Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախկին պաշտոնյայի եղբայրը, որը մեղադրվում էր տարեց կնոջ սպանության մեջ, մահացել է. նա շուրջ 4 տարի կալանքի տակ է եղել «Փաստինֆո»

Մարտ 06,2024 14:20

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ Գարիկ Մաշադյանը, որը մեղադրվում է տարեց կնոջ սպանության մեջ, նախօրեին մահացել է։

Հիշեցնենք, որ տարեց կնոջ՝ Ցողիկ Բադիկյանի, սպանությունը տեղի է ունեցել 2019թ հոկտեմբերին՝ սեփական տանը, որտեղից հափշտակել են ոսկյա զարդեր։ Քրեական գործն ի սկզբանե հարուցվել էր ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության հատկանիշներով, սակայն այժմ Մաշադյանը մեղադրվում է միայն սպանության հատկանիշներով՝ առանց հափշտակության նպատակի։ Մաշադյանի արարքը նախաքննության ընթացքում վերաորակվել էր, մեղմացվել՝ բացառապես իր ցուցմունքի հիման վրա. Ըստ առաջ քաշված վարկածի՝ սպանության դրդապատճառն այն էր, որ ամիսներ առաջ Մաշադյանը ոսկյա խաչ էր գրավադրել Ցողիկ Բադիկյանի մոտ, իսկ դեպքի օրը մոտեցել է տուժողին՝ վերադարձնելու ոսկյա խաչը, սակայն վերջինս նշել է, որ ոսկյա խաչն այլևս չկա և այդ հիմքում իբրև կենցաղային հողի վրա տեղի էր ունեցել սպանությունը։ Տուժող կողմը, սակայն, արարքի մեղմացման հետ համաձայն չէ, պնդում է՝ գործ ունենք գույքի հափշտակության նպատակով ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության հետ, ընդ որում, առանձնակի դաժանությամբ, քանի որ Ցողիկ Բադիկյանին հասցվել է դանակի՝ ավելի քան երեք տասնյակ հարված, իսկ վերջում՝ կտրել են պարանոցը։ Քրեական գործը շուրջ երեք տարի եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում, սակայն դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են՝ պայմանավորված Մաշադյանի՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվելու հանգամանքով։

Քրեական գործը գտնվում էր ավարտական փուլում, ամիսներ առաջ Գարիկ Մաշադյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել՝ պարզելու նրա առողջական վիճակը, արդյո՞ք նա ենթակա է եղել «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվելու, թե՝ ոչ, սակայն, ինչպես հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները՝ փորձաքննությունն, ըստ էության, չէր էլ իրականացվում և չի բացառվում, որ եթե ժամանակին այդ փորձաքննությունը կատարվեր, ապա հնարավոր է, որ Մաշադյանը չմահանար։

«Փաստինֆո»-ն պաշտոնապես մեկնաբանություն ստանալու համար դիմել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին, որը մեզ հետ զրույցում հաստատեց Մաշադյանի մահվան մասին տեղեկությունը՝ նշելով, որ նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից մարտի 4-ին տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել