Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն մարմինը, որը մշակել է տվյալ նախագիծը, չի կարող իրականացնել այդ նախագծով հնարավոր ռիսկերի վերհանումը»

Մարտ 07,2024 12:30

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվել է կատարելագործել իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատման մեխանիզմները: Ներկայացվող հոդվածի շրջանակներում քննարկվել է ՀՀ իրավական համակարգում հակակոռուպցիոն փորձաքննության ներդրման եւ կիրառման անհրաժեշտությունը։ Հեղինակները վերլուծել են ոլորտին առնչվող ներկա իրավիճակը, որի արդյունքում առաջարկվել է հակակոռուպցիոն փորձաքննությունը սահմանել, որպես փորձաքննության ինքնուրույն տեսակ, ինչպես նաեւ օրենքով սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա կընդունվի հակակոռուպցիոն փորձաքննության իրականացման ընթացակարգային հարցերը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ։ Առաջարկվել է ստեղծել առանձին մասնագիտացված անկախ մարմին, սահմանել այն իրավական ակտերի շրջանակը: Ներկայացնում ենք ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ, իրավ. գիտ. թեկնածու Կարեն Ամիրյանի (լուսանկարում) եւ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության փորձագետ Աննա Ստեփանյանի հեղինակած «Պետության եւ իրավունքի տեսություն» ուսումնասիրությունից մի հատված, որն օրերս տպագրվել է ՀՀ դատավորների միության «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի տարեվերջյան համարում:

Պետության եւ իրավունքի տեսություն

Անհրաժեշտ է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում կատարել փոփոխություն եւ որպես իրավական ակտերի փորձաքննության առանձին տեսակ ամրագրել հակակոռուպցիոն փորձաքննությունը, այնուհետեւ օրենքով ամրագրել լիազորող նորմ եւ դրա հիման վրա ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ:

Հակակոռուպցիոն փորձաքննություն իրականացնելու լիազոր մարմինը. Որոշման շրջանակում հակակոռուպցիոն գնահատման իրականացման իրավասությունը վերապահվել էր ՀՀ արդարադատության նախարարությանը: Կարծում ենք, որ այս կարգավորումը խնդրահարույց է այն առումով, որ եթե հակակոռուպցիոն փորձաքննության իրականացման իրավասությունը տրվի Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությանը, ապա խնդիր կառաջանա այն առումով, որ կոնկրետ ուղղվածություն ունեցող փորձաքննության իրականացման համար առկա չեն համապատասխան բաժին եւ հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտացում ունեցող աշխատակիցներ, իսկ եթե փորձաքննությունն իրականացվի նախարարությունում հակակոռուպցիոն համապատասխան ստորաբաժանման՝ այն է Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության կողմից, ապա խնդիրներ կառաջանան այն դեպքերում, երբ հակակոռուպցիոն փորձաքննության առարկա դառնան այն նախագծերը, որոնք մշակվել են հենց տվյալ վարչության կողմից. բնականաբար այն մարմինը/մարմնի ստորաբաժանումը, որը մշակել է տվյալ նախագիծը, չի կարող իրականացնել այդ նախագծով հնարավոր ռիսկերի վերհանումը: Հետեւաբար, որպես լուծում առաջարկվում է ստեղծել առանձին մասնագիտացված անկախ մարմին, որին կվերապահվի հակակոռուպցիոն փորձաքննությունների իրականացման իրավասություն։

Հակակոռուպցիոն փորձաքննության ենթակա նորմատիվ իրավական ակտերի շրջանակը. Փորձաքննություն իրականացնող սուբյեկտի որոշումից հետո կարեւոր է հասկանալ, թե որ իրավական ակտերի նախագծերը պետք է անցնեն հակակոռուպցիոն փորձաքննություն: Նշենք, որ որոշմամբ ամրագրված էր, որ Հակակոռուպցիոն բնագավառում պարտադիր գնահատման ենթակա են «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մասում նշված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, որ օրենքի նախագիծը մշակող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը: Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից շրջանառված օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, որը կցվում է նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին: Ինչպես երեւում է վերոգրյալից, ԿԱԳ-ի իրականացման համար անհրաժեշտ էր կառավարության կամ վարչապետի հանձնարարությունը: Սակայն այստեղ առկա չէին այս հայեցողության իրացման իրավական սահմանները:

Յուրաքանչյուր դեպքում հանձնարարությամբ հանդես գալու հայեցողությունն իրավաչափ չէր: Մասնավորապես, պարզ չէր, թե կոնկրետ դեպքում Կառավարությունը կամ Վարչապետն ինչը հիմք կընդունեն եւ կորոշեն, որ պետք է իրականացվի ԿԱԳ եւ որ դեպքում չեն տեսնի դրա իրականացման անհրաժեշտությունը: Այս հանգամանքը վերաբերում էր նաեւ հակակոռուպցիոն ԿԱԳ-ին (հակակոռուպցիոն ԿԱԳ տերմինը կիրառվել է՝ հաշվի առնելով որոշմամբ ամրագրված իրավական եզրույթը, սակայն հարկ է նշել, որ բովանդակային առումով յուրաքանչյուր դեպքում դիտարկում ենք հակակոռուպցիոն փորձաքննության իրականացումը): Ընդ որում, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը պետական-իրավական փորձաքննության իրականացումը նույնպես պայմանավորել է ոչ թե որեւէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի ցանկությամբ, այլ ակտի տեսակով։

Հետեւաբար, գտնում ենք, որ հակակոռուպցիոն փորձաքննության ենթակա ակտերի շրջանակը կամ դրանց որոշման չափանիշը պետք է հստակ նախատեսված լինի օրենքի մակարդակով։ Որպես օրինակ նշենք, որ տարբերակված եւ չհիմնավորված մոտեցում էր որդեգրվել նաեւ Ղազախստանում: Մասնավորապես, Ղազախստանի նախագահի օրենսդրական նախաձեռնությունները եւ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը չէին անցնում հակակոռուպցիոն պարտադիր ստուգում, որպիսի հանգամանքը քննադատվել էր Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից։ Կազմակերպության դիրքորոշումը եւս փաստում է, որ այս առումով որդեգրվելիք մոտեցումը պետք է նույնական լինի հակակոռուպցիոն ոլորտին առնչվող բոլոր նորմատիվ իրավական ակտերի համար: Հակակոռուպցիոն փորձաքննության ենթակա իրավական ակտերի շրջանակը քննարկման առարկա դարձնելու համատեքստում կարեւոր ենք համարում նաեւ անդրադառնալ պետաիրավական փորձաքննության ենթակա ակտերին եւ նշել, որ այս առումով օրենսդիրը պետք է զերծ մնա պետաիրավական փորձաքննության ենթակա ակտերի շրջանակով հակակոռուպցիոն փորձաքննության ենթակա ակտերի շրջանակը պայմանավորելու պրակտիկայից, քանի որ կան նորմատիվ իրավական ակտեր, որոնք թեեւ չեն անցնում պետաիրավական փորձաքննություն, սակայն կարող են իրենցում պարունակել կոռուպցիոն ռիսկեր: Այսպես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված են փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերը: Ճիշտ է, չկա որեւէ հիմնավորում դրանց՝ պետաիրավական փորձաքննության ենթակա չլինելու մասով, սակայն, այժմ հարցին անդրադառնանք կոնկրետ հակակոռուպցիոն փորձաքննության համատեքստում: Հարկ է նշել, որ թեեւ 7-րդ հոդվածով սահմանված ակտերը չեն անցնում պետաիրավական փորձաքննություն, կարծում ենք, որ դրանք, այնուամենայնիվ, պետք է անցնեն հակակոռուպցիոն փորձաքննություն, որովհետեւ դրանցում, ըստ էության, կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր պարունակող դրույթներ: Ասվածն առավել առարկայական ներկայացնելու համար նշենք, որ այդ ակտերն են պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանը, Կենտրոնական բանկի կողմից բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եւ բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը սահմանելուն ուղղված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումների նախագծերը, պետական եւ համայնքային բյուջեների վերաբաշխման, ինչպես նաեւ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Փորձաքննության չեն ենթարկվում հանրաքվե կամ ընտրություններ նշանակելու վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ ընտրությունների ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Փորձաքննության չեն ենթարկվում սակագների, պարտադիր վճարների, դրանց դրույքաչափերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերը: Նշվածների մեծ մասը որոշման 9-րդ կետով ամրագրված հիմքերից որեւէ մեկի առկայության ուժով իրենում կարող է պարունակել քողարկված կոռուպցիոն ռիսկ: Իրականում կիրառելի է նաեւ այն մոտեցումը, որ բոլոր օրենքների նախագծերը եւ ընդունված օրենքները ենթարկվեն հակակոռուպցիոն ստուգման։ Այս դեպքում նաեւ անհրաժեշտություն չի առաջանում սահմանելու հակակոռուպցիոն փորձաքննության ենթակա օրենքների ընտրության չափանիշներ։ Վերոշարադրյալի հիման վրա եզրահանգումը միանշանակ է. պետք է լինի հստակ շրջանակ այն իրավական ակտերի, որոնք ենթակա կլինեն հակակոռուպցիոն փորձաքննության: Առաջարկում ենք հստակ սահմանել այն իրավական ակտերի շրջանակը եւ/կամ դրանց ընտրության չափանիշները, որոնք ենթակա կլինեն հակակոռուպցիոն փորձաքննության: Միեւնույն ժամանակ, առաջարկում ենք դրանց շրջանակը պայմանավորել ոչ թե պետաիրավական փորձաքննության ենթակա ակտերով, այլ այն ռիսկերով, որոնք կարող են առաջանալ կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների ծագման, փոփոխման, դադարման ընթացքում:

Հակակոռուպցիոն փորձաքննության ներդրմանն ուղղված աշխատանքները եւ դրանցում առկա խնդիրները. Աշխատանքի շրջանակում հարկ է անդրադառնալ նաեւ այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են ոլորտի քաղաքականության մշակման համար: Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվել է կատարելագործել իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատման մեխանիզմները: Մասնավորապես, Ռազմավարության նախագծի գործողություն 1.7-րդ կետի շրջանակում նախատեսվել է իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության ապահովումը՝ այն է մշակվող ակտերի (ex ante) եւ անհրաժեշտության դեպքում` դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի (ex post) փորձաքննության իրականացումը:

Այս գործողության շրջանակներում առաջարկվում է բուհերում հիմնել Հակակոռուպցիոն լաբորատորիաներ (R&D)՝ հակակոռուպցիոն հետազոտություններ, իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն անցկացնելու եւ հակակոռուպցիոն ծրագրերին հետազոտական եւ վերլուծական բնույթի այլ աջակցություն տրամադրելու նպատակով: Ինչպես երեւում է վերոգրյալից, Ռազմավարության նախագծով սահմանվել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում հիմնված Հակակոռուպցիոն լաբորատորիաներում, ի թիվս այլնի, պետք է իրականացվի իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն: Նախագծով սահմանվել է, որ որպես իրականացված նպատակ, պետք է բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդհանուր թվի 30 տոկոսում առկա լինեն հակակոռուպցիոն լաբորատորիաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031