Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախն իր մեջ կրող Նաիրեն-2

Մարտ 06,2024 13:00

Սկիզբը՝ այստեղ:

Պատերազմի ականատես բուժքույրն ու կորցրած ծննդավայրի վավերագրողը

Պատերազմի մասնակցի ու կենդանի վավերագրողի աչքերով տեսածը մեր ընթերցողին ենք փոխանցում նրա վկայություններով, որոնք մեր իրականության ցավոտ ու կարեւոր մասն են բացահայտում, պատերազմի իրական երեսը ինչպես կա, որին զուգահեռ դժվար է պատկերացնել այն՝ ինչի բեմականացումների ականատեսն եղանք բոլորս. չկրակած զենքերով, մաքուր կոմուֆլյաժներով դժվար թե կարողանաս լինել այն դժոխքում, որտեղ եղել ու գործել են մարդիկ՝ իրենց կարողությունից էլ ավելին անելով։ Այդ ամենն աչքովդ տեսնելիս դժվար է վերականգնողական որեւէ շրջան չանցած ապրել նորմալ մարդու կյանքով, դեռ մի բան էլ ձեւանալ անհոգ։ Ոչ ԶԼՄ-ներով, ոչ հանրապետության առողջապահության նախարարության մասով չարձանագրվեց հոգեբանական պարտադիր աջակցման գործառույթ, ի մասնավորի՝ գուցե եղե՞լ են դեպքեր, որոնք կարելի է քննել ու ըստ արժանվույնս ներկայացնել եղած պատկերը: Բացառություն են, իհարկե, զոհվածների ընտանիքներին մատուցվող հոգեբանական աջակցության ծառայությունները։ Արցախյան պատերազմի միջով անցած Նաիրե Ոսկանյանը Հայաստանում հաստատվելուց հետո անգամ դրա մասին չմտածեց, հոգսերն այնքան շատ էին ու բազմապիսի, բնակարանի, ապրուստի, երեխաների ուսման, հազար ու մի խնդիրներ, այդ ամենով տարված էլ նա ինքնուրույն փորձեց հաղթահարել այն՝ ինչ տեսել էր ու ապրել, անցել պատերազմի, մահվան ու կյանքի բոլոր կամուրջներով միաժամանակ։ Արցախցի, 44-օրյա պատերազմի մասնակից, բուժքույր, վավերագրող Նաիրե Ոսկանյանի հետ զրույցը շարունակում եմ «Առավոտի» էջերում (նախորդը՝ «Առավոտ» օրաթերթ, 27.02.2024):

Պատերազմի մասին հիմա խոսում է Նաիրեի անտիպ օրագիրը:

– 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, կամավոր, եղել եմ վիրավոր զինվորների մոտ։ Կյանքումս միայն այդ ժամանակ եմ զգացել ուղիղ կապ Աստծո հետ։ Վիրավոր զինվորի մոտ լինելով եւ հնարավորինս առաջին օգնության մասնակից լինելով զգում ես հոգու իրական գոյությունը։ Անհնար է մոռանալ տասնութ տարեկան զինվորի տառապանքները…Երբեք չեմ մոռանա այն տղային, ում ծանր վիրավոր բերեցին մեզ մոտ, առաջին օգնությունը ցույց տալիս պետք էր հագուստը կտրատել ու հանել, ամբողջովին արյան մեջ կորած էր, դեն նետելիս ես անպայման գրպանները ստուգում էի, որ տղաների իրերը հանկարծ չկորեն, հանձնենք իրենց… Այդ տղայի գրպանից գտա սիրած աղջկա արյունոտ նամակը, ասացի պահե՞մ ինձ մոտ, գլխով համաձայնության նշան արեց: Բարեբախտաբար, այդ զինվորը փրկվեց… Լուսանկարեցի այդ սրտառուչ նամակը, որն ափսոս, մնաց բժշկական խալաթիս գրպանում: Ասում են ուրիշի նամակներ չի կարելի կարդալ, էթիկայի առումով, բայց սա վավերագրություն է այլեւս.

«00:23 Բժիշկ Հարությունյանը միջանցքից բարձր կանչեց. «Վիրավոր են բերել»։ Ես ու Հռիփսիկը վազելով գնացինք միջանցք, տեսանք միջանցքում երկու պատգարակ, բոլոր բուժաշխատողները հավաքվեցին։ Տղաները անշարժացած պառկած էին։ Բոլորս ափսոսանքով ու ծանր վշտով կանգնած էինք։ Մոտեցա պատգարակին, մայրական սիրով խոնարհվեցի, փակեցի աչքերը, ձեռքս դրի ճակատին, կարծես ուզում եմ կենդանանա, բայց… Այդ հերոս տղան Ռաֆիկ Զալիկի Խեքոյանն էր։ Մյուս տղայի՝ Նահապետյան Իլյայի աչքերը փակեց Մարզպետ Միրզախանյանը, որը ծնկաչոք էր հերոս տղաների առաջ։ 18.10.2020

Հոկտեմբերի 18-ի գիշեր. Մարզպետը 2 օր կաթիլային միացրեց, ջերմությունս չէր իջնում։ Բժիշկ Շահինյանի վիճակն էլ էր ծանր, ջերմում էր անդադար։ Որոշել էի գնալ գյուղ ու նորից վերադառնալ։ Եղբորս զանգեցի, մինչեւ կես ժամը մեզ մոտ էր։ Ատյայի մեքենայով Կարմիր Շուկայից ճանապարհ ընկանք: Մինչեւ գնալը Ատյան թեքվեց Սարուշեն գյուղը։ Գյուղում հաց չկար… Մեքենայի լույսերը անջատած ենք ընթանում, չգիտեմ որտեղ հասանք։ Լուսարձակով մի տղա հաց բերեց, դրեցինք մեքենայի մեջ ու շարժվեցինք։ Նորից սկսվեց սարսափ կինոն։ Խավարի մեջ, մեքենայի լույսերը անջատած, անօդաչու սարքերի տհաճ ձայների ներքո, մի կերպ հասանք գյուղ։ Կարծես մեքենայով մտել ենք խավարով պատված անդունդի մեջ։ Հասանք գյուղ, բենզալցակայանի մոտ ամուսինս դիմավորեց մեզ։ Մեր տանն էլ հաց չկար։ Ատյան մի հաց տվեց… Ամուսնուս վիճակը լավ չէր, կաթիլային միացրեցի, տաքությունը չէր իջնում, սպասում էի մի փոքր ապաքինվի նորից հետ դառնամ։ 21.10.2020թ.

Առավոտյան Գտիչ սարի լանջերից ամպեր են իջնում, սիրտս նեղվեց, այնինչ Աստծո կողմից ուղարկված լինեին ասես այդ փրկիչ ամպերը։ Ամուսնուս հետ զրուցում էի, կամ ինձ կտանի Կարմիր Շուկա, որը շատ վտանգավոր էր, քանի որ թշնամու նշանառության տակ էր ամբողջ ճանապարհը, կամ այստեղ, գյուղում մի ապահով տեղ ճարենք առաջին բուժօգնություն ցույց տալու համար։ Կեսօրին սկսվեց ահավոր ռմբակոծություն, հենց գյուղի մեջ. կարծես արեւն էր երկնքից ընկնում… Պատսպարվելու տեղ չկար… Մոտ մեկ ժամ մնացինք տանը, որոշեցինք գնալ ծնողներիս մոտ։ Սենյակների դռները մեկ առ մեկ բացեցի ու հույսով, որ պետք է ետ գամ՝ դուրս եկա։ Հենց բակում նորից սկսվեց ռմբակոծությունը, ամուսինս ինձ հասցրեց իր եղբոր՝ Կարենի մոտ, ինքը գնաց ծնողներիս հետեւից։ Արտոյի մեքենայով մի կերպ հասանք անտառի Խուռհատ կոչվող տեղամասը։ Աստծո կողմից ուղարկված թանձր մառախուղը, որը մեր պահապանն էր, ուղեկցում էր մեզ ամբողջ ճանապարհին։ Ամպերի պատճառով անօդաչու սարքը չէր կարողանում մեր տեղը գտնել, այլապես ոչ մեկս ողջ չէինք մնա։ Մոտ մեկ ժամ Խուռհատում սպասեցինք ամուսնուս ու ծնողներիս. այնքան մոտ ու անկարող եմ զգացել, սպասում եմ, տեսնեմ ամուսինս ու ծնողներս կգա՞ն… Հեռվից լսեցի մեքենայի ձայնը եւ ուրախությանս չափ չկար։ Մայրս հաց էր թխել վառարանի վրա, ճաշ պատրաստել, սպասում էր հորս, որ անտառից գա ճաշեն։ Հայրս հասավ տուն, եղբայրս ու ամուսինս այնտեղ էին։ Եղբայրս ասաց. «Ժամանակավոր գնացեք անտառ, ռմբակոծությունը դադարի՝ հետ կվերադառնաք»։ Հայրս ու մայրս չէին ուզում գյուղը լքել՝ եղբորս գերեզմանի համար։ 90-ի մոտ տարիքի հայրս ու մայրս, տուն ու տեղ դրած, սոված դուրս եկան իրենց տնից… Անտառում սպասեցինք մոտ մի քանի ժամ։ Եղբայրս գյուղից զանգեց, ասաց, որ ծնողներիս տանեմ ապահով տեղ։ Շարժվեցինք անտառով դեպի Թաղավարդ գյուղ, մեր բարեկամի՝ Վալյոենց տուն…Մի ահավոր տեսարան բացվեց աչքներիս առջեւ, Վալյոյի մինուճար տղան էր զոհվել, ինքնահողից հետո դեռ սեղանները մնացել էին բակում, իրար կպցրած, նստարաններից մեկն էլ կիսաջարդված… Վալյոն խորհուրդ տվեց գնալ Ստեփանակերտ, ամեն րոպե ռմբակոծում են: Ծնողներիս հետ գնացինք Ստեփանակերտ, նկուղում տեղ չկար։ Նկուղից վերցրինք 80-ամյա հորաքրոջս, ում վիճակը ծանր էր։ Շարժվեցինք դեպի Երեւան։ Ճանապարհը մեծ դժվարությամբ գնացինք, ռմբակոծում էին, տեղ- տեղ քանդված էր ճանապարհը։ Առավոտյան նոր հասանք Երեւան։ Ծանր մղձավանջից հետո մի քիչ հանգստացանք։ Երեկոյան կողմ լսեցինք, որ թշնամին գրավել էր հայրենի ծննդավայրս՝ Մեծ Թաղերը: Անբացատրելի ողբերգություն էր»:

– Ամենասարսափելին անշուշտ սիրելի, թանկ մարդկանց շիրիմներն են, որոնք մնացին իրենց մարդասիրությամբ երբեք չփայլող ոսոխի տիրապետության տակ։ Տեղյա՞կ եք ճակատագրից, ի՞նչ եղան, ինչպիսի՞ վերաբերմունքի են արժանացել:

– Ահավոր է, որ հիշում ես հարազատների, ապուպապերի, հայրենակիցների, մեր հերոսների շիրիմների կորուստը։ Ամենասարսափելին այն է, որ թշնամին քանդել է շիրիմները, լցրել ձորը եւ ճանապարհ սարքել։

– Շրջափակումը, վերջին պատերազմն ու գաղթը: Այս ամենը անհետեւանք չէր կարող լինել, որպես հակադրություն ստեղծվածին, երբ ոչինչ հնարավոր չեղավ փրկել եւ նշխարը մնաց շան բերանում: Դուք այսօր հեղինակում եք մի նախաձեռնություն՝ «Արցախյան խոսք» համացանցային հարթակը, որով փրկում եք մոռացությունից արցախահայության այն հոգեւոր գանձերը, որոնք փաստացի անհնար էր խլել ձեզանից: Ինչպե՞ս որոշեցիք գրի առնել բարբառները, տեղանունները, պատմությունները, որոնք առավել կենդանի ու փաստագրական նյութի արժեք ունեն, որպես պատմության տակավին չարձանագրված վկայություններ, որ Արցախը հայ ու հայկական էր եղել ու կար իր ողջ պատմության ընթացքում, տեսնելով բազմաթիվ ասպատակություններ ու հրոսակներ, այն մնացել էր հայկական հող իր մշակույթով, իր հոգեւոր ուժով ու քարեղեն դարավոր վկայություններով, վանքերով եւ բերդերով, իր արցախահայությամբ:

– Ահավոր, ծանր, անբացատրելի հարված է հայրենիք կորցնելը։ Ցավալի է, որ փաստացի նշխար անգամ չփրկվեց։ Ամեն մի արցախցու սրտում բոցավառվում են արցախյան հուշերը։ Պետք է ուժ հավաքել ու գրի առնել։ Այն օրը, որ տեղեկություն չեմ հավաքել ու գրի առել՝ չապրած օր է ինձ համար։ Ծննդավայրս կորցնելուց հետո որոշեցի գրի առնել բարբառով այն ամենը, ինչը մնացել է հայրենակիցներիս հուշերում։ Մեր եկեղեցիները, վանքերը, բերդերը, պատմական հուշարձանները, անգամ հին տներն ու բնակավայրերը վկա են այն փաստի, որ Արցախը հայկական է։

– Այդ փաստերից կարելի՞ է համարել Արցախի տոհմիկ հայերի տոհմածառերը, գիտեմ, որ ուսումնասիրել եւ կազմել եք Ձեր տոհմի ու գերդաստանի կաղնեծառը, ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար, որտեղ նաեւ նորարարություն եք մտցրել հօգուտ տոհմի՝ ավելացնելով աղջիկների ճյուղերը նույնպես, քանի որ հայոց մեջ, նաեւ հայոց պատմության մեջ մեծ բաց կարող ենք համարել աղջիկների, կանանց մասին տեղեկությունների համեմատական կցկտուրությունը, չնայած, եթե գենետիկայի տեսանկյունից նայենք՝ որդիները միշտ ժառանգում են մայրական գեները:

– Մեր գերդաստանի պատմությունը սկսել էի հավաքագրել դեռեւս Արցախում ապրելիս։ Այն մի քանի դարի պատմության արմատներ ունի խորը թաղված իմ հայրենի Արցախի հողում, որը փաստում է մեր բնիկ լինելը նաեւ։ Գտնում եմ, որ տոհմածառերը բացի ընտանեկան ամբողջական կենսագրության, անձնագիր-վկայություն են, այլեւ կարեւոր ինֆորմացիայի աղբյուր։ Ուսումնասիրելիս շատ կորած ճյուղեր եմ գտել, ազգակցական կապեր։ Տնից դուրս գալիս շատ քիչ բան եմ հասցրել վերցնել, ամուսնուս հետ այս տոհմածառս եւ մի քանի ձեռագրերս հասցրեցինք վերցնել ու դուրս եկանք։ Աղջիկների ճյուղերը կաղինների պտուղների վրա եմ նշել։ Ինչու կորցնել նրանց ճուղերը, մի հայտնի մարդ եթե գտնենք մի տեղ ու մայրը հայուհի լինի, կշտապենք նշել, չէ՞, ասել, որ տեսեք մայրը, տատը, տատի մայրը հայ է եղել: Գեները կարեւոր են, այդ մասին պիտի հիշել։

– Այն գործունեությունը, որը Դուք եք սկսել՝ բացի հոգու պարտք լինելուց, իր մեջ կրում է լուրջ ռազմավարական քայլ նաեւ: Ինչպիսի՞ արձագանքների եք ականատես լինում, դժվար չէ՞ գտնել, ստիպել խոսել տարեցներին, ովքեր սովորաբար ավելի հին եւ վաղեմություն ունեցող պատմություններ, դիպվածներ գիտեն ու իրենց մեջ ավելի ամուր է նստած անցյալը:

– Հայրս ասում է. «Չեմ ընդունում այն մարդուն, որը գիտելիքները չի փոխանցում սերունդներին կամ գրչին չի հանձնում»։ Մեծացել եմ հայրենասեր, մեծերի խոսքն ընդունող ու գնահատող ընտանիքում։ Տարեց մարդիկ, անկախ նրանից՝ արհեստավոր են, բանվոր կամ գիտնական, իրենց մեջ ամփոփում են կյանքի դժվարությունների հաղթահարման, գիտելիքների մի մեծ շտեմարան։ Մեծերը սովորաբար ավելի պայծառ են հիշում անցյալը, իրենց մանկության ու պատանեկության ժամանակը։ Հայրենակիցներս պատմում են իրենց անցյալից մեծ սիրով ու իրենց կողմից միշտ օրհնանքների ու բարեմաղթանքների եմ արժանանում։

– Արցախը ի՞նչ է Ձեզ համար, սթափ դատող հայի համար Արցախը դա արցախահայությունն է, որը մեր մեջ է եւ որին պետք է ամուր պահել մեր ներսում, որպես գիտակցության այն կարեւոր բաղադրիչը, առանց որի մենք կդառնանք անինքնություն եւ անպատմություն մեկը, ով իր բազմադարյա պատմության ոլորաններում անընդհատ ենթարկվել է ցեղասպանության, հայրենազրկման ու հայակորստի: Իրավունք ունե՞նք նոր սփյուռք ձեւավորելու՝ հանձինս Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան հայրենիքը լքող արցախցու։

– Արցախն ինձ համար ապուպապերիս հողն է, իմ ծննդավայրը, էներգիայի աղբյուրը աշխարհի վրա։ Արցախի պատճենը ծվեն- ծվեն դարձած ապրում է արցախահայության հոգում։ Արցախը Մայր Հայաստանի զավակն է։ Եթե հնարավորություն ստեղծվի մնանք Հայաստանում, մեր ինքնությունը կպահպանվի եւ կամրապնդվի։ Արցախցին ստեղծող ժողովուրդ է, դժվարություններ հաղթահարող է, պետք է խոսել նրա հետ, տալ ապրելու եւ ստեղծելու հնարավորություն։ Բոլորի սրտում վերք կա, կարոտ ու ափսոսանք կա։

– Որտե՞ղ սխալվեցինք։ Ինչպե՞ս ազգովի ետ պտտել պատմության անիվը, երբ միասնական էին Հայաստանը, սփյուռքն ու Արցախը, մենք ազատագրված հայրենիքի մի մասնիկ ունեինք, որը նաեւ ազգովի փորձում էինք շենացնել. չկա կասկած, որ արցախցին պաշտում էր իր հողը, ինչպե՞ս հասանք այս հանգրվանին:

– Այն ժամանակ սխալվեցինք, երբ բոլոր հաղթանակները վերագրեցինք մեր ուժերին։ Աստծո զորությունն արհամարհեցինք, եկեղեցիները, մեր ապուպապերից ժառանգածը անշուք մնացին, չգնահատեցինք, ամեն մի քայլի համար չվախեցանք Աստծուց, մեր հավատքը աղավաղեցինք, արժանացանք Աստծո բարկությանը։

– Իրավունք ունե՞նք մոռանալ մեր հաղթանակները, նրանց՝ ում արյան ու կյանքի գնով ազատ Արցախը ողջունում էր մեզ, շնչում էր ու ապրում, որի շնորհիվ գաղափարապես, հոգեպես եւ ռազմավարական առումով նաեւ Մայր Հայաստանը ավելի ապահով երկիր էր տարածաշրջանում, ինչպե՞ս պահել ոչ վաղ անցյալի մեր պատմությունն ու նրանց անուններն ու հիշատակը, ովքեր բացարձակ հերոսներ էին, բայց ժամանակի այս քաղաքականության մեջ սքողվում է նրանց անունն ու վաստակը, անգամ դասագրքերից են հանվում անունները:

– Վերհիշելով անցյալի հաղթանակները, լուսավորվում է ներկայի խավարը, ճրագի լույս դառնում ապագայի համար։ Մեր տղաների արյան գնով ենք ապրել հայրենի հողում, արարել ու զգացել հայրենի երկրի բերկրանքը։ Եթե հերոսներին ստի ու կեղծիքի քողի տակ քողարկում են, նշանակում է՝ իսկական հերոսներ են։ Հերոսը մնում է հերոս։ Նույնիսկ թշնամին իր մտքում հարգում ու մեծարում է հերոսին։ Ինչքան փորփրես անցյալը, կա մի իրական փաստ՝ դավաճանին որպես գործիք օգտագործում են, երբ ավարտում է իր կեղտոտ գործը, վերացնում են։ Հավատում եմ, որ ունենք հայրենանվեր, անձնվեր, փայլուն անհատներ, միասնության շնորհիվ կարող ենք վերականգնել հայրենիքը։ Իսկ դասագրքերը բազմիցս փոփոխվում են, դրա ժամանակն էլ կգա ու ճշմարտությունը կրկին կշողա։

– Ասում են՝ տառապանքները, փորձությունները մարդուն իմաստնություն են տալիս նաեւ։ Ինչպիսի՞ն եք տեսնում հայ ազգի ապագան, մեր ներկան, որի մեջ ապրում ենք, այնքան էլ հուսավառ չէ, ի՞նչ դեղատոմս կնշանակեք մեզ բոլորիս եւ մեր հայրենիքին այս մարտահրավերների միջից դուրս գալու եւ երջանիկ պետություն կերտելու համար։

– Ինչպես ոսկին է կրակի հնոցով անցնում՝ այնպես էլ մարդն է տառապանքի ու փորձությունների միջով անցնելով իմաստնանում։ Երջանիկ պետություն կերտելու համար որպես հարթակ պիտի հանդիսանա հավատքը։ Հաղթանակին ամուր հենասյուներ են պետք. 1) Բանակ, 2) Արվեստ, 3) Ճշմարիտ գիտություն, 4) Արհեստ։ Մենք հին ազգ ենք, բավական է հայացք ձգենք մեր անցյալին՝ կհասկանանք սխալներն ու ճիշտ ուղղությամբ կգնանք։ Մեր ապագան մեր անցյալի մեջ է թաքնված։

Հարցազրույցը՝ արվեստաբան

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031