Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Պողոսյան. «Մեր ժողովուրդը պատրաստ է տեր կանգնել երկրի սահմանների պաշտպանությանը»

Մարտ 06,2024 00:12

«Անվտանգային ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը» կազմակերպել էր քննարկում «Պետական մարմինների դիրքորոշումը եւ հայ ժողովրդի մասնակցությունը սահմանների պաշտպանության գործում» խորագրով, որի ընթացքում խոսվեց պետական մարմինների հետ հարաբերությունների եւ բանակցությունների ընթացքում ի հայտ եկած բարդությունների եւ խոչընդոտների, ինչպես նաեւ պետական կառույցների ոչ կառուցողական դիրքորոշումների եւ արձագանքների մասին:

«Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի զարգացման» ՀԿ տնօրեն Արման Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունն այս դեպքում «Անվտանգային եւ ռազմամարզական ընկերությունների միավորմանն է: Ու խնդիրը պահեստազորի պատրաստվածության բարելավման ուղղությամբ ջանքերի ներդրման արհեստական խոչընդոտներն են պետական կառույցների, մասնավորապես, ՊՆ եւ ուժային կառույցների կողմից:

«Զինված ուժերի հետ նույնպես արվել են տարբեր զորավարժանքներ, բերվել է նոր մոդել, պահեստազորի պատրաստվածության նոր տարբերակ, որը մի քանի վարժանքներում եւ մարտական հերթապահություններում ապացուցել է դրա արդյունավետությունը, փորձարկվել եւ իրեն արդարացրել է դաշտային պայմաններում: Մենք մի քանի խնդիր ենք լուծել: Նախ, կոտրել ենք այն կարծրատիպը, թե պահեստազորը չի կարող տեխնոլոգիական նոր միջոցներ կիրառել: Մենք ցույց ենք տվել, որ կարող է:

Երկրորդ, որ պահեստազորը կարգապահություն չունի, ինքը զորք չի, որ ՄՕԲ-ը անկազմակերպ ինչ-որ երեւույթ է: Մենք ապացուցել ենք, որ ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է շատ կազմակերպված ուժ ստանալ: Իսկ ֆիզիկական պատրաստվածության առումով, քանի որ կան տարբեր հաստիքներ, կարեւորը մարդուն ճիշտ տեղը դնելն է: Այսինքն, կադրային մասը պետք է շատ լավ աշխատի: Այսօր երբ այդ բազան նայում ենք, հին մատյաններից մնացած  հաստիքներն են: Հաշվի չեն առնում, թե մարդը քաղաքացիական կյանքում ինչ մասնագիտություն է ձեռք բերել, այդ մասնագիտությունը նոր հաստիքներում որքանով կարող է անհրաժեշտ եւ օգտակար լինել:

Մենք ցույց ենք տալիս, որ հասարակությունը պատրաստ է եւ գիտակցում է, որ հաջորդ պատերազմներին պետությունը միայնակ  իր ներուժով չի կարող հարցերը լուծել, որ ամբողջ հասարակությունը պետք է միանա: Ռուս-ուկրաինական պատերազմն էլ ցույց է տալիս, որ երբ պատերազմը երկարատեւ փուլ է մտնում, ժողովուրդներն են պատերազմում: Մեր ժողովուրդը պատրաստ է, դա տեսել է եւ հասկանում է, թե 2020-ին ինչ վիճակում էր պահեստազորի պատրաստությունը: Ու ինքը եւս տեր է կանգնում երկրի սահմանների պաշտպանությանը»:

Արման Պողոսյանը նշեց, որ իրենց նախաձեռնությունների առաջին փուլում բանակի հետ  համագործակցություն հաստատել չի ստացվել: Սակայն երբ պետական կառույցը ավելի ուշ տեսել է իրենց կազմակերպած վարժանքները, համագործակցության որոշ եզրեր գտնվել են: Սակայն գործընթացը կամ շատ դանդաղ է առաջանում, կամ ինչ-որ անհասկանալի խոչընդոտներ ու արգելքներ են դրվում: «Պետական հաստատությունները չեն հավատում, որ ժողովուրդը լուրջ ու արդյունավետ ներուժ է: Պետական կառույցներում մի շերտ կա, որ դա չի ուզում հասկանալ, շատերը ունակ չեն այդպես մտածել, մի փոքր մաս էլ կա, որ կասկածում ես, թե քո երկրի ուժային կառույցների ներկայացուցիչներն են: Այս ամենը կմաքրվի, երբ իսկական համագործակցությունն սկսվի, բայց հիմա պատկերն այն է, որ երբ հասարակությունը եւ պետական ինստիտուտները իրար հետ չեն փոխգործակցում, դա պարտություն է: Ներքեւից փոխգործակցելու կազմակերպված պատրաստակամությունը կա, իսկ վերեւից ներքեւ պրոցեսներ չկան»,-ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031