Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում եթե Ռուսաստանը որոշում էր մեզ ռազմամթերք չմատակարարել, մենք կոլապսի առաջ էինք կանգնում, հիմա մենք ունենք 4 այլընտրանք». Արմեն Գրիգորյան

Մարտ 06,2024 17:58

«Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացման քաղաքականություն: Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, օրինակ` ՌԴ-ից 96%-ից իջել է 10%-ից էլ ցածր: Սա նշանակում է, որ ՀՀ-ն իրականացնում է դիվերսիֆիկացիա, ՀՀ-ն գործընկերներ է ձեռք բերում ոչ միայն Արեւմուտքում, այլ նաեւ Ասիայում, Հնդկաստանում, տարբեր ուղղություններով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հավելեց, որ Արաբական էմիրությունների հետ արտաքին առեւտրաշրջանառությունը հասել է 16%-ի. «Անցած հունվարին եղել է 4%, սա նշանակում է, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, ՀՀ-ն է՛ւ անվտանգության, ե՛ւ տնտեսության ոլորտում իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն: Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, լավ հարաբերություններ ունի Արեւմուտքի հետ, փորձում է լավ հարաբերություններ կառուցել բոլոր հարեւանների հետ՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ, սա է մեր օրակարգը: Ամեն ինչ հստակ է»:

Հարցին՝ քանի որ մենք տնտեսապես կախված ենք ՌԴ-ից, մտավախություն չկա՞, որ կորուստներ կունենանք, արդեն իսկ խոսվում է, որ հնարավոր է Լարսում սահմանափակումներ լինեն ու ՀՀ տնտեսությունը կոլապսի առջեւ կանգնի՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ երկարաժամկետ կտրվածքով նման խնդիրներ չունենալու համար է Հայաստանը գնում տնտեսության դիվերսիֆիկացման ու փորձում է նոր գործընկերներ գտնել. «Որոշ տեղերում հաջողություններ ունենք, որոշ տեղերում դեռեւս չունենք: Բնականաբար Հայաստանը հասկանում է, որ ձեր նշած խնդիրները հնարավոր են, այդ խնդիրները լուծման նպատակով էլ դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը»:

Հարցին՝ ՌԴ-ից կոշտ հայտարարություններ են հնչում, Լավրովն ասում է, որ ցավում է ՀՀ-ն ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհն է ընտրել, մտավախություն չունե՞ք, որ սա անվտանգային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, Ադրբեջանն ու Թուրքիան էլ կարող են օգտվել առիթից՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Եկեք հարցին մի այլ տեսանկյունից նայենք՝ մենք առնվազն մինչեւ 2021-ի դեկտեմբերը մեր անվտանգության բոլոր երաշխիքները փոխկապակցել ենք ՌԴ-ի հետ, նույնիսկ կարող ենք ասել 100% եւ մենք ունեցել ենք Ադրբեջանի 3 հարձակում առնվազն, ՀՀ տարածքի օկուպացիա, բազմաթիվ այլ խնդիրներ, հիմա այս խնդիրների պայմաններում Հայաստա՞նն է մեղավոր, որ ՀՀ-ի վրա հարձակվել են, պարզապես Հայաստանին իր դաշնակիցները չեն օգնել, երբ անվտանգության սպառնալիքի առաջ է կանգնել: Հայաստանը, հաշվի առնելով սա, սկսել է անվտանգության նոր երաշխիքներ փնտրել»:

ԱԽՔ-ն ասաց, որ եթե մեր ռազմատեխնիկական մատակարարը ոչ թե մի երկիր լինի, այլ 5 գործընկեր ունենանք, մեր կախվածությունը մի երկրից չի լինի. «Նախկինում եթե մի երկիր, կոնկրետ Ռուսաստանը որոշում էր մեզ ռազմամթերք չմատակարարել, մենք կոլապսի առաջ էինք կանգնում, հիմա եթե այդպիսի մի երկիր լինի, մենք ունենք 4 այլընտրանք, ինչպես նաեւ Հայաստանում արտադրություն, այդպես մեր խնդիրը լուծելու ենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ներքին Հանդից ռուս սահմանապահների հեռացման հարց դրվա՞ծ է ու ճի՞շտ է, որ նրանք խոչընդոտել են ԵՄ դիտորդներին՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ իսկապես այդպիսի խոչընդոտում եղել է, ինչ վերաբերում է նրանց հեռացմանը, այդպիսի հարց այսօր չի քննարկվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031