Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայում բացառիկ համերգներ են կայացել՝ Սէրուժ Գրաճեանի, Աստղիկ Սիրանոսյանի եւ Նարեկ Կազազյանի մասնակցությամբ

Մարտ 06,2024 15:24

Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի հետ սերտ համագործակցությամբ Օտտավայում՝ Կանադայի ազգային պատկերասրահի դահլիճում փետրվարի 14-ին կայացել է հայ ազգային երաժշտության բացառիկ համերգ՝ դաշնակահար, կոմպոզիտոր, «Գրեմմի» մրցանակի առաջադրված Սէրուժ Գրաճեանի (Տորոնտո), թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի եւ քանոնահար Նարեկ Կազազյանի (Վանաձոր) մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էր ինչպես Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, այնպես էլ Կանադայում հավատարմագրված մի քանի տասնյակ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Կանադայի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ:

Սէրուժ Գրաճեանի, Աստղիկ Սիրանոսյանի եւ Նարեկ Կազազյանի մասնակցությամբ երկրորդ համերգն էլ կայացել էր փետրվարի 17-ին՝ Տորոնտոյում, կրկին Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ էր եւ ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի հետ սերտ համագործակցությամբ: Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը գրառում էր կատարել X-ի իր էջում իր երախտագիտությունը հայտնելով հայկական երաժշտությունը հավուր պատշաճի ներկայացրած տաղանդաշատ երաժիշտներին:

Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Կազազյանը նշեց, որ այդ նախագիծը պետք է իրականացվեր քովիդից առաջ, երբ Անահիտ Հարությունյանը դեռեւս Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր: «Մենք մի անգամ առիթ ենք ունեցել նվագելու երկրաշարժի 30–րդ տարելիցին նվիրված համերգին: Երբ քովիդի հետ կապված սահմանափակումներն ավարտվեցին, 2024թ փետրվարին կայացան մեր համերգները Օտտավայում եւ Տորոնտոյում: Ես եւ Աստղիկ Սիրանոսյանը առաջին անգամ էինք նվագում Սէրուժ Գրաճեանի հետ, իսկ մինչ այդ բազմիցս երկուսով հանդես ենք եկել տարբեր նախագծերում: Այնպես որ, յուրահատուկ տրիո ստեղծվեց: Երկու համերգներն էլ փայլուն անցան: Առաջին համերգի ունկնդիրը հիմնականում արտասահմանցիներից էր բաղկացած: Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը բարձր մակարդակով էր ամեն բան կազմակերպել, Կանադայում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանները ներկա էին մեր համերգին: Ինչ վերաբերում է ծրագրին, փորձեցինք անդրադառնալ միջնադարից մինչեւ մերօրյա կոմպոզիտորների, որպեսզի լիարժեք ձեւով ներկայացնենք հայկական երաժշտությունը»,-ասաց Նարեկ Կազազյանը: Քանոնահարի խոսքով, քանի որ տարին հոբելյանական էր, նաեւ Խաչատրյանի ստեղծագործություններից ու Ազնավուրի երգերից էին ընդգրկված ծրագրում:

Սէրուժ Գրաճեանն Aravot.am-ի հետ զրույցում խոսելով առաջին համերգի մասին՝ նշեց, որ ավելի քան 500 հոգանոց հանդիսատեսի մեծ մասը օտարերկրյա դեսպաններ էին, Կանադայի խորհրդարանի ու կառավարության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Դաշնակահարի ձեւակերպմամբ, լավագույնս ներկայացվեց հայկական երաժշտությունը՝ Նարեկացուց ու Շնորհալու Շարականներից մինչեւ Բաբաջանյան, Խաչատրյան, ազգային ժողովրդական երաժշտություն, իսկ Տորոնտոյում կայացած համերգին ուրույն «համուհոտ» են տվել Ազնավուրի երգերը, որոնք ուղեկցվել են հանդիսատեսի ծափերով: Դաշնակահարն անմոռանալի է համարում այդ երեկոն:

Հարցրինք՝ հնարավո՞ր է, որ երեքով՝ ինքը, Աստղիկ Սիրանոսյանը եւ Նարեկ Կազազյանը կրկին երբեւէ նախագծում միասին հանդես գան: Երաժիշտն ասաց, որ համերգների հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է եղել, եւ ինչ-ինչ գաղափարներ կան, որոնք առայժմ ձեռնպահ կմնա մանրամասնելուց: Նաեւ տեղեկացրեց, որ հունիսին Երեւանում կկայանա իր «Դաշնամուրային ֆանտազիա» խորագրով յուրահատուկ համերգը:

Վիրտուոզ երաժիշտը նաեւ դրվատանքի խոսքեր հնչեցրեց Կանադայում ՀՀ դեսպանի հասցեին. «Անահիտ Հարությունյանը շատ լավ է ներկայացնում Հայաստանը Կանադայում: Ես տեսա բոլոր երկրների դեսպանների հարգանքը իր հանդեպ: Իսկ երբ հարգանք ունես անձի հանդեպ, ինքնաբերաբար հարգանք կունենաս նաեւ երկրի հանդեպ: Ոսկու նման մի բան է նման ներկայացուցիչ ունենալը այնպիսի կարեւոր երկրում, ինչպիսին Կանադան է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նորարարության եւ երեւանյան գալիք համերգի մասին Սէրուժ Գրաճեանի հարցազրույցը՝ հաջորդիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031