Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան լարում է իրավիճակը

Մարտ 07,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Վաշինգտոնն առաջին անգամ հրապարակավ ռուսական քաղաքականությունը մեր տարածաշրջանում անվանեց` «ապակայունացնող»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջին օրերին քննադատությունների տարափ է հեղում Հայաստանի ուղղությամբ: Նա նշել է, որ արեւմտյան երկրները մտադիր են «վերահսկել» Մոլդովայի ղեկավարությունը։ Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ, ինչպես նշել է Լավրովը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արեւմտյան երկրները սկսեցին միջամտել Ռուսաստանի եւ նրա հարեւանների հարաբերություններին, ինչը երեւում է Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում նրանց քաղաքականությունից, հատկապես հայ ընկերների օրինակով։ «Դա երեւում է նաեւ նախկին ԽՍՀՄ եվրոպական մասում՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Մոլդովային բացահայտ նախապատրաստում են Ուկրաինայի ճակատագրին՝ նրա ողջ ղեկավարությանը «վերահսկելու» տեսանկյունից», – ասել է Լավրովը։

Պաշտոնական Վաշինգտոնը, թերեւս, առաջին անգամ ուղիղ հակադարձեց Մոսկվային: Ռուսաստանի ղեկավարությունը կոշտ հռետորաբանության օգտագործմամբ ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, եւ Ռուսաստանի շատ հարեւաններ մտահոգված են այդ սպառնալիքներով, արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հարցին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարարի վերոնշյալ հայտարարությունները: «Ռուսաստանի շատ հարեւաններ մտահոգված են սպառնալից հռետորաբանությամբ եւ գործողություններով, որոնք ՌԴ կառավարությունը կրկին ու կրկին ցույց է տալիս, որ պատրաստ է ձեռնարկել իր հարեւանների դեմ»,- ասել է Միլլերը:

Եթե Հայաստանում իշխանության ղեկին լիներ այլ իշխանություն, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերությունները կունենայի՞ն այն տեսքը, որն այսօր ունեն… Սա է այն հարցը, որին պետք է փորձել պատասխանել` առանց կրքերի:

2008-2010 թվականներից սկսած, ՀՀ նախկին իշխանությունների ժամանակ, Մոսկվան որոշում կայացրեց զինել Ադրբեջանին, եւ հետագա տարիներին այդ «բիզնեսը» ողջ ուժով կյանքի կոչվեց: Հայաստանը նախկին իշխանության տարիներին` անդամակցեց Մաքսային միությանը, ԵԱՏՄ ակտիվ անդամ էր, սակայն դա որեւէ նշանակություն չունեցավ Մոսկվայի համար: Ադրբեջանն այդ շրջանում էլ ընդդեմ ՀՀ-ի դիվերսիոն գործողությունների էր դիմում, իսկ 2016 թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցավ քառօրյա պատերազմը, երբ ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994թ. մայիսի 12-ի եւ միջադեպերի կարգավորման մասին 1995թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու եւ ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Իսկ Սերժ Սարգսյանը Լավրովին ընդունելով ռազմական այդ գործողություններից հետո` հրապարակավ բացատրություն պահանջեց ադրբեջանական կողմի գործողությունների համար, ինչին ի պատասխան՝ Լավրովը բավական շփոթված ու հանկարծակի եկած արձագանքեց, թե` «…բայց մեր մեղքը դրանում ո՞րն է», ոճով:

Եթե Հայաստանում 2018-ից հետո լիներ այլ իշխանություն, ընդդեմ Հայաստանի ռուսական ճնշումներն ամենայն հավանականությամբ այլ ձեւով կկիրառվեին: Հնարավոր է, 2020թ. 44-օրյա պատերազմի թեժ գործողությունների օրերին ռուսական պետական հեռուստաալիքների թոք շոուների ընթացքում ռուս մեկնաբանները, փորձագետները եւ հայկական ազգանուններով տարբեր հանրահայտ անձինք չնսեմացնեին Հայաստան պետությունը: Այդ ամենը կարվեր կուլիսային, ետնաբեմային գործողություններով: Օրինակ, ՀՀ իշխանության ներկայացուցիչների զանգերին հնարավոր է չպատասխանեին, Կրեմլ այցելած ՀՀ իշխանության ներկայացուցչին կստիպեին Կրեմլ մտնել ոչ հիմնական մուտքից, իսկ միջանցքում արդեն կսպասեցնեին ընդունելության համար ժամերով, եւ այլն: Ռուսաստանցի իշխանական քարոզիչները նախկին իշխանության տարիներին էլ գալիս էին Երեւան, դժգոհում տաքսիների վարորդների ռուսերենի իմացության մակարդակից: Այսինքն, հրապարակային «մուննաթային» թեմաները սկսել էին վաղուց, եւ բնական է, որ եթե դրանք դրսեւորվում էին հրապարակային, ուրեմն, դրա համար գոյություն ունեին պատճառներ:

Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը փոխվել է արդեն շուրջ 15 տարի: Դա ՌԴ պետական քաղաքականություն է, դա է պահանջում ռուսական պետության այսօրվա շահը: Հնարավոր է, որ Պուտինի ակնկալիքները Էրդողանն ապագայում չիրագործի այնպես, ինչպես դա Մոսկվայում են պատկերացնում, եւ մի գեղեցիկ օր ռուսական քաղաքականությունը մեկ գիշերում 180 աստիճանով փոխվի թուրքական եւ ադրբեջանական իշխանությունների նկատմամբ: Բայց դա կարող է նաեւ տեղի չունենալ:

Հետեւաբար, ՀՀ իշխանությունները պարտավոր են հանդարտ, սառը հաշվարկներով ծանրութեթեւ անել հնարավոր կորուստներն ու հետեւանքները: Անվտանգային առումով ամեն ինչ պարզ է. այսօրվա ռուսական իշխանությունն անգամ կաշկանդված է հայտարարելու, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Տնտեսապես Ռուսաստանից ահռելի կախվածության մեջ գտնվող Հայաստանի հնարավոր քայլերը որո՞նք են: Լուծել Հայաստանի տնտեսական կախվածության հարցը ՌԴ-ից, միայն հետո մտածել Ռուսաստանի հետ «թելերը» կտրելու մասին, թե՞ կտրել այդ «թելերը», հետո նստել-մտածել` «բա, հիմա ի՞նչ անենք…»:

Ի դեպ, հայ-ռուսական հարաբերությունների այս արտահայտված անջրպետը, ամենայն հավանականությամբ, հենց ռուսական օրակարգի ցանկալի կետերից մեկն է, որպեսզի արդարացնեն Հայաստանի նկատմամբ իրենց գործողությունների արդարացված լինելը: Սա եւս պետք է հաշվի առնել:

Հետեւաբար, ՀՀ ներկայիս իշխանությունները հստակ պետք է հաշվարկեն, թե ինչպիսին կարող են լինել հնարավոր հետեւանքները: Եթե «հետեւանքներից» մեկն օրինակ` ադրբեջանական ագրեսիան է արդեն ընդդեմ Հայաստանի, ո՞վ եւ ինչպե՞ս է ապահովելու ռազմաքաղաքական, դիվանագիտական, անվտանգային խնդիրների լուծումը: Այս հարցերի պատասխանները ՀՀ իշխանությունները պետք է ունենային արդեն տեւական ժամանակ, եւ դրա համար ամենեւին էլ հարկավոր չէր հրապարակային դժգոհություններ արտահայտել ռուսական իշխանությունների կեցվածքից, դա շատերի համար անհերքելի իրողություն է, լրացուցիչ տեղեկատվության կարիք չկա:

Իսկ հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է Մոսկվան հրապարակային հող նախապատրաստում ՀՀ իշխանությունների վրա բարդելու հայ-ռուսական լարվածության պատասխանատվությունը, այսինքն, նպատակ է դրված «հիմնավորելու», «արդարացնելու» ռուսական քաղաքական կեցվածքը:

Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության անհաջող արդյունքների հետեւանքով վերջին ամիսներին Երեւանից կշտամբանքներ են հնչում Մոսկվայի հասցեին: Հայաստանի ղեկավարության շուրթերից ամեն օր հնչող հայտարարությունները ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում եւ ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը շեշտել է՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ։ «Մենք իսկապես շատ ենք ցանկանում, որ մեր հայ գործընկերները կողմնորոշվեն, թե ինչպես են ցանկանում իրագործել փոխադարձ հիմունքներով իրականացված համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում», – նշել է Լավրովը։ «Մենք սպասում ենք, որ պաշտոնապես ասեն, թե վերջնական որոշումը ո՞րն է, թե չէ ասում են՝ «ՀԱՊԿ-ում մեր անդամությունը կսառեցնենք դե ֆակտո, կուզենք դե յուրե կսառեցնենք», հավելել է Լավրովը: «Հայաստանի ղեկավարությունը որոշել է հույսը դնել տարածաշրջանից դուրս գտնվող երկրների վրա, որ սիրաշահում են Երեւանին, խոստանում օգնել բոլոր փորձանքներում, միայն թե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – նշել է Լավրովը։

Մեկնաբանելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի օրերս հնչեցրած հայտարարությունը, թե լավ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել այդ տեղեկությունը։ «Չեմ կարող հաստատել այդ տեղեկությունները, թեեւ դրանք եւս տեղավորվում են հայկական ղեկավարության կողմից հնչող հայտարարությունների տրամաբանության շրջանակներում։ Թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ ԱԺ նախագահը եւ մյուսները հայտարարում են, որ ինչ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1991-ից ի վեր, սխալմունք է։ Այս տրամաբանության մեջ են նաեւ հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, որ 2020-ի սեպտեմբերին հենց Ռուսաստանն է հրահրել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, ինչպես նաեւ Ռուսաստանի մեղավորության մասին այլ հայտարարություններ, այդ թվում՝ դավաճանություն Ղարաբաղի ազգաբնակչության նկատմամբ», – նշել է Լավրովը՝ դրանք սուտ որակելով։

Ալեն Սիմոնյանի նույն հայտարարությանն անդրադարձել էր նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Սա մենք դիտարկում ենք պաշտոնական Երեւանի ներկայացուցչի ոչ բարեկամական վարքագծի եւս մեկ օրինակ, թեեւ այնքան էլ պարզ չէ, թե որքանով է ԱԺ-ի նախագահը պատասխան տալիս իր բարձրացրած թեմաների համար»։

Զախարովան հերքել էր նաեւ ՀԱՊԿ-ի հասցեին Երեւանից հնչող մեղադրանքները եւ ափսոսանք հայտնել, որ «կազմակերպության միջոցառումներին Երեւանի մասնակցության դինամիկան նվազել է», եւ հավելել. «Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով եւ պարտավորություններով»։ «Կտրականապես անընդունելի են Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ կապված տարածաշրջանում հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը եւ Երեւանի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետ։ Հիշեցնեմ նաեւ, որ 2022թ. սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով ձեւավորվել եւ երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության եւ Միացյալ շտաբի գնահատման առաքելությունը։ Արդյունքների հիման վրա նախապատրաստվել է ՀԱՊԿ Խորհրդի որոշումը՝ Հայաստանում մոնիթորինգային առաքելություն իրականացնելու վերաբերյալ։ Մենք մեղավոր չենք, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր ռազմատեխնիկական օգնության եւ մի շարք այլ միջոցների տրամադրում հանրապետությանը, մտացածին պատրվակով Հայաստանի իշխանությունները մերժեցին։ Ավելին, փոխարենը Երեւանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդներին։ Փաստերը շատ խոսուն են։ Դրանք կասկած չեն թողնում այդ ներկայացուցիչների աշխատանքի զրոյական արդյունավետության հարցում»,- նշել էր նա։

Մենք այդպես էլ ռուսական կողմից չլսեցինք պարզաբանումներ, թե ինչո՞ւ էր ռուսական կողմը վճարված գործարքի համատեքստում խուսափում Հայաստանին զինամթերք մատակարարել: Սակայն փոխարենը` Մոսկվայից շարունակվում են կշտամբանքները Հայաստանի կողմից բոլոր գործողությունների դեպքում:

Ցավոք, Հայաստանում գոյություն ունի մեկնաբանների, փորձագետների մի հատված, որոնք անմիջապես Մոսկվայի քննադատություններն ընկալում են որպես հրապարակային հրահանգ` արդարացնելու ռուսական իշխանությունների պահվածքը: Սա ավելի է բարդացնում Հայաստանի դրությունը: Այդ գործիչները հետեւողականորեն անտեսում են Մոսկվայից արդեն հրապարակային կերպով ներկայացված խոսուն պահանջները: Անցյալ շաբաթ, օրինակ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ապաշրջափակման հանձնաժողովի գործընթացին եւ նշեց, որ այն այս փուլում կանգ է առել «հայ գործընկերների դիրքորոշման պատճառով»։ Ապա, Զախարովան տրամաբանական էր համարել, որ ՌԴ սահմանապահները վերահսկեն Մեղրու ճանապարհը. «Դա տրամաբանական է տնտեսական եւ լոգիստիկ պատճառներով։ Ռուս սահմանապահները, այսպես թե այնպես, տեղակայված են Սյունիքի հարավում, նրանք պաշտպանում են հայ-իրանական սահմանը։ Չենք կարծում, թե «Խաղաղության խաչմերուկը» Մեղրու կամ մեկ այլ ճանապարհի այլընտրանք է, ավելի շուտ՝ այն առավել գլոբալ հայացք է»։

Հայ-ռուսական հրապարակային լարվածությունը վաղուց ակնհայտ կերպով դրսեւորվում է: Սակայն ցավալին այն է, որ Հայաստանում չի արձանագրվում, որ դրա պատճառները նաեւ Ռուսաստանում են, որ Կրեմլի քաղաքականության արդյունքում 2020թ. 44-օրյա պատերազմից հետո մասնավորապես ՌԴ-ի նկատմամբ վստահությունը նվազել է: Սա, ի դեպ, միակ ոլորտն է, որտեղ Հայաստանի ներկայիս իշխանությունն առանձնապես ջանքեր չի էլ գործադրել, դա մեծ հետեւողականությամբ ու բուռն գործունեությամբ իրականացրել ու շարունակում է իրականացնել ռուսական իշխանությունը:

Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի բխում հանրապետության շահերից՝ հարցման մասնակիցների 42%-ի տեսանկյունից: Հարցումն անցկացվել է 1100 մարդու շրջանում փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում: Gallup International ասոցիացիայի հայկական բյուրոյի ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցման մասնակիցների 23,2 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը լիովին համապատասխանում է երկրի շահերին, 13,9 տոկոսը ենթադրում է, որ նման քայլը, ամենայն հավանականությամբ, ձեռնտու կլինի երկրի համար: Ինչ վերաբերում է պաշտպանական տարբեր դաշինքներին Հայաստանի մասնակցությանը, ապա հարցման մասնակիցների մոտ 40,3 տոկոսը համարել է, որ երկիրը պետք է արտադաշինքային կարգավիճակ ունենա։ Միեւնույն ժամանակ մասնակիցների 28%-ը նպատակահարմար է համարում ՀԱՊԿ կազմում մնալ, իսկ 22,5%- ը կողմ է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս հարցում անորոշություն է պահպանվել հարցման մասնակիցների 9,2 տոկոսի մոտ։

Թվային այս «գունապատկերի» մասին պետք է մտորեն նաեւ ռուսական իշխանական վերնախավում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031