Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինստիտուտում քաոսային վիճակ է». Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի պրոռեկտորը դիմել է դատարան

Մարտ 05,2024 13:30

Տեւական ժամանակ է, ինչ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում կրքերը բորբոքված են: Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը Aravot.am-ի հետ զրույցում բուհում տիրող վիճակը քաոսային է որակում, ինչից նրա խոսքով, տուժում են նաեւ ուսանողները:

Այս տարվա հունվարի 9-ից ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Տիգրան Սիմոնյանը, քանի որ ՀՀ դատախազությունը ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի նկատմամբ 2023թ. մայիսի 2-ին քրեական հետապնդում է հարուցել՝ պաշտոնական կեղծիքի մեղադրանքով։ Խիթարյանն Aravot.am-ին ասել էր, որ իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում:

Ըստ մեր տեղեկությունների՝ ներկայումս բուհում պառակտված են խիթարյանականների եւ նուշիկյանականների (նախկին ռեկտոր Անժելա Նուշիկյանի համախոհներ-Գ.Հ.):

«Գիտխորհրդի որոշումներ են կայացվում՝ կանոնակարգերի եւ ընթացակարգերի խախտումներով: Ես երկու անհիմն նկատողություն եմ ստացել: Երկուսի պարագայում էլ իմ գործառույթից բխող գործողություններ եմ կատարել, բայց իրավաբանը առանց հղում տալու որեւէ ընթացակարգի կամ կարգի, որը խախտվել է, որակել է, որ իբր ինձ չվերապահված գործունեություն եմ իրականացրել: Լիկվիդացիոն շրջանն ավարտվում է, ազատման հրամաններ են տրվել, բայց ռեկտորի կողմից հրահանգ է իջեցվում բակալավրի բաժնի ղեկավարին, որ չեղյալ համարվեն ինչ-ինչ հրամաններ: Ֆակուլտետի նիստ է արվում, որտեղ որոշվում է, որ ուսանողները երրորդ լիկվիդացիոն շրջան ունեն, ինչը հակասում է կառավարության որոշմանը: Սա կրթական ոլորտին ոչ հարիր իրավիճակ է, էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ պայմաններում են անցնում գիտխորհրդի նիստերը, ռեպլիկներով, մեկը մյուսին բան ասելով: Գիտխորհուրդը դեռ չեղած՝ արդեն հանգուցալուծումը գիտենք, թե որ հարցը ոնց է լինելու»,-ասաց Լուսինե Ստեփանյանը:

Պրոռեկտորից հետաքրքրվեցինք, թե ինչ գործողություններ է կատարել, որ համարել են իր լիազորություններից դուրս: Նա ասաց, որ խոսքը վերաբերվում է մի կրթական ծրագրի, մի առարկայի համար նեղ մասնագետ պետք է հրավիրվեր: Դա հաստատվել է հուլիս ամիսին, եւ միանձնյա չի եղել, բայց խիստ նկատողություններ իրեն են տրվել: Հիմա պրոռեկտորը դատարան է դիմել՝ հրամաններն անվավեր ճանաչելու պահանջով:

Լուսինե Ստեփանյանը նշում է, որ բուհում տիրող իրավիճակը երկար չի կարող շարունակվել, արդեն ուսանողներն են մոտենում եւ ասում են, որ այս իրավիճակն ազդում է իրենց վրա, չնայած, նրա ձեւակերպմամբ, ինքը եւ բուհի մի շարք աշխատակիցներ ամեն ինչ անում են, որ ուսանողները այս ամենին մասնակից չլինեն: «Ուսանողի կողքին լինելը չի նշանակում ուսանողին ասել, որ վերջ, ոչ մեկ դուրս չի մնալու, կարող եք չսովորել: Այսօր, ցավոք, այդ ամենը ոչ միայն խոսակցությունների մակարդակով է արվում, այլ արդեն իրավական հենք են ուզում ստեղծել դրա համար, որ ուսանողությունը հնարավորություն ունենա երրորդ վերահանձնման շրջանի: Նման բան գոյություն չունի ոչ մի բուհում: Երրորդ վերահանձնման հնարավորություն հատուկենտ դեպքերում է լինում, եթե նախորդ երկու վերահանձնման շրջանում հարգելի պատճառներով ուսանողը չի կարողացել մասնակցել»:

Պրոռեկտորի համոզմամբ, լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը պետք է խառնվի եւ կարգի բերի վիճակը բուհում, սակայն իրենց գրավոր դիմումներին նախարարությունից պատասխանել են, որ դա բուհի ներքին հարցն է: Լուսինե Ստեփանյանը հավելեց, որ անձամբ ինքը գրավոր դիմել է ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, որն իրեն պաշտոնապես պատասխանել է, թե այդ ամենը բուհի ներքին հարցերն են, որոնք պետք է լուծվեն ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարի հետ, իսկ եթե չեն կարողանում լուծել ներսում, ուրեմն պետք է դիմեն դատարան, ինչն ինքն արել է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031