Լրահոս
Օրվա լրահոսը

5 կետեր, որոնք պետք է իմանալ սննդային հավելումներ օգտագործելուց առաջ

Մարտ 06,2024 09:30

-ԱՄՆ-ից «Կալցիում-մագնեզիում-ցինկի» հավելումներ եմ ստացել՝ մի մեծ տուփ՝ կուզե՞ս մի մասն էլ քեզ տամ։
-Այո, ինչո՞ւ չէ, մեկ է՝ դրանցից վնաս չկա, հիմա բոլորս էլ վիտամինի պակաս ունենք։

Մեկ անգամ չէ, որ լսում ենք նման երկխոսություն․ այն, որ սննդային հավելումների օգտագործումը գնալով ավելի մեծ տարածում է ստանում բնակչության շրջանում, գաղտնիք չէ, իսկ որոշ կանխատեսումների համաձայն՝ 2025 թ․-ին սննդային հավելումների համաշխարհային շրջանառությունը հասնելու է 200 միլիարդ դոլարի։

Իհարկե, հրաշալի կլիներ խմել մեկ հաբ և ողջ օրն անցկացնել՝ համոզված լինելով, որ ստացել ես այն ամենն, ինչ հարկավոր է քո օրգանիզմին, սակայն, այնուամենայնիվ, հաշվի առնելով սննդային հավելումների հանդեպ աճող հետաքրքրությունը՝ խորհուրդ է տրվում ցանկացած հավելում օգտագործելուց առաջ խորհրդակցել բանիմաց մասնագետի հետ, որքան էլ ձկան յուղի, կոլագենի կամ կալցիումի գրավիչ պատկերներով տարաները համոզեն, որ հենց իրենց մեջ են թաքնված առողջության բաղձալի բանալիները։

National Geographic-ն առամձնացրել է այն 5 կետերը, որոնք անհրաժեշտ է իմանալ՝ որևէ սննդային հավելում ձեռք բերելուց առաջ։

1․ Սննդային հավելումները լրջորեն չեն վերահսկվում

ԱՄՆ սննդի ու դեղորայքի վերահսկողության վարչության (FDA) կողմից սննդային հավելումները չեն կարգավորվում այնպես, ինչպես դեղամիջոցներն ու սնունդը, ինչը նշանակում է, որ ընկերությունները կարող են շուկա հանել իրենց ապրանքատեսակն առանց FDA-ի թույլտվության։

Դա կարող է հանգեցնել մոլորեցնող մակնշումների առկայության։ Ինչպես նշել է բժիշկ-սննդաբան Ջեն Մեսսերը, 57 սննդային հավելումների վերլուծության արդյունքում պարզվել է, որ դրանց 84 տոկոսի կազմում բացակայել են նշված քանակով բաղադրամասերը, 40 տոկոսիկազմում ընդհանրապես չեն եղել մակնշված բաղադրամասերը, իսկ 12 տոկոսի կազմում եղել են չմակնշված բաղադրամասեր, որոնք արգելված են FDA-ի կողմից։

2․ Ոչ բոլորին է խորհուրդ տրվում սննդային հավելումների, անգամ պոլիվիտամինների ընդունումը

Շատերի մոտ են պոլիվիտամիններն ասոցացվում առողջության հետ, սակայն ոչ բոլորի համար են դրանք արդյունավետ։ Առաջին հերթին պոլիվիտամինները կարող են խանգարել որոշ դեղամիջոցների, օրինակ՝ հակաբիոտիկների, արյունը նոսրացնող միջոցների ազդեցությանը։ Լյարդի ու երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ կարող են դժվարություններ առաջանալ սննդանյութերի բարձր չափաբաժինները յուրացնելու հարցում։

3․ Օրգանիզմում բոլոր վիտամինները նույն ձևով չեն յուրացվում

Տարբեր սննդանյութերն օրգանիզմում տարբեր կերպ են յուրացվում, և դա պետք է հաշվի առնել՝ սննդային հավելումներն ընդունելուց առաջ։ Փորձագետները զգուշացնում են, որ պետք է հատկապես ուշադիր լինել A, E վիտամինների դեպքում, որոնք ճարպալույծ վիտամիններ են, ինչը նշանակում է, որ դրանք հետագա օգտագործման համար պահեստավորվում են օրգանիզմում՝ լյարդի ու ճարպային հյուսվածքների կազմում և ոչ թե արագ ճեղքվում ու դուրս են գալիս օրգանիզմից մյուս վիտամինների նման։ Դրանց մեծ չափաբաժինները կարող են վտանգավոր լինել առողջության համար։

4․ Չափն անցնելը կարող է վտանգավոր լինել

Ինչպես նշվեց, ոչ միայն սննդանյութերի պակասն է վտանգավոր, այլև դրանց ավելցուկը։ Օրինակ՝ վիտամին A-ի գերդոզավորումը կարող է հանգեցնել հոդացավերի, լյարդի վնասվածքների, բնածին արատների զարգացման։ Վիտամին Е-ի բարձր չափաբաժինները կարող են խաթարել արյան մակարդելիությունը։ Վիտամին D-ի ավելցուկը կարող է սրտխառնոց, փսխում, մկանային թուլություն, գիտակցության խանգարում, ջրազրկում առաջացնել։

5․ Սննդանյութերի լավագույն աղբյուրը սնունդն է

Շատ սննդանյութեր, օրինակ կոլագենն ու վիտամին C-ն արդեն իսկ լիառատ պարունակվում են տարատեսակ սննդատեսակների կազմում և շատ հասանելի են, իսկ այլ անհրաժեշտ սննդանյութերը ստանալու լավագույն եղանակը չվերամշակված, բջջանյութով հարուստ մթերքների օգտագործումն է։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031