Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Մուսաելյան․ «Ընկերություններին պարգեւատրում են որպես բարեխիղճ հարկատու, ծափահարում, հետո հերթական հարկային ստուգումներն են լինում»

Մարտ 05,2024 19:01

Վրաստանը զրո ինդուստրիայից հիմա ՏՏ կամ ԲՏԱ ոլորտը դարձրել է վիթխարի ինդուստրիայի, այն դեպքում երբ մենք ունեինք բավականին լուրջ հաջողություններ այդ ոլորտում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական  լսումների ժամանակ ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Վրացիները, ինչպես նշեց Մուսայելյանը, ընդօրինակել են Թուրքիայից, որտեղ ոլորտում զրո տոկոս է շահութահարկը, զրո տոկոս է եկամտահարկը․ «Դա էր պատճառը, որ Մայքրոսոֆթը, Օրակլը եւ վերազգային շատ այլ կազմակերպություններ Թուրքիա գնացին ու մինչեւ այսօր այնտեղ հաջողությամբ գործում են»։

Անդրադառնալով ռուս ռելոկանտների ՀՀ-ից արտահոսքին, Մուսայելյանն ասաց՝ 130 հազար ռելոկանտներից մոտ 90 հազարը ՏՏ ոլորտից էին․ «Այսօր 15-20 հազար են մնացել։ Ինչո՞ւ են գնացել, որովհետեւ մեզ մոտ ընդունված է՝ երբ մի խնդիր է լինում, գները բարձրացնում են, հենց խնդիրը լուծվում է, գները չեն իջնում»։

Օրենսդրական նոր փաթեթով եկամտային հարկի 75% վերադարձի առաջարկը քննարկման մասնակիցներն օրենսդիրին եւ գործադիրին առաջարկում են դիտարկել որպես ոչ թե արտոնություն, այլ՝ ներդրում տնտեսության եւ ոլորտի զարգացման համար։

Այս առնչությամբ Մուսայելյանն ասաց՝ Հայաստանի ապագայում ներդրում կարվի այն դեպքում, երբ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ գումար կներդնի իր երկրում կրթության, հետազոտությունների, գիտության բնագավառներում․ «Այս օրենքներն ընդունելիս այդ երաշխիքները պետք է հստակ ունենանք, որ այդ գումարները, որոնք պետք է վերադարձվեն կամ ներդրվեն Հայաստանի ապագայում, պետք է մնան Հայաստանում»։

Մուսայելյանն անդրադարձավ նաեւ հարկային սուգումներին, ասաց՝ ակնհայտ է, որ ՏՏ ոլորտը ամենասպիտակն է միշտ եղել․ «Ամեն տարի այդ հարկային ստուգումները․․․անհասկանալի է․․․ այնպիսի տպավորություն է, որ մեր հարկայինն այնքան ռեսուրս ունի, որ հիմնականում գնում են ստուգումների այն ընկերություններ, որտեղ տարիներ ի վեր մի դրամի տուգանք չի եղել։ Ընկերություններին պարգեւատրում են որպես բարեխիղճ հարկատուներ, ծափահարում են, գլուխ են գովում որ այդպիսի ընկերություններ կան Հայաստանում, ու դրանից հետո հերթական հարկային ստուգումներն են լինում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031