Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կստորագրեն «Խաղաղության պայմանագիրը»

Մարտ 05,2024 22:00

Խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները պետք են բոլորին։ Արեւմուտքն այդ խոսակցություններով փորձում է ցույց տալ, որ միայն ինքը կարող է բերել խաղաղություն, միայն արեւմտյան հարթակներում ստորագրված պայմանագիրը կարող է երաշխավորել խաղաղությունը։ Ու դա անում է թեեւ ալարկոտ, բայց հետեւողականորեն։

Ռուսաստանը պնդում է, որ միայն Մոսկվայում կնքված պայմանագիրը կարող է արդյունավետ լինել, իսկ պայմանագրի մեջ անպայման պետք է ներառվի եռակողմ հայտարարության «միջանցքների» մասին կետը, մոռանալով, որ իրենք եւ Ադրբեջանը չեն կատարել այդ նույն հայտարարության մնացած բոլոր կետերը։ Ընդհանրապես, Ռուսաստանը առավելագույնս օգտագործում է խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները, իրար խառնելով ամեն ինչ՝ էլ ՀԱՊԿ, էլ Ֆրանսիա, էլ նախկիններ, էլ Նիկոլ։

Իսկ Թուրքիա-Ադրբեջանը այս պայմանագրի շուրջ ցուցադրում է ծայրահեղ լկտիություն, Հայաստանից պահանջելով տրամադրել «միջանցքը» եւ հրաժարվել ամեն ինչից՝ անկլավներից, Արցախի հիշատակումից, Արարատի նկարից, Սահմանադրությունից ու Անկախության հռչակագրից։ Եվ այս ամենը ուղեկցվում է ամենակոշտ սպառնալիքներով, հայտարարություններով, որ այլապես կլինի պատերազմ, եւ իրենք արդեն կգրավեն Սեւանն ու Երեւանը։

Նիկոլն, իր հերթին, հաճույքով տիրաժավորում է Ադրբեջանի շանտաժը եւ ասում․ «Բա ի՞նչ, պետք է ենթարկվենք, բա հո պատերազմ չի՞ լինելու, մենք չենք կարող կռվել․ նախկինները թալանել են բանակը, ռուսները զենքը չեն ուղարկում, գեներալները զինվորներին տրուսիկներ ու ելակ չէին տալիս, մի խոսքով շատ վատ վիճակում ենք։ Տեսնում եք, ո՞նց են սպառնում․ պետք է ենթարկվենք, հո չե՞նք թողնելու, որ գան մեզ սպանեն։ Ճիշտ է, հետո կարող է գան սպանեն, բայց մինչեւ այդ մեկ էլ տեսար Ֆրանսիան մեզ փրկեց, Պուտինը մտքափոխվեց, մի խոսքով շանսեր կան։ Իսկ հիմա պետք ենթարկվենք Ադրբեջան-Թուրքիային, Արցախը պետք է հանենք մեր հիշողությունից, մոռանանք հերոսներին, փոխենք Սահմանադրությունը, հետ հանձնենք ադրբեջանական դիվերսանտներին ու սպասենք, թե թշնամիներն ինչ նոր պահանջներ են ներկայացնելու, որ դրանք էլ կատարենք։ Իսկ մինչ այդ սպասենք, որ Նիկոլը խաղաղության խաչմերուկ կառուցի․ դուք հո գիտե՞ք, որ մենք լավ ենք ասֆալտ անում»։

Իսկ նախկինները․․․ Դե, նախկինները հիմա ոչ ոքի չեն հետաքրքրում, բացի Նիկոլից, ով նրանք հերթով դատում է, նստացնում ու փողերը խլում, եւ հընթացս ստեղծում քաղաքական պայքարի իմիտացիա։

Այսինքն, իրականում «Խաղաղության պայմանագիրը», ոչ ոքի պետք չէ, պետք են միայն դրա շուրջ խոսակցությունները։ Բացի Նիկոլի կողմից զոմբիացված հայ ժողովրդից, բոլորն էլ հասկանում են որ, խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու։ Ռուսաստանն  ու Ճապոնիան Երկրորդ Աշխարհամարտից հետո, շուրջ 70 տարի է խաղաղության պայմանագիր չեն կնքել, բայց դա չի խանգարել, որ նրանց միջեւ հարաբերությունները բնականոն զարգանան։

Բոլորն էլ լավ են հիշում եռակողմ հայտարարությունը, որը միայն Հայաստանի ձեռքերը կապեց, իսկ Ռուսաստանին ու Ադրբեջանին ավելի սանձարձակ դարձրեց։ Բոլորն էլ շատ լավ են հասկանում, որ մինչ ռեգիոնում ռազմա-քաղաքական բալանս չհաստատվի, ոչ մի խաղաղության մասին չի կարող խոսք լինել, իսկ բալանսի հաստատման հույսերը դեռեւս շատ տարտամ են, ուրեմն՝ նույնքան անհավանական են երկարատեւ խաղաղության հեռանկարները։

Այսինքն, խաղաղության պայմանագիրն իրականում ոչ ոքի էլ չի հետաքրքրում, բայց հետաքրքրում են դրա շուրջ զարգացումները, խոսակցություններն ու բամբասանքները։ Դրա համար էլ այս պայմանագրի մասին դեռ շատ կխոսեն։

 

Աղասի Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031