Լրահոս
Օրվա լրահոսը

Դաղստանցի գիտնականն առաջին տեղն է զբաղեցրել Ն. Մառի անվան հայագիտական միջազգային մրցույթում

Մարտ 06,2024 14:08

«2022թ Երեւանի Ռուսական տունը եւ Ռուս-հայկական Սլավոնական համալսարանի արեւելագիտության ինստիտուտը մեկնարկել են Նիկողայոս Մառի անվան հայագիտական միջազգային մրցույթը: Մառը մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանում հայագիտության զարգացման գործում՝ հատուկ կարգավիճակ տալով հայագիտությանը՝ արեւելագիտական այլ գիտությունների շարքում: Մենք շատ ուրախ ենք, որ այս մրցույթը դարձել է ամենամյա»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայերենով նշեց Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեեւան:

Եկատերինա Անդրեեւա

Նա մասնագիտությամբ հայագետ է, ավարտել է Ռուս-Հայկական համալսարանի մագիստրատուրան:

Նշենք, որ Մառի անվան հայագիտական մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանից դուրս բնակվող հայագետ հետազոտողները՝ ներկայացնելով ռուսերենով բնօրինակ գիտական աշխատություններ, որոնք դեռեւս ձեռագիր վիճակում են կամ հրապարակվել են վերջին երեք տարվա ընթացքում:

Գառնիկ Ասատրյան

Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը տեղեկացրեց, որ սա Ն. Մառի անվան հայագիտական երկրորդ մրցույթի լավագույն աշխատանքների արդյունքների ամփոփումն է, իսկ մրցույթը կայացել է մարտի մեկին:

Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց, որ մրցույթի բացարձակ հաղթողն է ճանաչվել Շախբան Խապիզովը Մախաչկալայից: «Հետաքրքիր է, որ առաջին տեղը զբաղեցրել է դաղստանցի գիտնականը, նա տաղանդավոր երիտասարդ գիտնական է, հրաշալի գիտի հայկական, արաբական արմատները, աշխատում է կովկասագիտության ոլորտում, նաեւ հայագիտության ոլորտ է թափանցում»,-ասաց Ասատրյանը:

Դաղստանցի գիտնականը կպարգեւատրվի Մառի անվան մրցույթի ոսկե մեդալով, իսկ նրա «Город Варачан и царство хонов на Восточном Кавказе в свете армянских источников» աշխատանքը կհրապարակվի:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Անդրեյ Դոնչենկոյի աշխատանքը՝ Վլադիկավկազից, որի վերնագիրն է՝ «Наша Осетия. Эребуни. К 30-летию общественной армянской национально-культурной организации РСО-Алания», իսկ երրորդ տեղում է Սմոլենսկի երիտասարդ հետազոտողների «Армянский текст в русской литературе» խորագրով ժողովածուն: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրածները կպարգեւատրվեն համապատասխանաբար արծաթե եւ բրոնզե մեդալներով:

Եկատերինա Անդրեեւան հայտնեց, որ բազմաթիվ աշխատանքներ էին ստացվել, եւ հաղթողները բծախնդրությամբ են ընտրվել: Նրանք մայիսի 30-ին կժամանեն Երեւան ոչ միայն մասնակցելու պարգեւատրման արարողությանը, այլեւ կծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերին Ասուլիսի ժամանակ նաեւ հայտարարվեց հաջորդ մրցույթի մեկնարկի մասին, որը կկայանա 2025թ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Շախբան Խապիզովի լուսանկարը՝ instituteofhistory.ru-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031