Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաժարվել ծրագրի շահառուներին ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրության ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»․ բաց նամակ՝ ՀՀ կառավարությանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների մասին

Մարտ 06,2024 12:34

«Արցախյան տասնյակ կազմակերպությունների՝ այս պահին 32 կազմակերպությունների կողմից ձևավորվել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որն առաջնահերթորեն զբաղվելու է Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով՝ հաշվի առնելով ՀՀ կառավարությունում քննարկվող ծրագիրը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ նախաձեռնությունը դեռ կայացման փուլում է․ կարող են միանալ նաև այլ կազմակերպություններ։ Նախաձեռնությունը ներկայացնում է բաց նամակ ՀՀ կառավարությանը, որը կարող են ստորագրել նաև ֆիզիկական անձինք։ Այն պարունակում է հստակ առաջարկներ։

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը ներկայացրեց բաց նամակի բովանդակությունը։ Մասնավորապես ներկայացված են հետևյալ առաջարկները․ «ՀՀ կառավարության կողմից իրականացվող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագրի հիմնական սկզբունքներների հետ կապված առաջարկում ենք ծրագիրը հնարավորնս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով, ծրագրի իրականացման ժամկետը սահմանել երկու տարի, բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել 5 միլիոն ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։

Առաջարկում ենք, որ նշված գումարը հատկացվի բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների՝ խիստ սահմանափակ բնույթը։ Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ՝ աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին։

Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրության ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Առանց կրճատումների շարունակել բնակվարձի ու կոմունալ ծախսերի աջակցության 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը՝ մինչև բնակարանով նրանց ապահովելը։ Ըստ յուրաքանչյուր ընտանիքի անդամների թվի՝ ողջամիտ ֆինանսական աջակցություն սահմանել գույք ձեռք բերելու համար և այլն»։

Առաջարկվում է նաև ներկայացվող ծրագիրը դնել հանրային քննարկման։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031