Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտում մոտ 5 հազար մեկ հոգանոց կազմակերպություններ կան, որոնց հիմնական մասը օտարերկրացիներ են․ Սերգեյ Մուրադյան

Մարտ 05,2024 18:11

Մենք հստակ համոզմունք ունենք, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը պետք է ունենա արտոնություններ եւ լինի մրցակցային։ Այս մասին այսօր ԱԺ-ում  ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Սթեփ քընսալթինգ» ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը։

Նա ներկայացնելով ՊԵԿ-ի՝ ոլորտի վերաբերյալ նախնական տվյալներն, ասաց՝  2023-ին ՏՏ ոլորտի շրջանառությունը գերազանցել է 2 մլրդ դոլարը, աշխատողների թվաքանակը գերազանցել է 50 հազարը, 2022  թվականի նկատմամբ 2023-ին ոլորտի աճը կազմել է 44%,  միջին աշխատավարձը կազմում է 1 միլիոն 38 հազար դրամ:

Անդրադառնալով օրենսդրական փաթեթին, Մուրադյանն ասաց՝ ոլորտում կան 4 հազարից 5 հազար  մեկ հոգանոց կազմակերպություններ, որոնց հիմնական մասը օտարերկրացիներ են․«Այստեղ սպառում կազմակերպելով նրանք վճարում են ԱԱՀ՝ տարեկան երեք միլիարդ դրամ։ Օրենքի նախագծի տեսանկյունից մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անում մեկ հոգանոց կազմակերպությունների դեպքում, որովհետեւ այլ հավասար պայմաններում հավաստագրվելու դեպքում նրանք որեւէ հարկ չեն վճարում պետական բյուջե, բացի պարտադիր վճարներից»։

Մուրադյանն ասաց, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում 30 տարվա տեսլական որեւէ մեկը չունի եւ հնարավոր չէ կազմել, բայց միեւնույն ժամանակ բիզնեսին պետք է տալ հնարավորություն` իր զարգացումը ծրագրելու։

«Օրենսդրական այս փաթեթով սահմանվում է եկամտային հարկի 75% -ի հետվերադարձ, որը նշանակում է բյուջեում որպես եկամուտ մնալու է եկամտային հարկի մեկ քառորդը։ Եթե 2023-ի ցուցանշները գումարենք, կստացվի մենք  ունենք բավականին մեծ ծախսային հոդված։ Սա պետք է քննարկման առարկա դառնա»,-ասաց Մուրադյանը։

Նա նաեւ նկատեց, որ նախագծով առաջարկվում է ոլորտի շահույթը չհարկել․«Այսինքն եկամուտները եկամուտ չհամարել, ծախսերը ծախս չհամարել։ Այստեղ նույնպես վիճարկելիություն կա, այսինքն, շահույթ ունեցող կազմակերպությունն ինչո՞ւ չպետք է հարկվի շահութահարկով։ Բայց  միեւնույն ժամանակ կա մրցակցայնության միջավայր ապահովելու խնդիր։ Այս երկուսի համատեքստում պետք է հայտարար գտնվի եւ ոչ միանգամից։ Մեր տեսլականն այն է, որ որեւէ արտոնյալ դրույքաչափով շահութահարկի հարկումից կարելի է այդ գումարներն ուղղել  դեպի ոլորտի այլ խթանման ծրագրեր»։

Ոլորտում կրթական ծրագրեր մատուցողներն, ըստ Մուրադյանի, պետք է հնարավորություն ունենան օգտվել արտոնություններից, հատկապես այն դեպքում, երբ ծառայությունը մատուցում են Հայաստանում։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031