Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլում համաձայն են Անկարայի ու Բաքվի պայմաններին, Վաշինգտոնում եւ Փարիզում` ոչ

Մարտ 06,2024 12:00

Ադրբեջանի նախագահի բավական թափանցիկ խոստովանությունը բացահայտեց Հարավային Կովկասում իրադրությունը

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։ «Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի», նշվեց ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը՝ շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, սակայն առաջընթաց այդպես էլ չգրանցվեց. հայկական կողմը Մարգարայի անցակետի շինարարությունն ավարտեց, սահմանը դեռ փակ է։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայում կայացած ֆորումի ընթացքում «Խաղաղություն, զարգացում եւ կապեր Հարավային Կովկասում» թեմայով համաժողովում ունեցած իր ելույթում առաջարկել է հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երեւանում։ «Հիմա ավելի վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անենք առաջին հերթին փոխվստահություն ձեւավորելու համար։ Ռուբենին եւ Հիքմեթին լսելով` պարզ է, թե ինչքան զգայուն է իրավիճակը եւ դժվար են բանակցությունները։ Ես համաձայն եմ պարոն Հաջիեւի հետ. գլխավոր կետն այն է, որ պետք է ցույց տանք տարածաշրջանային սեփականության ընկալումը։ Փորձերը՝ լուծումներ պարտադրել տարածաշրջանում՝ դրսի ուժերի կողմից, անարդյունավետ են։ Մենք տեսանք, որ Մինսկի (նկատի ունի` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը) 30-ամյա գործընթացը խոշոր ձախողում էր։ Մենք պետք է դասեր քաղենք այդ ամենից։ Եվ խաղաղության ու կայունության հաստատումը տարածաշրջանում կարեւոր կլինի ոչ միայն երեք երկրների, այլեւ ամբողջ եվրոատլանտյան տարածաշրջանի համար։ Եվ ես հավատում եմ, որ մենք անհրաժեշտ գործիքակազմն ունենք՝ այդ ամենը կյանքի կոչելու համար։ Հարկ է նշել, որ ոչինչ համաձայնեցված չի, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ», մասնավորապես ասել է Քըլըչը։ «Հանդիպում կլինի, օրն ու վայրը դեռ կորոշենք», Երեւան-Անկարա հնարավոր նոր շփման մասին նշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնացը: Քըլըչի առաջարկին ի պատասխան նրա հայ գործընկերը՝ Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է` «Կքննարկենք»։

Հայ եւ թուրք բանագնացների միջեւ հանդիպում, իհարկե, կարող է մոտ ապագայում կայանալ: Սակայն կարեւոր է ուշադրություն դարձնել հարցին, թե ինչո՞ւ հանկարծ թուրքական կողմը կրկին որոշեց «զարկ տալ» հանդիպումների անցկացմանը: Իսկ ի՞նչն էր նրանց խանգարում անցած ամիսներին հանդիպել, բանակցել հայկական կողմի հետ:

Թուրքական կողմը ընդամենը ձգտում է «կառուցողական» դերի մեջ մտնել: Ըստ ամենայնի, այստեղ Արեւմուտքի կողմից ճնշումներն են նաեւ էական ազդեցություն ունեցել: Սակայն Անկարան անմիջապես ձգում է օգուտ քաղել իրավիճակից` Երեւանին դրդել, որպեսզի նրանք հրաժարվեն երրորդ կողմերի «ծառայություններից», իսկ այստեղ խաղը երկակի է:

Մի կողմից Անկարան, թվում է, թե իրագործում է Արեւմուտքի ակնկալիքները` Երեւանի հետ բանակցությունների նոր փուլի մասին է ազդարարում, մյուս կողմից` թուրքական կողմը խոսում է «հարցերը ինքնուրույն լուծելու» անհրաժեշտության մասին: Բայց այստեղ թուրքական կողմի գործընկերը Մոսկվան է, որտեղ ամբողջապես կողմ են թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին ուղղված Երեւանին, այլ ոչ թե` Արեւմուտքը:

Թուրքիային ոչինչ չի խանգարում կրկին հանդիպել հայկական կողմի հետ, բանավոր կերպով ինչ-ինչ հնարավոր պայմանավորվածությունների մասին տեղեկատվական արտահոսք կազմակերպել, այնուհետեւ թեման կրկին փակել ու սկսել Երեւանից նորանոր զիջումներ ակնկալելու թեմաներով ելույթներ ունենալ:

Ի դեպ, ուշագրավ էր Անթալիայի ֆորումում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետեւյալ միտքը. «Անկարան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը եւ ամրապնդել իր դերը որպես տարածաշրջանում առաջատար տերություն»։ Այսինքն, Արեւմուտքում կողմ կլինեն, որպեսզի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության փոքրացման ճանապարհին թուրքական գործոնն ամրանա:

Սակայն ի՞նչ է փոխվելու հայկական կողմի համար գործնականում… Մոսկվայի ու Անկարայի ակնկալիքներն այսօր հայկական կողմից սկզբունքորեն տարբերվո՞ւմ են… Թե՛ Մոսկվան, թե՛ Անկարան ձգտում են թույլ Հայաստանի գոյությանը, որտեղ, ըստ նրանց, պետք է բավարարեն Բաքվի բոլոր պահանջները:

Մինչդեռ նույնը չի կարելի ասել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պարագայում. Վաշինգտոնից, Փարիզից պարբերաբար հիշեցնում են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության կարեւորության մասին: Ու մինչ Անթալիայում հանդիպում էին հայկական ու թուրքական կողմերը, Վաշինգտոնից ուշագրավ նախազգուշացում հնչեց: ԱՄՆ պետդեպարտամենտից՝ ի պատասխան Radar Armenia-ի հարցմանը, հայտարարեցին. «ԱՄՆ-ն մեծապես աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետեւանքներ կունենա»։

Ի դեպ, Անթալիայում ֆորումի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել էին Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ ի տարբերություն Վաշինգտոնի դիրքորոշման, Մոսկվայի հրապարակային դժգոհությունները միմիայն դարձյալ Երեւանից էին:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա Անթալիայի դիվանագիտական ֆորումը եւս նրանք ծառայեցրեցին Բաքվի պահանջների ներկայացմանը: «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «վստահության եւ խաղաղության ամրապնդման կարեւոր միջոց», նշեց Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հավելելով, թե այս նախագծի իրականացումը օգուտ կբերի եւ լիովին կբավարարի տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի շահերը։ Ալիեւի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երեւանը «կգիտակցի Հայաստանի համար այս ծրագրի օգուտը»։ Ըստ նրա` բացի զուտ տնտեսական շահից, հետկոնֆլիկտային իրավիճակում երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող է նաեւ վստահության ամրապնդման կարեւոր միջոցի դեր խաղալ եւ դառնալ խաղաղության կառուցման արդյունավետ գործիք: «Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ արդեն գործող տրանսկասպյան միջազգային միջին միջանցքի (Trans-Caspian International Middle Corridor) այլընտրանքային երթուղի, որը Չինաստանը Եվրոպայի հետ կապում է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածքով, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով», – նշել է նախագահի ներկայացուցիչը։ «Հուսով ենք, որ Երեւանը, որն արդեն ավելի քան երեք տարի խուսափում է իր ստանձնած պարտավորության կատարումից եւ փաստացի արգելափակում է «Զանգեզուրով» տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, վերջապես գիտակցում է այս նախագծի ողջ օգուտը նաեւ Հայաստանի համար։ Հակառակ դեպքում բաղձալի «խաչմերուկը» կարող է այդպես էլ մնալ տարածաշրջանային փակուղում», – եզրափակել է Ամիրբեկովը։

Հիշեցնենք, որ Մյունխենում փետրվարի 17-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փետրվարի 28-29-ը Բեռլինում կայացան Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Նրանք քննարկել էին` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։

Սակայն Բեռլինում կայանալիք բանակցություններից երկու օր առաջ Ալիեւը զգուշացրեց՝ «Հայաստանը մի ճանապարհ ունի՝ ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները եւ հրաժարվել տարածքային նկրտումներից, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում»։ «Հայաստանը, որ փորձում է նոր տեր գտնել եւ սրա-նրա գիրկն է նետվում, պետք է իմանա՝ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է», – նշել էր Ալիեւը։

Միրզոյան-Բայրամով հանդիպման օրերին արդեն Ալիեւի ուղերձը հենց Վաշինգտոնին ու Փարիզին էր ուղղված` ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան պետք է ընդունեն Հարավային Կովկասի նոր իրողությունները:

Ադրբեջանի նախագահը Բաքվում գերմանացի ձեռներեցների հետ հանդիպմանն անդրադարձել էր Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Նա հիշեցրել էր ղարաբաղյան առաջին պատերազմը, դժգոհել «հայկական ագրեսիայից», առանց «հիշելու», որ ղարաբաղյան առաջին պատերազմը, ինչպես նաեւ մյուս բոլոր պատերազմները սկսել է Ադրբեջանը:

«30 տարի շարունակ համանախագահները (ԵԱՀԿ Մինսկի խումբը)՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, ոչ մի քայլ չեն ձեռնարկել արդարությունը վերականգնելու համար։ Եվ երբ մենք սկսեցինք ազատագրել մեր հողերը, այս երեք երկրները սկսեցին ճնշում գործադրել մեզ վրա։ Նրանցից յուրաքանչյուրը դրա համար օգտագործել է տարբեր գործիքներ։ Նրանք չէին ուզում, որ մենք ազատագրենք մեր հողերը: Երբ անցյալ սեպտեմբերին վերջ դրեցինք անջատողականությանը, նրանք նորից սխալվեցին: Նրանցից ոմանք դեռ սխալվում են։ Նկատի ունեմ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Կարծում եմ, որ Ռուսաստանը հիմա լավ է հասկանում, թե ինչ է կատարվում եւ ընդունում է նոր իրողությունները»,- հայտարարել է Ալիեւը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նույնպես պետք է ընդունեն նոր իրողություններ Հարավային Կովկասում. «ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան պետք է նույն կերպ վարվեն: Հակառակ դեպքում իրավիճակը չի լինի այնպես, ինչպես ծրագրել են: Այս երկրները պետք է աշխատեն Ադրբեջանի հետ, որն իր տնտեսությամբ, բանակով, լայն միջազգային կապերով Հարավային Կովկասի առաջատար երկիրն է»։

Առավել քան ակնհայտ է, որ Ալիեւը դժգոհ է Վաշինգտոնի ու Փարիզի դիրքորոշումից, եւ որ Ալիեւի համար միանգամայն ընդունելի է Մոսկվայի պահվածքը: Մոսկվայից էլ շարունակաբար կրկնում են` Ադրբեջանը խաղաղություն է ցանկանում եւ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, եւ պատրաստ է այն ստորագրել Մոսկվայում։ Այս մասին մի քանի անգամ արդեն հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:

Ինչպես տեսնում ենք, ռուս-ադրբեջանական փոխշահավետ համագործակցություն` փոխընդունելի սկզբունքների հիման վրա, ամբողջապես եւ լիակատար փոխհամաձայնության մթնոլորտում:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031