«Այն, ինչ իրենք անում են, խայտառակություն է, ՀՀ անվտանգությունը եւս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ Հայաստանը բոլոր կողմերից հարվածներ է ստանում: Թշնամացնել դաշնակցին, եղած անվտանգության համակարգը աշխատացնելուն ուղղված դաշնակցային մոտեցումը փոխարինել թշնամական մոտեցումով եւ առհասարակ զրոյացնել ՀՀ անվտանգային համակարգերը, սա նշանակում է՝ այդ մարդիկ ցույց են տալիս, որ ոչ միայն բացարձակ կապ չունեն պետական կառավարման հետ, ոնց որ թե կապ չունեն հայ ժողովրդի անվտանգության նվազագույն երաշխիք ստեղծելու հետ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Հարցին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանից պահանջել է կոնկրետ դիրքորոշում արտահայտել որ ուղղությամբ են գնում, Հայաստանը ո՞ր ուղղությունն է հայտնելու՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես Լավրովի խոսքերը մեկնաբանելու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ էլ ձգտում, առավել եւս, որ նա սխալ հայտարարությունների հեղինակ է, այդ թվում՝ Արցախի հետ կապված՝ կիրառելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, կամ առաջ ընկնելով, կամ կրկնելով: Բայց պարզից էլ պարզ է, որ ՀՀ-ն ունի միջազգային պարտավորություններ, որոնք ամրագրված են»:
Դիտարկմանը, որ հարցն այսպես են դնում՝ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեզ հետ չեք՝ Մինասյանը պատասխանեց, որ այդպիսի հարցադրումներ չեն կարող դնել. «Հայաստանը չի կարող այս տարածաշրջանում անտեսել Ռուսաստանի դերակատարությունը: ՌԴ-ն, որը տարածաշրջանում անվտանգության, նաեւ միջազգային հիմնական խաղացողներից մեկն է, չի կարող անտեսվել մեր կողմից: Սա նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ բացել նոր արհավիրքների համար՝ ոչնչացնել Հայաստանը: Ոչ թե Լավրովի ասած ուլտիմատումի լեզվով եմ ուզում արձագանքել, այլ ինքն էլ իրավունք չունի ուլտիմատում դնել, հակառակը, նա ինքն էլ պիտի հասկանա, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները ոչ մի անձի հետ պայմանավորված չեն: Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը իշխանության են, թե իշխանության չեն, ո՞նց կարող է հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնի Նիկոլ Փաշինյանից, սա նաեւ ՌԴ-ի համար ճիշտ մոտեցում չի: Ի՞նչ է նշանակում կողմնորոշվեք հիմա կա՛մ կա՛մ»:
Անդրադառնալով մեր իշխանություններին՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Այս իշխանությունները օտարի օրակարգով ապրող են, սեփական աթոռը պահելու, նեղ խմբի բարիքներից օգտվելու նպատակադրում ունեն: Հայ ժողովրդի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ առանձին իշխաններ փորձել են հաճոյանալ, հպատակվել, ստրկանալ թշնամուն, որպեսզի պահեն իրենց իշխանությունը, իրենց շրջապատը վայելքների մեջ ապրի: Բայց տեսել ենք այդպիսի իշխանների վերջն ինչ է լինում՝ կա՛մ հայտնվել են պատմության աղբարկղում, կա՛մ չունեն գերեզմաններ, կա՛մ եղած գերեզմաններն էլ անարգվում են»:
Կարդացեք նաև
Լրագրողները փոխանցեցին, որ երեկ Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանն ասում էին, որ պետք է համախմբվել իշխանության շուրջ, քանի որ հետո լուրջ մարտահրավերների առաջ կկանգնենք՝ Արծվիկ Մինասյանը արձագանքեց, որ իշխանափոխությունից հետո, նաեւ 2020-ի պատերազմի հենց առաջին օրը փորձել են համախմբվել, բայց ստացել են ուրացում, կործանում. «Հետեւաբար, այս իշխանությունն իր ապիկարությամբ, դավաճանությամբ հայ ժողովրդի շահերը չի սպասարկում, հետեւաբար համախմբվես ո՞ւմ շուրջ, օտարի, թշնամու օրակարգը սպասարկող խմբի շո՞ւրջ, որ վերջնականապես կործանե՞ն այս երկիրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ