Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես Գեղամ Նազարյանին հրավիրեմ ճաշի, հաշիվը վճարեմ ես, դա ընդունելի՞ նվեր է». Վլադիմիր Վարդանյանը մտահոգված է՝ Մարտի 8-ին նվեր տա, կրակը կընկնի

Մարտ 06,2024 13:50

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը ներկայացրեց, որ նախագծով կարգավորվում են հանրային ծառայողների եւ հանրային ծառայություն ստանձնած պաշտոնյաների կողմից նվերների տնօրինման իրավահարաբերությունները:

Կարեն Կարապետյան

Փոխնախարարն ասաց, թե սահմանվում է, որ ՀՀ սեփականությունը դարձած թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը կարող են հաշվագրվել ազգային պահոցում: Նաեւ սահմանվում է, որ պետական սեփականություն դարձող նվերները տնօրինելու է Պետգույքի կառավարման կոմիտեն, իսկ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետերի, նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ստացած արարողակարգային նվերների տնօրինման վերաբերյալ եզրակացություն է տալու Պետական արարողակարգային ծառայությունը, որը ռեեստրում հաշվառելու է այդ նվերները:

Ալխաս Ղազարյան

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը հավելեց, որ դատավորները կարող են ընդունել միայն հետեւյալ նվերները՝ պետական կամ պաշտոնական այցերի, աշխատանքային այցերի կամ գործուղումների ժամանակ տրվող նվերները, հյուրասիրությունը, կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը, եթե այն տրվել է մրցույթի արդյունքով մյուս դիմորդների նկատմամբ հավասար պայմաններում ու նույն չափանիշներով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող դրամաշնորհը, որպես պետական պարգեւ տրամադրվող գույքը:

Գեղամ Նազարյան

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց. «Օրինակ, եթե ես պարոն Նազարյանին հրավիրեմ ճաշի, կամ պարոն Մկրտչյանին հրավիրեմ, հաշիվը վճարեմ ես, դա ընդունելի՞ նվեր է մեր կանոնակարգի համաձայն, թե՞ ոչ»: Ալխաս Ղազարյանը պատասխանեց, որ եթե 60 հազար դրամը գերազանցում է, ընդունելի չէ:

Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանը ճշտեց. «Առջեւում, օրինակ՝ Մարտի 8 է, արդյոք սա նորմա՞լ է: Մենք մեծ բաց ունենք: Եթե ինձ բիզնեսմեն հրավիրի ճաշի ու հաշիվը փակի, ի պաշտոնե այստեղ կարող են լինել խնդիրներ, հասկանում ենք, ընդունելի չէ: Բայց մենք իրար հետ ճաշում ենք պատգամավորներով պարբերաբար: Երկրորդը՝ եթե օրինակ Մարտի 8-ին ծաղիկ բերենք, արդյոք սա ընդունելի՞ նվեր կդիտարկվի, թե՞ ոչ»:

Ալխաս Ղազարյանը պատասխանեց. «Եթե դուք ինձ որպես պատգամավոր եք ճաշի հրավիրելու ու 60 հազարը գերազանցելու է հաշիվը, ապա այդ դեպքում թույլատրելի չէ»:

Վլադիմիր Վարդանյանը, դիմելով կառավարության ներկայացուցիչներին, ասաց՝ ես ձեզ սուրճ էլ չեմ կարող հյուրասիրել, եթե մենք չշտկենք օրենքը այս մասով, ունենալու ենք լուրջ խնդիրներ. «Ես սուրճ խմելու կամ սուրճ հյուրասիրելու առաջարկությունից չեմ ուզում զրկվել»: Հետո նա հայտարարեց. «Չգիտեմ, օրենքը կխախտեմ, թե չէ, բայց Մարտի 8-ին հաստատ շնորհավորելու եմ, ժողովուրդ ջան»:

Փոխնախարարը պատասխանեց, որ Մարտի 8-ի նվերներ անելիս պատգամավորը կաշկանդված կարող է չլինել՝ հաշվի առնելով սիմվոլիզմը եւ վստահ լինելով, որ դրանք չեն հետապնդելու նպատակ ազդեցություն գործել գործընկերների վրա. «Կներեք, որ ձեզ կրակը գցեցի, պարոն Վարդանյան»,- կատակեց նա:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031