Արցախյան պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին տարբեր տեղեկություններ են հասել, որ դպրոցներից, զինկոմիսարիատներից, վարժարաններից փառքի անկյուններ են հանվում. «Այն, ինչ պատկանում է հերոսին, պիտի լինի իր տեղում, անպայման ու ցանկացածի մասով: Ես լսել եմ, որ փառքի անկյուններ են հանվում, մեկնաբանությունները, թե իբր վերանորոգումներ են գնում, չի արդարացնում այն փաստը, որը կատարվում է: Այդ ամենը կարող են ծնողների ներկայությամբ անել, տեղափոխել մեկ այլ վայր, թողնել այդտեղ, իրենց վերանորոգումն անեն, ավարտեն, նորից վերադարձնեն: Ի՞նչ է, լուծումը չկա՞, թե՞ մեզ պետք է, որ մոռացության տանք ամեն ինչ: Եթե պետք է մոռացության տանք, գոնե տղամարդավարի կանգնեն, ասեն՝ մենք ուզում ենք մոռացության տանք ու վերջ, ծնողներն էլ որոշեն: Երբեւէ տեսե՞լ են՝ վրեժով լցված, զավակ կորցրած ծնողի աչքերում ինչ է կատարվում, եթե մեկը կա, որ ունի այդ ուժն ու համարձակությունը, թող գա, նայի ծնողների աչքերին ու ասի՝ այո, մենք ուզում ենք, որ մարի այդ ամեն ինչը: Այդ ցասումը մեծ ալիք կբարձրացնի, հիմա թող փորձեն»:
Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այսուհետեւ որեւէ զոհված հերոսի ծնողից, եթե լսի, որ փառքի անկյուն են հանել, ինքն անձամբ հետեւողական է լինելու. «Կլինի ցուցափեղկ, ցուցատախտակ, թե հուշանկյուն, դա գովազդի բաներ չէ, որ ով որտեղ ուզի, փակցնի:Բոլորս ենք պարտավոր խոնարհվել ու ապրել՝ սկսած ինձանից: Անկախ նրանից ես որդի եմ կորցրել, թե ոչ, խոնարհվում եմ այդ տղաների առջեւ, համբուրում նրանց մոր ձեռքերը: Ուզում եմ ծնողներին մի քիչ հանգիստ թողնեն, առանց այն էլ էդ մարդիկ ալեկոծված են»:
Հիշեցնենք, որ նախօրեին հերոսի հայրն ահազանգել էր, որ «Երևան» բժշկագիտական կենտրոնի «պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության» բաժանմունքի պատից հանվել էր որդու անունով վահանակը: Այսօր այդ հարցով նա հանդիպում է ունեցել կենտրոնի տնօրինության հետ:
Հերոսի հայրը նաեւ նկատեց, որ բոլորիս համար է ցավ, որ Արցախը ժամանակավորապես թողել ենք թշնամու դաշտում՝ հույսով, հավատով, որ վերադարձնելու ենք. «Տղաները այդ հույսով են պայքարել ու այդ հույսով են անմահացել, որ հետ ենք բերելու: Այն, ինչ ստեղծվել է մեր շուրջը, այս իրականությունը, որ տեսնում ենք, շատ բաներ գալիս են մեր գիտակցումից, որովհետեւ բոլորի մեջ, մեր ազգակցի մեջ թշնամի ենք փնտրում, փորձում ենք բոլորի վրա ցեխ շպրտել, հարցերը մեզ նպատակահարմար ձեւով լուծել, ինչը ճիշտ չէ: Եթե փորձենք սիրել, ըմբռնել միգուցե հարցին ավելի լավ լուծում ստանանք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ