Մարտի 4-ին օրվա վերջին ստացած հեռախոսազանգը զարմացրեց կապանցի եռացատկորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Բալկանյան խաղերի յոթակի չեմպիոն, Ռիոյի եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Լեւոն Աղասյանին։ «Սյունիքի մարզպետի օգնականը տեղեկացրեց, որ մարզպետը ուզում է հանդիպի ինձ հետ։ Զարմացա, քանի որ վերջին առաջնությունում երկրորդ տեղ եմ գրավել, ինձ համար, օրինակ, այդ արդյունքը գոհացուցիչ չի»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լեւոն Աղասյանը։
Իսկ արդեն հանդիպմանը՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ հանդիպումը վաղուց էր ծրագրված, բայց ամեն անգամ ինչ-որ պատճառով հետաձգվում էր։
Նախ հյուրասիրություն՝ սուրճ, քաղցրավենիք, միրգ․ չեմպիոնը «համեստ» է այս հարցում․ լավ մարզավիճակ ունենալու համար պիտի զսպես քեզ ու սնվես ճիշտ սննդակարգով։
Կարդացեք նաև
Մարզպետը Լեւոն Աղասյանին շնորհավորեց բազում հաղթանակների ու Հայաստանը տարբեր մրցաշարերում պատվով ներկայացնելու համար, որից հետո անդրադարձան չեմպիոնի մարզական ձեռքբերումների, Հայաստանում, մասնավորապես Սյունիքում թեթեւ աթլետիկայի զարգացման հնարավորությունների, դրան խոչընդոտող հանգամանքների մասին։
Լ․Աղասյանը պատմել է իր մարզվելու պայմանների, նաեւ զարգացած սպորտ ունենալու տեսլականի մասին, ներկայացրել առաջարկներ։
Ռոբերտ Ղուկասյանը հետաքրքրվելով՝ առաջիկա մրցաշարերին ներկայանալու, ինչպես նաեւ 2024-ի Օլիմպիական ամառային խաղերին մասնակցելու վարկանիշի ապահովման գործընթացով՝ հավաստիացրեց Լեւոնին, որ մարզային իշխանությունը չեմպիոնի կողքին է ու պատրաստակամ՝ անհրաժեշտության դեպքում աջակցել։
Եռացատկորդը խոսել է սպորտից դուրս իր երազանքների ու հոբբիի մասին եւս։
Հիշեցնենք, որ Լեւոն Աղասյանը զբաղվում է կաշվե իրերի արտադրությամբ՝ դրամապանակներ, քարտադարաններ ու արդեն գոտիներ է կարում։ Նա հիմնել է «Աղասյան» ապրանքանիշը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ