Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինակ, այսօրվա դատավորն ինձ վրա շատ ադեկվատ, արդարամիտ մարդու տպավորություն թողեց». Սամվել Հակոբյանն՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի

Մարտ 05,2024 21:33

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքն ընդդեմ քաղաքապետարանի հայցի նախնական լսումներն էին:

Ընդդիմադիր դաշինքի անդամ Սամվել Հակոբյանը վիճարկում է իր ներկայացրած նախագծի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը: Ավագանու ընդդիմադիր անդամը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է անցկացնել քաղաքապետի երդմնակալության արարողության նոր նիստ:

Ըստ Երեւանի ավագանու կանոնակարգի 21-րդ կետի, նախագիծը պետք է գնար քարտուղարություն, աշխատակազմի քարտուղարը այն մակագրեր համապատասխան հանձնաժողովին, ապա նախագիծը քննարկվեր հանձնաժողովի նիստում՝ ավագանու անդամների մասնակցությամբ, որից հետո էլ որոշվում է՝ ավագանու հերթական նիստի օրակարգ ընդգրկվել-չընդգրկվելու հարցը:

Բայց, տվյալ պարագայում, Երեւանի քաղաքապետարանի կազմակերպական վարչությունը նախագիծն անմիջապես մերժել է: Սամվել Հակոբյանը դատարանում պահանջում է, որ նախագիծը ներգրավվի քաղաքապետարանի հերթական նիստի օրակարգ:

Ընդդիմադիր դաշինքը եվս մեկ հայց ունի քաղաքապետարանի դեմ, որով վիճարկվում է 2023 թվականի հոկտեմբերի 13-ի ավագանու նիստը: Այն վերաբերվում է քաղաքապետի երդմնակալությանը: Պահանջվում է այդ նիստը ոչ իրավազոր ճանաչել, քանի որ այն տեղի է ունեցել օրենքի խախտումով՝ քվորում չի ապահովվել, ավագանու 33 անդամ նիստին ներկա չի եղել: Ուստի, ընդդիմադիր խմբակցությունում հայտարարում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինաբար է ստանձնել իր լիազորությունները: Այս հարցը կքննարկվի ապրիլի 15-ին:

Այսօրվա նիստում, քաղաքապետարանի ներկայացուցիչը միջնորդեց՝ միացնել երկու հայցերը, քանի որ դրանք կրկնում են միմյանց: Հայցվորի կարծիքով, սակայն, իրենց պահանջները տարբեր են, քանի որ առաջին պահանջում քաղաքապետի պաշտոնը ստանձնելու իրավազորության մասին խոսք չկա, այս հայցում միակ վիճարկվող խնդիրն այն է, որ իր մուտքագրած նախագծին կանոնակարգի համաձայն չեն վերաբերվել. «Աշխատավարձ ստացող քաղաքապետարանի աշխատակիցը՝ իր վերահսկող մարմնի՝ ավագանու անդամի նախագիծը վերադարձնելու կամ մերժելու գործիքակազմ, իրավունք չունի: Նախագիծը պետք է անպայման ուղարկվի գլխադասային հանձնաժողով, որտեղ կդրվի քննարկման եւ օրակարգ մուտք անելու հարցը կորոշվի»:

Դատարանը միջնորդությունը մերժվեց: Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 1-ին:

Սամվել Հակոբյան

«Մեր գլխավոր պահաջը՝ քաղաքական առումով, ամսի 15-ին է լսվելու: Եթե ամեն ինչ լիներ օրենքի տառին համապատասխան, այս հայցերը չէին լինի: Նախադեպ կա, որ երբ ավագանու նիստին քվորում չի լինում, երեք ամիս անց կառավարությունը նոր ընտրություններ է նշանակում. 2022 թվականի մայիսին, Թալինի ընտրություններն անվավեր ճանաչեց, նշանակեց արտահերթ ընտրություն: Մեր նպատակը՝ քաղաքական առումով, իրականացնել մեր մանդատի գլխավոր պարտականությունը՝ պաշտպանել երեւանցիների շահերը ու եթե այդ նիստը ոչ իրավազոր է ճանաչվում, ստացվում է, որ Տիգրան Ավինյանը ապօրինի կերպով է ստանձնել իր լիազորությունները ու իր բոլոր հանձնարարականները, ստորագրությունները, որոշումները՝ ապօրինի են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Հակոբյանը՝ հավելելով, որ «Ասեք՝ կանենք» կարգախոսով սկսեցին թանկացումներ անել եւ մարդկանց տներ քանդել:

Դատարանի նկատմամբ վստահության մասին մեր հարցին էլ, Սամվել Հակոբյանը պատասխանեց, որ իր գնահատմամբ, դատական իշխանությունը գործում է հիմնականում գործող իշխանության շահերի պաշտպանության համատեքստում, բայց դատական համակարգն ամբողջությամբ չէ իշխանության կամակատարը եւ միշտ կա հույս, որ կլինի բարեխիղճ դատավոր, որը կտա արդարացի վճիռ. «Օրինակ, այսօրվա դատավորն ինձ վրա շատ ադեկվատ, արդարամիտ մարդու տպավորություն թողեց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031