Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստիպված են լինելու կալանքի տակ պահելու նոր հիմքեր գտնել». Մամիկոն Ասլանյանի գործով վկաների հարցաքննությունը մոտենում է ավարտին

Մարտ 06,2024 23:03

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը:

Դատարանը շարունակել է վկաների հարցաքննությունը: Այսօր հարցաքննվել են երկու վկա՝ Էդիկ Գրիգորյանը եւ Արման Եգանյանը, յուրաքանչյուրի հարցաքննությունը տեւել է 10-ական րոպե. այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանի շահերի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանը: Ընդհանուր առմամբ, ըստ պաշտպանի, վկաները հարցաքննության ժամանակ ասել են, որ Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքներից որեւէ դրվագի մասով ոչ տեղեկացված են, ոչ էլ պատկերացում ունեն, թե ինչի՞ մասին է խոսքը:

«Գործի դրվագներից մեկով, վկաներից մեկին ընդամենը լիազորագիր են տվել, գնացել է քաղաքապետարան եւ իբրեւ լիազորված անձ, օգնել է, որ դիմում լրացնեն: Վերջ: Այդքան բան: Վկայի ընկերոջ հայրն է. մարդն ուզեցել է գնալ քաղաքապետարան, իր հողի հետ կապված ինչ-որ դիմում լրացնելու, տղան ԱՄՆ-ում է բնակվում, ընկերոջը խնդրել է, լիազորագիր է տվել, որ հոր հետ գնա եւ դիմումը լրացնի, մուտք անի քաղաքապետարան»,-մանրամասնեց պաշտպանը՝ հավելելով, որ այս դրվագով եվս մի վկա է եղել, որի հարցաքննությունը դատարանում ընդամենը մեկ րոպե է տեւել, քանի որ առաջին իսկ հարցին՝ ի՞նչ տեղեկություն ունեք այս գործից, նա պատասխանել է, որ ոչ մի տեղեկություն էլ չունի:

«Ու այս վկաների վրա Մամիկոն Ասլանյանը ճնշում պետք է գործադրեր եւ դրա համար պետք է մնա կալանքի տակ»,- հեգնեց պաշտպանը:

Մամիկոն Ասլանյանի գործով դատարանն առաջիկայում եվս հինգ վկայի կհարցաքննի, որից հետո, պաշտպանական կողմը կմիջնորդի քննարկել նրա խափանման միջոցի հարցը, քանի որ նրան կալանքի տակ պահելու՝ նախկինում ներկայացված բոլոր հիմքերը, ապացույցների հետազոտում, վկաների հարցաքննություն եւ այլն, սպառվում են:

«Ստիպված են լինելու նոր հիմքեր գտնելու»,- կրկին հեգնելով ասաց պաշտպանը:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 11-ին:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031