Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նելլա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ, տեսնելով, թե ինչպես է ագրեսորը քանդում Ազգային ժողովի շենքը, հույսը կորցնում է, որ մի օր վերադառնալու է իր հայրենի տուն` Արցախ. «Հոգեկանս խանգարվում է, որ տեսնում եմ, թե ինչ է կատարվում, ու այդ ամենին ինչպես են արձագանքում սրանք:
Այս իշխանություններն այդ ամենին ոչ մի գնահատական չեն տալիս, գոնե մի հատ արձագանքեն, դա էլ չեն կարողանում անել: Ուզում են ամբողջ Արցախը վերացվի աշխարհի երեսից: Հայաստանից գոնե արձագանքեն»:
Արցախի պատգամավորը նաեւ անդրադարձավ ադրբեջանցի դիվերսանտին «բարի կամքի դրսեւորմամբ» Ադրբեջանին հանձնելու դեպքին. «Մեր ռազմաքաղաքական ղեկավարներից էլ ոչ մի նորություն չունենք: Ես երեկվանից շոկի մեջ եմ, ո՞նց կարելի է այսպես վարվել, ո՞նց կարելի է այդ հանցագործին առանց որեւէ բանի վերադարձնել Ադրբեջանին: Թեկուզ սովորական գերիների հետ փոխանակեին, չեմ ասում՝ նախագահների հետ, մի՞թե կարելի է այսպիսի հակահայկական քայլեր անել, Ադրբեջանին նվիրել հանցագործին ու ոչինչ չուզել տեղը: Ամեն օր նոր շոկի ենք ենթարկվում, էլ առողջություն էլ չի մնացել սրանց երեսից: Թուրքն իր ոտքով գալիս է քո տուն, դու նրան հենց էնպես տալի՞ս ես, իբր մարդասիրական քա՞յլ ես անում, բա թող մի անգամ էլ նրանք մարդասիրական քայլ անեն մեր հանդեպ»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: