2023 թվականի սեպտեմբերից նկատվում է ՏՏ ոլորտում զբաղվածների թվի նվազում, այսօր էլ տեղի է ունենում եւս մեկ ռելոկացիա՝ արդեն Հայաստանից։ Այս մասին այսօր ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՏՏ համայնքի կողմից ստեղծած աշխատանքային խմբի վերլուծությունը ներկայացնող Սեւակ Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ նախնական գնահատականով՝ 2023 թվականը ՏՏ ոլորտի համար վատ չի եղել, բայց 2023-ի վերջին ամիսներին ու 2024-ի հունվարին ոլորտի աշխատողների քանակի կրճատում է եղել։
«Այսօր մենք ունենք փաստացի տվյալներ, որ շատ ընկերություններ, որոնք 700-800 աշխատակիցներ էին բերել Հայաստան, արդեն դրանց մեծ մասը տեղափոխել են Վրաստան, որովհետեւ Վրաստանն ագրեսիվորեն նրանց ավելի բարենպաստ պայմաններ է առաջարկում։ ՊԵԿ-ը դեռ չի ներկայացրել այդ ընկերությունների վճարած հարկերի վերաբերյալ 2023-ի ամբողջական տվյալները, դրանք ստանալուց հետո կկարողանանք ամբողջական պատկերը տեսնել»,-ասաց Հովհաննիսյանը։
Խորհրդարանական այսօրվա լսումներում ներկայացվել է ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություն եւ օրենսդրական փաթեթ, որը ոլորտի կողմից փոխհամաձայնեցված առաջարկ է, ենթադրվում է, ինչպես Հովհաննիսյանն ասաց, որ որոշ դրույթներ հստակեցման, խմբագրման կարիք ունեն։
Կարդացեք նաև
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պետական ֆինանսավորում ոլորտի գիտության եւ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերում։
Տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ է արդյոք գիտությունը կլանել այդ ֆինանսավորումը, կամ որքանն է կարող կլանել։ Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց՝ ոլորտի ռազմավարությամբ լրացուցիչ հիմնավորում կտրվի, թե ոլորտի գիտական ֆինանսավորումը որքանով է հնարավոր կլանել կամ ինչ չափի ծախսեր են հարկավոր․ «Միանշանակ է, որ այսօր մեր գիտության ծախսերը ՀՆԱ-ում 1%-ին էլ չեն հասնում, չնայած բարձրացումներին։ Բայց այսօր Հայաստանի նման զարգացող երկրները, որոնք ուզում են արագ աճ ունենալ ՀՆԱ-ում՝ գիտության վրա ծախսերը 3-4% են։ Ինչքանով է ոլորտը պատրաստ կլանել ծախսերը, դա կախված է նրանից, թե ինչպիսի տնտեսություն ենք զարգացնում ՏՏ ոլորտում՝ ստարտափային շարժում է, թե՝ ոչ, գլոբալ ընկերություններ ենք ներգրավում»։
Հովհաննիսյանը Իսրայելի օրինակը բերեց, ասաց՝ Իսրայելում պետությունը 100%-ով ֆինանսավորում է առաջին պայմանագրի ծախսը, երբ գիտահետազոտական ինստիտուտին կամ մասնավորին պատվեր է իջեցվում, ընդ որում, այդ ֆինանսավորումը կարող է հասնել մինչեւ 1 միլիոն դոլարի։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ