Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբորս ազատագրած Արցախը թաղողների մասին ես ելույթ ունեմ, թե ով եւ երբ էր թաղում, երբ որ 5000-ով քո նմանները քվե էին առնում». Արամ Սարգսյանը Եռաբլուրում բարկացավ

Մարտ 05,2024 15:48

Այսօր ինչպես տեղեկացրել ենք, Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը Եռաբլուր էր եկել վարչապետ Փաշինյանի հետ: Իշխանականները երբ գնացին, Եռաբլուր այցելեցին ընդդիմադիրները:

Լրագրողները Արամ Սարգսյանին հարցրեցին՝ այս իրավիճակը, որում հայտնվել ենք մենք, ա՞յն էր, ինչի մասին երազում էր Սպարապետը: Նա պատասխանեց. «Վազգենն իր տեսակով դարձել է սիմվոլ ազգի համախմբման եւ հաղթանակի: Առավոտյան եկել են իշխանությունները, հիմա եկել է ընդդիմությունը, Վազգենը կարողանում էր դա անել ու դա ամենաճիշտն է: Մեր երկրին համախմբվել է պետք, ոչ թե իրար մեջ ինչ-որ բաներ ման գալ»:

Հարցին՝ այսօր այս իշխանությունը Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախն ասում է՝ «Ադրբեջան է եւ վերջ», Դուք այդ իրողության հետ հա՞շտ եք՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կիսում ձեր տեսակետը: Դա ձեր տեսակետն է, դուք ստում եք»:

Արամ Սարգսյանը բարկացավ ու հայտարարեց. «Ես քաղաքական հարցազրույց չեմ պատրաստվում եղբորս ծննդյան օրը տալ, դուք լրագրությունը եւ լաչառությունը խառնում եք իրար: Անհարմար է, Եռաբլուրում ենք: Թողեք, ես եկել եմ եղբորս շիրիմին՝ ծնունդը շնորհավորելու, ծնունդը շնորհավորեցի, գնամ: Ես ձեզ չեմ խոստացել որեւէ հարցազրույց տալ ու չեմ ուզում որեւէ մեկիդ հետ բանավիճել»:

Դիտարկմանը՝ ուղղակի Դուք աջակցում եք մի իշխանության, որը թաղել է Ձեր եղբոր ազատագրած Արցախը, նա իր կյանքն էր դրել դրա համար՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Եղբորս ազատագրած Արցախը թաղողների մասին ես ելույթ ունեմ: Կարող եք նայել, համաձայնել կամ չհամաձայնել, թե ով եւ երբ էր թաղում, երբ որ 5000-ով քո նմանները քվե էին առնում, այ էդ ժամանակ»:

Լրագրողը արձագանքեց, որ քվե երբեք ոչ մեկին չի տվել, Զավենիչը մեղադրեց. «Եվ չես էլ տալու, որովհետեւ վճարվում ես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031