Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Հասան-Ջալալյան. «Եթե մարդիկ կան, որոնք պատրաստ են մոռանալ Արցախը, համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, նրանք պիտի հանրության մեջ պախարակվեն, դատափետվեն, քննադատվեն»

Մարտ 05,2024 18:40

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանի բարձրաստիճան իշխանության կողմից ընդգծված հակառուսական մոլի քարոզչությանը, ասաց, որ անձամբ ինքը արտաքին քաղաքական կողմնորոշումով ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ չէ: «Բայց այն, ինչ ասել եմ, ասում եմ եւ կասեմ, օկուպացված Արցախի եւ մասնակիորեն օկուպացված Հայաստանի շահերի սպասարկման դիրքերից հանդես գալու միտում ունի:

Ովքեր Ռուսաստանի հասցեին վատաբանում են, պիտի ասեմ, որ այդ մարդկանց խոսույթը չի կարող մեծ իմաստով տարբերվել Նիկոլ Փաշինյանի խոսույթից, որովհետեւ նրանք համարվում են իր թիմի կամ խմբի անդամներ: Բայց ուզում եմ ասել, որ Ռուսաստանի գրեթե բոլոր պաշտոնյաները խոսում են հայ-ռուսական լարված հարաբերությունների մասին, բացառությամբ մի պաշտոնյայի՝ Ռուսաստանի նախագահի: Ավելին, Ռուսաստանի նախագահը վերջերս իր հրապարակային խոսքում ասաց, որ մեր մեջ ամեն ինչ նորմալ է, որեւէ խնդիր չկա, Նիկոլ Փաշինյանը իրեն է զանգում, ինքն էլ նրան է զանգահարում:

Ես այս իմաստով ուզում եմ զգուշավոր վերապահումով մոտենալ Ռուսաստանի  նկատմամբ «դեմարշներին»: Գործնական հողի վրա դեռեւս հստակ ոչինչ չկա, Հայաստանի ներկայիս վարչակազմի կողմից չի երեւում նման բան, բացառությամբ, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀԱՊԿ-ում մենք մեր անդամությունը սառեցրել ենք: Բայց այստեղ էլ ուզում եմ ասել, որ ես ուսումնասիրել եմ ՀԱՊԿ-ին առնչվող իրավական ակտերը, կանոնադրությունը: Վերջինում «անդամության սառեցում» կարգավիճակ որպես այդպիսին գոյություն չունի: Այսինքն, եկեք այս իմաստով դեռ չշտապենք:

Իսկ  ինչ վերաբերում է վեկտոր փոփոխելուն, ես ունեմ հետեւյալ մոտեցումը: Ես կողմնակից չեմ թողնել մեկին, բռնել մյուսին կամ հակառակը: Մենք մեր մեջ այդ հարցադրումն ընդհանրապես չպետք է քննարկման առարկա դարձնենք: Այսպիսի քաղաքականությունը ես չեմ ողջունում: Մենք ինքներս պիտի կարողանանք դառնալ գործոն: Եվ կտեսնենք, որ միջազգային հարաբերություններում քաղաքական խաղացողները իրենք մեզ կգտնեն, հարվավկովկասյան տարածաշրջանում իրենց շահերը սպասարկելու նպատակով իրենք մեր հետ հաշվի կնստեն»,- ասաց նա:

Ստեփան Հասան-Ջալալյանը խոսեց նաեւ նախկիններից այսօր Նիկոլ Փաշինյանի թիմում գտնվող պաշտոնյաներից մեկի՝ Արցախը մոռանալու եւ ստեղծված իրավիճակին հարմարվելու արտահայտության մասին: «Արցախի կորստի հետ մենք երբեք իրավունք չունենք համակերպվելու: Ավելին, մենք ունենք հսկայական փաստեր եւ փաստարկներ՝ հիշելու Արցախի մասին մշտապես եւ նաեւ չմոռանալու՝ քայլեր ձեռնարկել Արցախի դեօկուպացիայի հասնելու եւ Արցախի մեր հայրենակիցներին Արցախ վերադարձնելու խնդրի իրականացմանը: Մոռանալ Արցախը, նշանակում է մոռանալ քո հայրենիքը, մոռանալ քո տունը: Եթե մարդիկ պատրաստ են այդպես անել, դա առանձին մարդկանց խնդիրն է, ինչը պիտի հանրության մեջ պախարակվի, դատափետվի, քննադատվի»,-ասաց քաղաքագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031