2023 թվականին «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի անչափահաս մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկելու դեպքով սկսվել է դատաքննություն: Նախնական դատական նիստի ժամանակ դատարանը բարձրացրեց նիստին ներկայացած երկու դատախազների ոչ պատշաճ լինելու հարցը:
«Խնդիր կար, որ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարականով դատախազական խումբ է ստեղծվել ու խմբի ղեկավար է նշանակվել մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության ավագ դատախազ Հ. Ներսիսյանը, որն էլ մեղադրական եզրակացությունն է հաստատել: Դատարանը գտնում էր, որ նրա բացակայությունը դատաքննության ժամանակ արգելք է, նիստին ներկայացած մյուս 2 դատախազները պատշաճ դատախազներ չեն: Ես հակադարձեցի, ասելով, որ իրավունք ունեն մասնակցել, հիմնավորեցի՝ ինչու են պատշաճ դատախազներ, դատարանը գտավ, որ ներկայացած դատախազները կարող են համարվել գործով պատշաճ դատախազներ ու կարող են մասնակցել նիստին»,- ասաց Ղայթմազյանի պաշտպան Աննա Մանթաշյանը:
Նա ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ պնդելով, որ մի շարք խախտումներ են թույլ տրված այդ վարույթով, սակայն նիստի ժամանակ պաշտպանը չհասցրեց ներկայացնել միջնորդությունը, այն կներկայացնի հաջորդ դատական նիստին:
«Այն մեղադրանքով, ինչով ուղարկվել է դատարան, կարմիր թելով կարկատած է, այդ մեղադրանքը վարույթով չի հիմնավորվել: Այսպիսի կարմիր թելով կարկատած գործերը դատարան ուղարկելով՝ շատ վատ նախադեպ են ձեւավորում հետագայի համար, Աստված մի արասցե մեզնից յուրաքանչյուրի համար»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արսեն Ղայթմազյանի արարքում վարույթ իրականացնող մարմինն արձանագրել էր անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավի պատճառմամբ խոշտանգում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ