Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա լրիվ հեքիաթ է՝ հորինված մի հատ պղծվածքի կողմից»․ Պեմզաշենի սպանության գործով դատական նիստն անցավ թեժ մթնոլորտում

Մարտ 06,2024 18:07

Ինչպես տեղեկացրել էինք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանության գործով դատավարությունը։

Վրույր Բարսեղյանը

Սպանության մեջ մեղադրվում են երկու համագյուղացիներ՝ Վրույր Բարսեղյանը ու նրա ազգական Արկադի Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ այս սպանությունը կատարվել էր առանձնակի դաժանությամբ՝ 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով։

Հանրային մեղադրողն այսօրվա նիստում ներկայացրեց մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքը։ Նա ասաց, որ Վրույր Բարսեղյանը Արկադի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով բռնություն գործադրելով եւ բնակարան ապօրինի մուտք գործելով, կատարել է հափշտակություն ու ավազակություն։

«Իրենց կողմից ավազակությունը, այլ հանցանքը թաքցնելու, ինչպես նաեւ Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, շահադիտական նպատակով եւ առանձին դաժանությամբ սպանել, ապօրինաբար կյանքից զրկել են Զարինե Մելիքսեթյանին։ Արկադի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը եւ Զարինե Մելիքսեթյանի սպանությունը թաքցնելու նպատակով Արկադի Բարսեղյանի հետ խմբով, առանձնակի դաժանությամբ սպանել, ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող անչափահասներ 8-ամյա Սարգիս Մելիքսեթյանին եւ 11-ամյա Կարինե Մելիքսեթյանին։ Նախքան Կարինե Մելիքսեթյանին կյանքի ապօրինաբար զրկելը, Վրույր Բարսեղյանը սեռական հարաբերություն է ունեցել 12 տարին չլրացած 11 տարեկան Կարինե Մելիքսեթյանի հետ»,- ասաց դատախազը։

Հանրային մեղադրողը նշեց, որ Վրույր Բարսեղյանին մեղսագրվում է ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարում։ Բացի այդ, Վրույր Բարսեղյանը առանձին դաժանությամբ սպանել է նաեւ անչափահաս Սարգիս Մելիքսեթյանին։ Այսինքն՝ Վրույր Բարսեղյանին մեղսագրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարում։

Անչափահաս Կարինե Մելիքսեթյանին սպանելուց առաջ Վրույր Բարսեղյանը նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել։ Նրան մեղսագրվում է նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքի 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի կատարում։ Վրույր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ Կարինե Մելիքսեթյանին առանձին դաժանությամբ սպանելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ սեւ 13-րդ մասով։

Հանրային մեղադրողը նշեց, որ Արկադի Բարսեղյանը եւ Վրույր Բարսեղյանը Զարինե Մելիքսեթյանին, ընդհանուր առմամբ, դանակի 11 հարված են հասցրել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զարինե Մելիքսեթյանի տնից հափշտակել են 940 հազար դրամ արժողությամբ ոսկյա իրեր, ինչպես նաեւ գումար։ Արկադի Բարսեղյանին մեղսագրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ եւ 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքների կատարում։

Դատախազի ելույթից հետո մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանը հայտարարեց, որ նրան առաջադրված մեղադրանքը մերկապարանոց է ու անհիմն։

Արկադի Բարսեղյանը

Արկադի Բարսեղյանը հայտարարեց. «Ես կապ չունեմ էս գործի հետ, ոչ էլ էդ մարդկանց եմ տեսել, ես «վաբշե» կապ չունեմ գործի հետ»։

Վրույր Բարսեղյանն էլ ասաց. «Սպանությունների հետ գործ չունեմ, բայց բռնաբարության հետ գործ ունեմ։ Եթե ես չբռնաբարեի, Զարինե Մելիքսեթյանի օրը կընկնեի։ Ես չեմ իմացել՝ իրենց տունը ով կա, ինչքան գումար կա»։ Նա նաեւ ասաց, որ միշտ Արկադի Բարսեղյանը եւ նրա եղբայրը միշտ իրեն ճնշել ու ծեծել են։ «Եթե հնարավոր է, թող պարոն դատախազն ինձ կանչի հանդիպման, շատ բան ունեմ պատմելու ապացույցներով, հիմա չեմ կարող պատմել»,- ասաց Վրույր Բարսեղյանը։

Դատախազն առաջարկեց, որ նիստից հետո դատավորը հնարավորություն տա Վրույր Բարսեղյանին՝ դատարանին դիմում հասցեագրել՝ ուղղված դատախազությանը։

Արկադի Բարսեղյանը տեղից արձագանքում էր։ «Խնդրում եմ՝ կարգ ու կանոնը պահպանեք, հանկարծ ոչ մի ավելորդություն այս նիստի ժամանակ չլինի»,- նախազգուշացրեց դատավորը։ Արկադի Բարսեղյանի պաշտպանն ասաց, որ Վրույր Բարսեղյանը ազատ է դատական նիստի ընթացքում արտահայտելու իր խոսքն ու կամքը։ «Պարտավոր է դատարանում արտահայտվել, որպեսզի բոլորիս պարզ լինի, թե ինչ նոր ապացույցներ կան, ոչ թե թաքուն բան ասի հանրային մեղադրողին»,- նշեց փաստաբանը։

Վրույր Բարսեղյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել, որ արգելվի լրատվամիջոցների եւ դատական նիստի դահլիճում գտնվող անձանց կողմից դատական նիստը տեսանկարահանելն ու ձայնագրելը։ Արկադի Բարսեղյանն ասաց․ «Ես ուզում եմ, որ սկզբից մինչեւ վերջ նկարահանվի՝ մանրամասն։ Ինձ խայտառակ են արել սաղ աշխարհի դեմը, եւ ուզում եմ, որ մանրամասն սկզբից մինչեւ վերջ տեսնեն, բոլորին պարզ լինի, որ ես ոչ մի կապ չունեմ այս ամենի հետ։ Սա լրիվ հեքիաթ է՝ հորինված մի հատ պղծվածքի կողմից»,- ասաց Արկադի Բարսեղյանը՝ նկատի ունենալով Վրույր Բարսեղյանին։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բարկացավ․ «Ես երեւի հայերեն չեմ ասո՞ւմ, ասացի՝ հարգեք մեկդ մյուսին, ավելորդ բառեր ու նախադասություններ չլինեն»։ «Ես ինչ բառ ասում եմ, իրեն հասանելի բառ է, ավելորդ բառեր չեմ ասում»,- արձագանքեց Արկադի Բարսեղյանը։ Դատավորը սպառնաց, որ եթե այսպես շարունակվի սանկցիաներ կկիրառի։ Արկադի Բարսեղյանի պաշտպանական թիմը հայտարարեց, որ կողմ է լրատվամիջոցների կողմից նիստի հեռարձակմանը։

Հանրային մեղադրողն ասաց, որ իրավական առումով օբյեկտիվ միջնորդություն է, բայց «Ես եւս ցանկություն ունեմ, որ հրապարակային տեղի ունենան այս դատական լսումները, որպեսզի բոլորին հասկանալի ու տեսանելի լինի, թե ինչ ապացույցներ են ձեռք բերվել»։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց Վրույր Բարսեղյանի փաստաբանի միջնորդությունը բավարարել ու դադարեցնել նիստի հեռարձակումը, տեսանկարահանումն ու ձայնագրությունը, նիստի մի մասն անցկացվեց դռնփակ։ Հիմնավորումն այն էր, որ վկաները նախապես չպետք է իմանան, թե ով ինչ է խոսել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031