Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՇ պետի պատասխանը, թե ինչու է Ադրբեջանը մեր ինքնիշխան տարածքում դիրքեր դրել. «Եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա երեւի այդքան էլ, մենք ունենք»

Մարտ 05,2024 12:59

«Ներկա դրությամբ կուտակումներ չկան, ՀՀ զինված ուժերը ուշիուշով հետեւում են հակառակորդի շարժերին, այդպիսի կուտակումներ չկան: Օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե սպարապետ Վազգեն Սարգսյանի ազատագրածն ո՞վ պետք է պահեր, հիմա ի՞նչ ենք անում Սյունիքի ուղղությամբ, Գեղարքունիքի ուղղությամբ, երբ Սյունիքում զորքեր են կուտակում, Ներքին Հանդում 20-ից ավելի ադրբեջանական դիրքեր են տեղադրել:

Ինչ վերաբերում է Ներքին Հանդում ադրբեջանական դիրքերին, Ասրյանն ասաց. «Շփման գիծն իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ ե՛ւ հակառակորդի, ե՛ւ մեր կողմից դիրքեր են տեղադրված: Ու եթե հակառակորդը ունի 20 դիրք, ապա երեւի այդքան էլ, քանակը չբացազատեմ, մենք ունենք»: Զարմանքին, որ խոսքը մեր ինքնիշխան տարածքում իրենց դիրքերի մասին է, ընդ որում, նույն իրավիճակը Ջերմուկում էր, Ասրյանն ասում էր՝ կհոգնեն, կգնան, բայց չհոգնեցին ու չգնացին՝ նա պատասխանեց. «ՀՀ զինված ուժերը ներկա դրությամբ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները ու եթե դուք դա կասկածում եք, ապա այցելեք ու համոզվեք»:

Դիտարկմանը, որ հետ չեն շպրտվում, մինչեւ այսօր Ջերմուկում չեն հոգնել ու չեն գնացել՝ Ասրյանը հորդորեց այդ հարցը գրավոր ուղարկել ՊՆ, քանի որ պատասխանը գաղտնիություն է պարունակում. «Ուղարկեք հարցը մամուլի քարտուղարի միջոցով, ես բարեհամբույր ձեր հարցերին կպատասխանեմ»:

Ռուսական զենքի մատակարարման խնդիրների հետ կապված հարցը նույնպես Ասրյանը հորդորեց ուղարկել գրավոր:

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը ինչի՞ կարող է հանգեցնել եւ մեր անվտանգային միջավայրը որքանո՞վ է փոխկապակցված ՀԱՊԿ-ի հետ՝ Ասրյանը պատասխանեց. «Մենք դեռեւս ՀԱՊԿ-ից դուրս եկած չենք, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը թե ինչի կհանգեցնի, այդ հարցը եւս գաղտնիք է պարունակում»:

Ճշգրտմանը՝ համատեղ կառուցվածքներ կան բանակում, ի՞նչ է լինելու դրանց հետ՝ ԳՇ պետը պատասխանեց. «Համատեղ կառուցվածքներ կան թղթի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031