, թե այդ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում, իրականացնելու փոխանակման գործընթաց։ Բայց այս տարիները, հատկապես 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածը ցույց են տվել, որ Հայաստանի իշխանություններն անհաշվենկատ քաղաքականություն են վարում՝ ընդհանրապես հաշվի չառնելով, որ դիմացը Ադրբեջանն է եւ ինչ վարք է դրսեւորում։ Հայաստանի իշխանությունները մշտապես հակված են եղել գնալու միակողմանի քայլերի, որոնք Ադրբեջանը հաշվի չի առել։ Եվ բանակցային գործընթացում այդ ամենը որեւէ ձեւով չի ծառայեցվել հօգուտ Հայաստանի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել