Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա հակառո՞ւս եմ, թե՞ արեւմտամետ». Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ եթե շատերի հետ վատ է, ուրեմն խնդիրն իր մեջ է, ոչ թե շատերի

Մարտ 06,2024 18:15

Այսօր լրագրողները Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հարցրեցին՝ ասում են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կապված է ձեր հանդիպումներով, որոնք տեղի են ունենում Արեւմուտքի բարձր ներկայացուցիչների հետ, այնտեղից պարտադրված օրակարգ եք բերում, հակառուս եք: Արմեն Գրիգորյանը ճշգրտեց. «Հիմա հակառո՞ւս եմ, թե՞ արեւմտամետ»:

Նա վստահեցրեց, որ Արեւմուտքից որեւէ պարտադրանք չկա. «Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի կողմից ոչ մեկը չի փչացրել: Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացել: Բայց եկեք ավելի մեծ պատկերի մեջ նայենք ու փորձենք հասկանալ՝ արդյոք ՌԴ-ն իր հարաբերությունները այլ երկրների հետ է՞լ է փչացրել: Բազմաթիվ Հայաստանի նման օրինակներ կան, միայն Հայաստանը չի: Եվ եթե մարդկային մակարդակի օրինակ բերեմ՝ եթե մեկը շատերի հետ վատ է, դա  շատերի խնդիրը չի, դա մի հոգու խնդիրն է: Ես չեմ հասկանում, որ ամեն անգամ Հայաստանին է պարտադրվում, որ Հայաստանի մեղավորությունն է, բայց միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք՝ այնպես չի, որ բոլորի հետ ՌԴ-ի հարաբերությունները լավ են:

Կարո՞ղ է մեր լրագրողները այս հարցադրումն ուղղեն ՌԴ-ին, ոչ թե ամեն անգամ մեղադրանքը մեր վրա վերցնենք ու լրագրողները փորձեն իշխանության վրա բարդեն, ՌԴ-ին այդ հարցադրումը կատարեք, ամեն չորեքշաբթի ԱԳՆ-ն այդպիսի բան է անում: Ինչ վերաբերում է նրան, որ մեզ փորձում են դեպի Արեւմուտք գնալու կամ Արեւմուտքին աջակցելու մեղադրանքներ ներկայացնել, Արեւմուտքին այս պահին ամենաուժեղացնող գործոնը Ուկրաինայի պատերազմն է, դրա արդյունքում ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, առնվազն Ֆինլանդիան, Շվեդիան մտել են: ԵՄ-ն Ուկրաինայի պատերազմից հետո միահամուռ է:

ԱՄՆ ռազմական արդյունաբերությունը զարգանում է շատ ինտենսիվ, նաեւ այդ պատերազմի պատճառով: Հիմա կարող ենք հարց տալ՝ էդ մե՞նք ենք Արեւմուտքին ուժեղացնում, թե՞ այն մարդիկ, որոնք որոշել են այդ պատերազմն իրականացնել եւ այդ պատերազմի արդյունքում Արեւմուտքը շատ ուժեղացել է: Պետք է արեւմտամետներ գտնել ուրիշ տեղ՝ Հայաստանից դուրս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031