Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեմերի ոլորտը միշտ է փոխվում»․ Սամվել Մարտիրոսյան

Մարտ 05,2024 16:47

Այսօր համացանցում շատ են շրջանառվում տարբեր տեսակի մեմեր, որոնք ունեն իմաստային տարբեր առանձնահատկություններ։

Այս թեմայով զրուցել ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

-Ե՞րբ են ի հայտ եկել մեմերը սոցհարթակներում և Հայաստանում։

-Մեմերը սկսվեցին ձևավորվել 2000-ին։ Ֆորումների և «life journal» բլոգային հարթակների ժամանակահատվածում։ Իսկ Հայաստանում այն լայն տարածում գտավ և զարգացավ 2012թ-ին համացանցի ձևավորման հետ միասին։

Ֆեյսբուք» սոցհարթակում ո՞ր մեմերի տեսակներն են ամենաշատը տարածված։

-Հիմնականում քաղաքական բնույթի մեմերն են տարածված, նույնիսկ եթե այլ տարբերակ լինում է, ապա ունենում է իր մեջ երբեմն քաղաքական երանգ։ Սիթքոմները նույնպես մեծ տարածում ունեն, ընդ որում Հայաստանում առաջին տեղը տասնամյակներ պահպանում են «Կարգին հաղորդումից» ստեղծված տարբերակները։

-Ի՞նչ դեր են խաղում մեմերը «Ֆեյսբուք»-ում առցանց խոսակցությունների և համայնքների ձևավորման գործում։

-Մեմերը միշտ էլ համայնքաշինական բնույթ ունեն ու յուրահատկությունը նրանում է, որ ի տարբերություն այլ ցանցային հասարակությունների՝ Հայաստանում նեղ խմբավորման մեմերն այդքան էլ տարածված չեն։ Հայաստանում ենթամշակույթային բաժանումը քիչ է, դրա համար հիմնականում մեմերը ընդհանուր բնույթ են կրում և «Ֆեյսբուք»-ում հենց բավականին լուրջ դեր ունեն։

-Ո՞ր քաղաքական գործչի կերպարներն են ասոցացվում մեմերի հետ։

-Եթե այս հարցը 7-8 տարի առաջ տայիք, ապա կպատասխանեի, որ կար միակ չեմպիոն․ դա Գալուստ Սահակյանն էր։ Հիմա ավելի շատ տարածված են մեմեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Արզաքանցյանի, Հովիկ Աղազարյանի, Դոգի մասին։

 -Մեմերը ունեն դրական, թե բացասական բնույթ։

-Կախված է, թե մեմը ստեղծվում է հակառակորդին ոչնչացնելու համար, թե ընդհանուր զվարճալի իրավիճակը շեշտելու։ Մեծ հաշվով, Հայաստանում երկու տարբերակն էլ կա։ Ընդհանուր մեմային լեզվով ասած՝ գաղջ մթնոլորտի մեջ բացասականները, կարծում եմ, գերիշխող են։

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է առանձնանում «Ֆեյսբուքյան» մեմը այլ սոցիալական մեդիայի հարթակների մեմերից

-«Ֆեյսբուքյան» մեմերը յուրահատուկ են այն պատճառով, որ ամենամեծ հարթակում են գտնվում, ամենաշատ քաղաքական քննարկումներով։ Եթե վերցնենք այլ հարթակներ, ապա «Տիկտոկ»-ում ամեն ինչ շատ արագ է փոխվում և լսարանը այդքան միանշանակ չէ, «Լինկդին»-ում տեղական մեմեր որպես այդպիսին գրեթե չկան, հիմնականում ամերիկյան ինչ-որ բիզնես ոլորտի հետ կապված մեմեր են։ Մեմային տեսանկյունից շատ ակտիվ է «Թվիթերը», պարզապես այնտեղի լսարանն է փոքր։

-Նկատե՞լ եք որևէ միտում կամ փոփոխություն մեմերի տեսակների մեջ, որոնք ժամանակի ընթացքում լավ են աշխատում «Ֆեյսբուք»-ում։

-Մեմերի ոլորտը միշտ է փոխվում։ Սա մի բան է, որը կառչած է ընդհանուր դիսկուրսին, հռետորաբանությանը, նարատիվներին, ժարգոնին, որը նույնպես փոխվում է։ Մեմային մոտեցումները իրենք 1-2 տարի հետո ընկալելի չեն։ Օրինակ «Ֆեյսբուք»-ում մարդիկ երբեմն հարցումներ են անում, թե մեմի վերաբերյալ տվյալ գրությունը ինչ առիթով են գրել։ Մեմերը շատ տվյալ պահին կպած են։ Հայաստանյան ցանցային հիշողությունը բավականին կարճ է, այսինքն՝ ասպարեզում ինչ-որ բան շատ երկար չի մնում։

-Ըստ Ձեզ որքանո՞վ է կարևոր հումորը մեմերի հաջողության համար:

-Մեմերը միշտ հումորայի հատվածներ ունենում են․ դա կարող է լինել սև հումոր կամ այլ տեսակի հումոր։ Հակառակ դեպքում մեմերը լայն տարածում չեն ստանում մեծ հաշվով։

-Ինչպե՞ս են մեմերն ազդել համացանցի մշակույթի վրա, որպես ամբողջություն, և ինչպե՞ս եք տեսնում դրանց դերը հետագայում։

-Մեմը որպես այդպիսին այդ պահի, իրավիճակի ինչ-որ կոնցենտրացված տարր է, որը թույլ է տալիս մեկ նկարով, կամ մեկ արտահայտությամբ միանգամից փոխանցել մեծ քանակի մշակույթային ինֆորմացիա։ Այդ առումով մեմերը միշտ լինելու են։ Այլ հարց է, որ իրենք ձևափոխման մեջ են անընդհատ։ Օրինակ վիդեո մեմերը բավականին նոր բնույթ ունեն, առաջ ավելի շատ մեմերը լուսանկար կամ տեքստային էին, բայց դա էլ կախված է տեխնիկական զարգացման հետ։

Լուսինե ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031