Դրա որոշակի «դոզայից» հետո սկսվում է խորը հիասթափության շրջանը
Որքան գոյություն ունի մարդկությունը, այնքան կա նաեւ գայթակղություն՝ անձնական խնդիրները լուծել թմրանյութի միջոցով: Իբր՝ ընդունեցիր «դոզան», եւ վերջ՝ աշխարհը միանգամից պայծառ է դառնում: Մարքսը, ինչպես հայտնի է, կրոնը համեմատում էր ափիոնի հետ: Ի դեպ, նա չէր ասում, որ կրոնն ափիոն է ժողովրդի «համար», այլ պնդում էր, որ դա «ժողովրդի ափիոնն է» (das Opium des Volkes): Այսինքն՝ այդ թմրամիջոցը ոչ թե պատրաստվում է մի տեղ ու այնուհետեւ հրամցվում, այլ՝ ժողովրդի «ներքին մղումն է»:
19-րդ դարում «մոդայիկ» ափիոնին 20-րդ դարում սկսեցին փոխարինել ավելի ազդեցիկ, ավելի ծանր թմրամիջոցներ: Իմ պատանեկության տարիներին (1960-70-ական թվականներին) դրանք ներթափանցեցին զանգվածային մշակույթ, ինչը մասամբ պայմանավորված է արեւելյան տարաշխարհիկ ուսմունքների նկատմամբ բուռն հետաքրքրությամբ:
Հենց այդ ժամանակ ծնվեց առասպելը, թե իբր LSD ընդունելով, հնարավոր է հասնել ինչ-որ «պայծառացման»: Այսինքն՝ հոգեւոր բարձունքներ կարելի է նվաճել առանց ինքնազսպման, առանց ժուժկալության, առանց մարդկանց ծառայելու երկարատեւ պրակտիկայի, այլ՝ պարզապես, պայմանականորեն ասած, «դեղահաբ» ընդունելով: Բայց շատ արագ պարզվեց, որ երկու անգամ նման թմրանյութ սրսկվելով, երրորդ անգամ «պայծառ» զգացողություն չես ընդունում: Հակառակը՝ խորը դեպրեսիայի մեջ ես ընկնում: Էլ չասած, որ քայքայում ես քո առողջությունը:
Կարդացեք նաև
Որոշ քաղաքական նախագծեր նույն ազդեցությունն են թողնում: Դա նման է մի գնացքի, որի պատուհանից առաջին երկու ժամվա ընթացքում կարող ես տեսնել բարվոք կյանքի տեսարաններ, բայց հետո դրանք անհետանում են՝ իրենց տեղը զիջելով ավերածություններին եւ ամայությանը:
«Տեսարանների» այս փոփոխությունից, ինչպես եւ թմրանյութի 3-րդ կամ 4-րդ «դոզայից», մարդիկ ուժեղ սթրես են ապրում, ինչը եւ տեղի ունեցավ, օրինակ, 1990-ականների սկզբին: Դրանով է, մասնավորապես, բացատրվում, որ այդ ժամանակահատվածում հետխորհրդային տարածքում ի հայտ եկան բազմաթիվ աղանդներ: Մարդիկ, բառի գրեթե ուղիղ իմաստով, գլուխները կորցրել էին: Նույն պատճառով Հայաստանում բազմաթիվ տատիկ-պապիկներ առ այսօր խիստ բացասական զգացմունքներ ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ՝ համարելով նրան քանդելու եւ ավերելու «հեղինակ»:
Նման սթրեսների պատճառ են դառնում սովորաբար ռադիկալ (արմատական) քաղաքական ուսմունքները, որոնք չափազանցված, ուտոպիստական սպասումներ են առաջացնում՝ սպասումներ, որոնք նույնիսկ տեսականորեն չեն կարող իրականություն դառնալ:
Մի քանի անգամ նման տրավմա ապրելը բերում է երկու բացասական հետեւանքների: Առաջինը պարզ է. մարդիկ այլեւս ոչ մի բանի չեն հավատում, իսկ այդ պայմաններում նրանց հնարավոր է «կերցնել» ցանկացած անհեթեթություն:
Երկրորդ հետեւանքն այն է, որ հիասթափությունից հետո սկսվում է շարժումը դեպի հակառակ ծայրահեղություն: Այդպես, հիասթափվելով «չկառուցված» կոմունիզմից, մարդիկ կարծում էին, որ շուկայական հարաբերություններն ամեն ինչի համադարման են: Ժողովրդավարական նախագծի տապալումը վաղ թե ուշ անխուսափելիորեն հանգեցնում է «ուժեղ ձեռքի» փնտրտուքին: Ազգային նպատակների չիրականացումը հանգեցնում է ընդհանրապես ազգային խորհրդանիշների, արժեքների եւ նույնիսկ ինքնության մերժմանը: Հենց այս տեսակի «լոմկայի» շրջան (եթե շարունակենք զուգահեռը) մենք ապրում ենք այսօրվա Հայաստանում:
Իսկ հիմքում այն մոլորությունն է, թե հնարավոր է մեկ «սրսկումով» կամ մեկ «դեղահաբով» հասնել բաղձալի արդյունքի:
Ինչպես գրում է պատմաբան Հարություն Մարությանը, «տրավման պատասխան է ոչ այնքան իրադարձությանը, որքան իրադարձությանը տրվող իմաստին»: Հետեւաբար, պետք է իմաստը փոխել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2024