Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ղայթմազյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատել է այն դատախազը, որը նման իրավասություն չուներ այս վարույթի շրջանակում, այլ փակագծեր չեմ կարող բացել. պաշտպան

Մարտ 05,2024 22:20

2023 թվականին «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրի անչափահաս մատուցող Ա. Ա-ին ծեծի ենթարկելու դեպքով դեռեւս նախաքննության փուլում կողմերը հաշտության համաձայնության էին եկել, որի վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն՝ է ներկայացվել քրեական հետապնդումը Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ դադարեցնել՝ հաշտության հիմքով:

«Զարմանալին այստեղ այն էր, որ միջնորդությունը վարույթ իրականացնող մարմնի կողմից չի քննարկվել այն դեպքում, երբ քրեական դատավարության օրենսգրքով իմպերատիվ սահմանված է, որ միջնորդությունները պետք է քննարկվեն ու որոշումներ կայացվեն, ինչպես նաեւ կողմերին հնարավորություն տրվի, եթե այդ որոշման հետ համաձայն չեն, այն բողոքարկեն վերադասության կարգով: Մեզ համար դեռ անհասկանալի պայմաններում՝ այդ միջնորդությունը չի քննարկվել, իսկ չքննարկելու վերաբերյալ տեղեկությունը ստացել ենք քրեական  վարույթի նյութերին ծանոթանալու ժամանակ:

Քննիչի կողմից ու հսկողություն իրականացնող դատախազի կողմից թույլ է տրվել դատավարական էական խախտում, ինչը կբարձրաձայնենք դատարանում: Բայց այս գործի շրջանակներում այնքան խախտումներ կան, որոնց մասին հիմա չեմ խոսի։ Այսօր նախնական նիստ է նշանակված, որի ժամանակ միջնորդություն եմ ներկայացնելու քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.  բավականին լուրջ խախտում է  թույլ տրված այս անգամ դատախազական հսկողության իրականացման ընթացքում եւ տեսնենք՝ դատարանն ինչպիսի որոշում կկայացնի:

Եթե իրոք դատարանն արդարադատություն իրականացնի, պետք է որ իմ միջնորդությունը բավարարվի: Մեղադրական եզրակացությունը հաստատվել  է ոչ պատշաճ դատախազի կողմից: Այսինքն՝ մեղադրական եզրակացությունը հաստատել է այն դատախազը, որը նման իրավասություն չուներ այս վարույթի շրջանակում։ Այլ փակագծեր չեմ կարող բացել, չեմ ուզում առաջ վազել, եթե այսօր դատական նիստը կայանա, այդ միջնորդությունը կներկայացնեմ»,- Aravot.am-ին ասաց Արսեն Ղայթմազյանի պաշտպան Աննա Մանթաշյանը:

Հիշեցնենք, որ մատուցողին ծեծի էր ենթարկել  Դիլիջանի քրեականի պետը՝ Արսեն Ղայթմազյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031