Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու համաձա՞յն ես, որ էդ գերիների փոխարեն Զանգեզուրի միջանցքը տանք, եթե համաձայն եք, ժողովուրդ, ասեք, հա, Զանգեզուրն էլ տվեք». Գագիկ Մելքոնյան

Մարտ 05,2024 13:55

«Այն խառը ժամանակները, երբ շունը տիրոջը չէր ճանաչում, Վազգեն Սարգսյանը կարողացավ համախմբել ու հիմք դրեց բանակի ստեղծմանը: Հիմա, փառք Աստծո, մենք ունենք բանակ, ԳՇ, ՊՆ: Մենք պիտի օգնենք մեր բանակին, որ այս ժամանակավոր պարտությունից հետո նորից կարողանանք ոտքի կանգնենք, ամրացնենք մեր սահմանները ու մեր անվտանգության հարցը լուծենք ինքներս»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ նա ասաց. «Մեզ պետք է ունենալ լավ սպառազինություն, ինչպես տեսնում եք, տարբեր երկրների հետ ունենք պայմանագրեր, զենք ենք ձեռք բերում, ժամանակակից սպառազինություն ենք ձեռք բերում: Մենք հույսը պիտի դնենք մեր վրա, մեր անվտանգության մասին պիտի մտածենք մենք, որովհետեւ համոզվեցինք այսքան ժամանակ, որ ՀԱՊԿ-ը մեզ ոչ մի բանով չի օգնել, բացի վնաս տալուց, նաեւ մնացած մեր դաշնակիցները չեն օգնել: Երբ հակառակորդի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում, ոչ ոք նույնիսկ քաղաքական հայտարարություն չի անում, որ Ադրբեջանն իր զորքերով գտնվում է Հայաստանի տարածքում»:

Հարցին՝ Վազգեն Սարգսյանն ի՞նչ կասեր, երբ տեսներ, որ իր ստեղծած բանակի մեջքը փորձում են կոտրել, զինվորին թույլ չեն տալիս կրակել, եթե կրակում են, ասում են՝ հետաքննություն կանենք, կպատժենք՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Վազգեն Սարգսյանը կասեր՝ դուք սուտ եք խոսում, որովհետեւ ոչ ոք զինվորին չի կարող արգելի, որ ինքը կրակի: Զինվորը հենց նրա համար է, որ երբ ինքը տեսնում է հակառակորդը մոտենում է, պարտադիր պիտի կրակի, դա իր պարտականությունների մեջ է մտնում: Հետո իր հետ ոչ մի բան չի կարող լինել, որովհետեւ ինքը իր պարտականություններն է կատարել: Ինքը ինչի՞ է նստած դիրքում, եթե չի կրակում, ինչի՞ է նստում էնտեղ, թող գա իրա տունը նստի: Իր պարտականությունների մեջ մտնում է սահմանը պաշտպանել ու եթե տեսնում է հակառակորդը մոտենում է, պարտադիր պիտի կրակի: Ով ձեզ եսիմ ինչեր է բացատրում, հեքիաթներ են դրանք»:

Հարցին՝ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, մենք պատրաստ ենք Ադրբեջանին վերադարձնել մեր տարածք մտած ադրբեջանցի զինծառայողին, ինչի՞ դիմաց ենք նրան տալիս՝ Մելքոնյանը պատասխանեց, որ ամեն ինչ առեւտրի առարկա է, փոխանակման խնդիրներ կան. «Մենք թշնամու հետ բանակցում ենք, պետք չի, որ ամեն մի գաղտնիք բացեիբաց ցրենք աշխարհով մեկ»:

Հարցին՝ ինչո՞ւ ենք ադրբեջանցուն վերադարձնում, իսկ մեր գերիների հետ կապված Փաշինյանն ասում էր ոչինչ, երկու ամիս թող համբերեն Բաքվի բանտում, 2 ամսից անցավ 4 տարի՝ Մելքոնյանը պատասխանեց. «4 տարի է անցել, որովհետեւ իրենք էնպիսի պահանջներ են դնում: Դու համաձա՞յն ես, որ էդ գերիների փոխարեն Զանգեզուրի միջանցքը տանք: Եթե համաձայն եք, ժողովուրդ, ասեք, հա մենք համաձայն ենք, որ Զանգեզուրն էլ տվեք, բերեք գերիներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031