Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի փաստմամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի չորրորդ դասակի գրեթե բոլոր ծառայողների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական կեղծիք կատարելու փաստերով։ Գործը քննվում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում։
Պատճառը, ըստ նրա, այն է, որ պարեկները ըստ ճաշակի՝ տուգանքներ են գրել քաղաքացիներին՝ առանց նրանց մեքենաները կանգնեցնելու, առանց նախազգուշացնելու ու խախտումներ հայտնաբերելու։
Կարապետ Պողոսյանի ասելով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը պարեկային ոստիկանության վրա պլան է դրած եղել, ըստ որի՝ յուրաքանչյուր պարեկ աշխատանքային օրվա 8 ժամվա ընթացում նվազագույնը 20 վարչական ակտ պիտի կազմի, ամենաքիչը 5000 դրամի սահմաններում։
Մի խումբ քաղաքացիներ անտեղյակ լինելով, որ իրենք տուգանվել են, ԴԱՀԿ-ից որպես օրինախախտի՝ նամակներ են ստացել ու դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Կարդացեք նաև
Կարապետ Պողոսյանի հաշվարկներով, պարեկները միայն Շիրակի մարզից մեկամսյա կտրվածքով 600 միլիոն դրամի տուգանք են «նկարել»։
Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա նորություն չէ, նախկինում ևս նման դեպքեր արձանագրվել են, մի քանի պարեկների քրեական պատասխանատվության ենթարկել են։ Սակայն, ըստ նրա, այժմ համատարած բնույթ է կրել, ու պարեկները իրենք են խոստովանել, որ իրենց «վերևից» ստիպել են վարչական ակտեր գրելու, պլան են դրել, որ օրական ամեն մեկը 20 ակտի պիտի կազմի, որոնցից 10 հատը ամրագոտի չկրելու, 5-ը ծխելու, 5-ն էլ հեռախոսը ձեռքին մեքենան վարելու համար։
«Իմ ընկերներից մեկի նկատմամբ վարչական ակտ էին կազմել, թե իբր ծխախոտը ձեռքին մեքենան վարել է։ Նա անակնկալի էր եկել, քանի որ ընդհանրապես չի ծխում, գնաց, հասավ Երևան, բողոքարկեց, բժշկական փաստաթղթերն էլ ներկայացրեց, ապացուցեց, որ ինքը ծխող չէ»,- ասաց Կարապետ Պողոսյանը։
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ, սա ՀՀ քաղաքացիներին թալանելու միջոց է։
«Հաշվարկ արեցինք, հասկացանք, որ խոսքը գնում է բավականին բարձր գումարների մասին։ Շիրակի մարզում պարեկային ծառայության գումարտակի 4-րդ դասակը փորձել է ծուլանալ ու շատ վարչական ակտեր ուղղակի գրել է ընթացքից․ մեքենան անցել է, պարեկը նայել է համարներին ու որոշել է, որ այդ համարանիշով մեքենայի վարորդը պետք է տուգանվի, ակտ պիտի կազմի ՝ առանց մեքենան կանգնեցնելու։
Ինձ դիմած անձինք ասացին, որ կոնկրետ 4-րդ դասակը ինչ-որ մի անձի միջոցով գտնվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներից մեկի հովանավորության ներքո։ Եվ դա է եղել պատճառը, որ գործել են այսպես ասած՝ ավելորդ հանգստությամբ։
Արդյունքում քաղաքացիները, ԴԱՀԿ-ից ստանալով ծանուցումներ, որ իրենց նկատմամբ կան գրանցված ակտեր, որոշ բալային համակարգի նվազում, դիմել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։
Սա հերթական անգամ ապացուցում է, որ ՀՀ պետական կառավարիչները գտել էին մի մեխանիզմ, որով հնարավորինս շատ կարողացել են մտնել ՀՀ քաղաքացու գրպանը։ Եթե նույնիսկ փորձենք շատ պարզ հաշվարկ անել, Շիրակի մարզում կա 200-ից ավել պարեկ, 8 ժամ մեկը մյուսին հերթափոխելով՝ աշխատել են, եթե յուրաքանչյուր ակտը հաշվարկենք 5 հազար դրամով, թեև երբեմն դրանք ավելի բարձր գին ունեն, ամսական մոտավորապես միայն 600 միլիոն դրամ Շիրակի մարզից թալանվել, տարվել, մտցվել է չգիտեմ ուր։ Եթե բյուջե մտներ այդքան գումարը, վստահ եմ՝ մենք սահմաններում ավելի լավ վիճակ կունենայինք․ ամենայն հավանականությամբ պարգևավճարներ են տվել»։
Կարապետ Պողոսյանի ենթադրմամբ, պարեկների նկատմամբ հարուցված քրեական վարույթն այսպես ասած «կկարեն», քաղաքացիներն էլ կզիջեն տուգանքներն ու կանցնեն առաջ՝ հանցագործությանը ոչ մի իրավական գնահատական չտալով։
Մանրամասները՝ տեսանյութում
Թեմայի շուրջ կփորձենք պարզաբանումներ ստանալ նաև ՀՀ Ներքին գործեր նախարարությունից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ