Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը Պեսկովին սուտ է հանում. Ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու մասին «Հայաստանը ՌԴ-ին տեղյակ պահել է պաշտոնական նամակով»

Մարտ 06,2024 17:27

ՀԱՊԿ-ի հետ կապված կա՞ դիրքորոշում` մնո՞ւմ ենք, չե՞նք մնում՝ այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «ՀԱՊԿ-ի հետ մեր դիրքորոշումը երկար ժամանակ է՝ հայտնում ենք, ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը ճանաչի իր պատասխանատվության սահմանը, դա է՝ մեր տարածաշրջանում ՀՀ-ի 29.800 քկմ տարածքը, ինչպես նաեւ սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ, Իրանի հետ եւ Թուրքիայի հետ: Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, այս խնդիրը մնում է օդում»:

Հարցին՝ հիմա սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ են ընթանում, սահմանը դեռ հստակ չէ, Ադրբեջանը 200 քկմ տարածք օկուպացրել է, եթե այս վիճակն է, ո՞նց գնահատեն՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Մենք ինչպե՞ս ենք իմանում, որ Ադրբեջանն օկուպացրել է ձեր նշած տարածքը, որովհետեւ սահման գոյություն ունի Ալմա Աթայի հռչակագրով, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ադմինիստրատիվ սահմանը, որը գոյություն է ունեցել ԽՍՀՄ ժամանակաշրջանում, անկախություն հռչակելուց հետո դարձել է միջպետական սահման, այդ սահմանը գոյություն ունի, մենք պետք է գնանք, վերարտադրենք այդ սահմանը: ՀԱՊԿ-ը ո՞ւմ գործընկերն է ըստ ձեզ, ո՞վ է ՀԱՊԿ դաշինքի անդամ այս պահին: Միանշանակ է, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ ու ՀԱՊԿ-ը պետք է հասցեագրի այս հարցը»:

Հարցին՝ Հայաստանը քննարկո՞ւմ է առաջիկայում ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանը քննարկում է տարբեր հարցեր, օրակարգում տարբեր հարցեր կան ու մենք շարունակելու ենք գոյությունն ունեցող բոլոր ուղղությունները եւ հարցերը քննարկել»:

Հարցին՝ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոցից» դուրս գալու հարցը քննարկվե՞լ է, որովհետեւ քիչ առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՀՀ-ի կողմից հստակ կողմնորոշում չկա, եթե նման հարց լինի, ի՞նչ իրավական հիմքով ու ի՞նչ ընթացակարգերով են նրանք այնտեղից դուրս գալու՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին տեղյակ պահել է պաշտոնական նամակով: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունը պետք է իրականացնի ՀՀ սահմանապահ զորքերը»:

Թե ինչու նման անհրաժեշտություն առաջացավ՝ Գրիգորյանը պատասխանեց. «Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում եւ այս պահին ՀՀ-ն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031