Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը ներկայացրեց «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, ըստ որի, բարեվարքության ստուգման գործընթացը պաշտոնի նշանակվելուց հետո պետք է լինի 6 տարի անց: Եթե 6 տարին չլրացած՝ դատավորը, դատախազը, քննիչը առաջխաղացման գործընթաց է ունենում, հաշվարկը սկսվում է 0-ից: Այն անձինք, որոնք չեն անցել բարեվարքության ստուգում, 2024-ից մինչեւ 2027-ը պետք է անցնեն:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ չափազանց շատ են ծանրաբեռնում դատավորներին, տվյալների անընդհատ թարմացում են պահանջում, որը հավելյալ ծանրաբեռնում է. «Անընդհատ ստիպում ենք, որ դատավորները զբաղվեն թղթեր լրացնելով, որը կարող է բերել նրան, որ դատավորներն իրենց բուն պարտականությունների կատարման հարցում թերանան»:
Փոխնախարարը պատասխանեց, որ առաջարկվող կարգավորումներով հարց էր առաջանում՝ արդյոք շատ չե՞ն ծանրաբեռնում դատավորներին ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Դրա համար 4 տարին մեկ բարեվարքության ստուգումը փոխարինվեց 6 տարով. «Ամեն պաշտոնյա ստուգվելու է 2 անգամ, մի անգամ պաշտոնի նշանակվելուց, մի անգամ էլ 6 տարի անց»:
Արծվիկ Մինասյանը հարցրեց. «Օրինակ, դատավորը երբ կատարել է մի գնում, որն իր ամսական աշխատավարձից բարձր է, օրինակ, բջջային հեռախոս է գնել կամ հեռուստացույց, նա ընթացքում պարտավո՞ր է լինելու հայտարարագիր ներկայացնել, տեղեկատվություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Գուցե գործարքների շարան է՝ կենցաղավարության հետ կապված, որը կարող է կասկածներ հարուցել այլ հավասար պայմաններում: Բայց անձը դա կարող է ձեռք բերած լինի վարկով, փոխառության միջոցներով եւ այլն: Նման կարգավորումներ նախատեսվո՞ւմ են երկրորդ ընթերցման ժամանակ»:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ գույքային իրավիճակի վերաբերյալ նշված պաշտոնատար անձինք տարեկան հայտարարագիր են ներկայացնում:
Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ո՞նց կբնութագրեք այն դեպքերը, երբ ԿԿՀ-ն տալիս է դրական եզրակացություն, բայց նշանակող մարմինը չի նշանակում այդ պաշտոնյային. «Օրինակ, դատավորների ընդհանուր ժողովն ընտրում է թեկնածու, կա հստակ դրական եզրակացություն ու ԱԺ մեծամասնությունն ուղղակի արհամարհում է, չի գալիս քվեարկության»:
Փոխնախարարը պատասխանեց, որ ԿԿՀ-ի կարծիքը կարող է լինել խորհրդատվական բնույթի: Արծվիկ Մինասյանը զարմացավ՝ այսինքն, հանձնաժողովն այդքան ուսումնասիրում է, տալիս է եզրակացություն, բայց հայեցողական մարմինը կարող է չնշանակել՝ անձնական կամ քաղաքական համոզումներով պայմանավորված, ուրեմն ինչո՞ւ են այսքան ծանրաբեռնում այդ մարմիններին:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ նախագծով պաշտոնի նշանակման կամ չնշանակման հարցը չի կարգավորվում, ամեն դեպքում խտրականության արգելքի ռիսկ չի տեսնում այդտեղ: Եթե դատավորին նշանակեն միայն նրա համար, որ ԿԿՀ-ն տվել է դրական եզրակացություն, դա նշանակում է, որ հենց ԿԿՀ-ն է դատավորների նշանակում:
ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկեց ելք գտնել դատավորներ համար արդարանալու, որովհետեւ ի տարբերություն նախարարների, իրենք չեն կարող մեկնաբանություններ տալ, բացատրել, արդարանալ: Արծվիկ Մինասյանը համաձայնեց՝ ասելով. «Դատավորներին դնում ենք մի իրավիճակի մեջ, որ հետո այդ մարդիկ պիտի ստիպված ապացուցեն, որ իրենք ուղտ չեն»:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հակադարձեց. «Դատավորին արգելված չէ պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը դատարանում:
Փոխնախարարն էլ ասաց, որ ցավոք, դատավորը չի կարող մեկնաբանել թե՛ իր դատական ակտը, թե՛ այլ դատավորի դատական ակտը, նա կաշկանդված է:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ