«Լրագրողներին վերահսկելու համար լրտեսական ծրագրերի ապօրինի տեղադրում, լրագրողների դեմ դատական հայցերի օգտագործում՝ նրանց աշխատանքը խոչընդոտելու համար, հետապնդման մեջ գտնվող բազմաթիվ լրագրողներ՝ հատկապես Ռուսաստանից և Բելառուսից»,- այսպիսի մտահոգություններ են ներկայացված Եվրոպայի խորհրդի Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակի գործընկեր կազմակերպությունների 2023 թվականի տարեկան զեկույցում:
«Լրագրողների անվտանգության հարթակ»-ը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2015 թվականին՝ համագործակցելով խոսքի ազատության ոլորտում գործող հայտնի միջազգային ՀԿ-ների և լրագրողների ասոցիացիաների հետ: Հարթակի 15 գործընկերներից են Լրագրողների եվրոպական ֆեդերացիան, Լրագրողների միջազգային ֆեդերացիան, Եվրոպական լրագրողների ասոցիացիան, «Հոդված 19», «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունները, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Գրաքննության ինդեքսը, Մամուլի միջազգային ինստիտուտը և այլ կազմակերպություններ:
«Մամուլի ազատությունը Եվրոպայում՝ ալիքը շրջելու ժամանակը» վերնագրով զեկույցը ներկայացնում է մամուլի ազատությունը խաթարող հիմնական խնդիրները՝ ներառյալ սպառնալիքներն ու ահաբեկումները, կալանավորումը, սահմանափակող օրենսդրությունը, չարաշահման հայցերը, լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումները, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում բարձրացված խնդիրների լուծման համար։
2023-ին հարթակի գործընկերները հրապարակել են 285 ահազանգ Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության դեմ լուրջ սպառնալիքների կամ հարձակումների վերաբերյալ․2022-ին հրապարակվել է 289 ահազանգ: Չնայած 2023 թվականին լրագրողների սպանությունների և նրանց նկատմամբ բռնությունների թիվը նվազել է, այնուամենայնիվ, հարթակի ահազանգերն արձանագրում են աճող բազմազանություն սպառնալիքներ, ճնշումների և սահմանափակումներ, որոնց ներքո են լրագրողները կատարում իրենց աշխատանքը։
Կարդացեք նաև
Զեկույցի հրապարակման առիթով ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է․ «Լրագրողների անվտանգության հարթակի զեկույցը վկայում է Եվրոպայում լրագրողների և լրատվամիջոցների առջև ծառացած աճող ռիսկերի ու խոչընդոտների մասին։ Մենք անդամ պետությունների կողմից վճռական գործողությունների կարիք ունենք՝ պաշտպանելու լրագրողներին և հակազդելու ԶԼՄ-ների ազատությանը սպառնացող վտանգներին, ինչպիսիք են դատական հայցերը և լրագրողների նկատմամբ անօրինական հսկողությունը: Լրագրողների անվտանգությունը բարձրացնելու համար ԵԽ անդամ երկրները պետք է ամուր հանձնառություն դրսևորեն հարգելու լրատվամիջոցների ազատության չափանիշները և խթանեն Եվրոպայի խորհրդի «Լրագրողները կարևոր են» քարոզարշավին ազգային մակարդակով»։
Զեկույցում ընդդեմ լրատվամիջոցների ազատության նախաձեռնություն է համարվում Ռազմավարական հայց՝ ընդդեմ հանրային մասնակցության նախաձեռնությունը, որը նախաձեռնվել է քաղաքական գործիչների և բիզնես դերակատարների կողմից՝ հիմնված հեղինակության պաշտպանության մասին ազգային օրենքների վրա՝ նպատակ ունենալով ոտնձգությունների ենթարկել լրագրողներին ԶԼՄ-ներին քրեական դատավճիռների, վնասների համար բարձր փոխհատուցում վճարելու և ծանր տուգանքների միջոցով։ Զեկույցում ամրագրված է, որ նույնիսկ մամուլի ազատության ուժեղ ավանդույթներ ունեցող երկրներում հաճախ իրականացվում է լրագրողների նկատմամբ դատական հետապնդում։
Մամուլի ազատության համար լուրջ սպառնալիք են լրտեսական ծրագրերը։ Զեկույցում ամրագրված է․ «Pegasus լրտեսական ծրագիրն օգտագործվել է Ադրբեջանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իսպանիայի, Թուրքիայի և այլ երկրների լրագրողներին գաղտնալսելու և հետևելու համար։ Այն նաև օգտագործվել է հայ լրագրողներին հետևելու համար՝ հատկապես Ադրբեջանի հետ կոնֆլիկտի ներքո»։
Ըստ զեկույցի՝ թեև լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը 2023-ին փոքր-ինչ նվազել է, բայց դա չի նշանակում, որ լրագրողներն անվտանգ միջավայրում են կատարում իրենց մասնագիտական գործունեությունը։ Եվրոպայում հանցագործ խմբավորումների թիվն աճում է, և այդ խմբավորումները սև ամպերի պես կախված են լրագրողների գլխին։
2023 թվականի վերջի դրությամբ հարթակում դեռևս շարունակում է բաց մնալ սպանության համար անպատժելիության 30 դեպք՝ 49 սպանված լրագրողների դեպքերով։
Զեկույցում նշված է՝ պատերազմը շարունակում է մնալ մամուլի ազատության հիմնական սպառնալիքը․ «2023-ին մամուլի ազատության վիճակին մեծապես վնասեցին պատերազմները՝ պատերազմն Ուկրաինայում, Ղարաբաղում, Իսրայել-ՀԱՄԱՍ կոնֆլիկտը։ 2023-ին Ուկրաինայի պատերազմը լուսաբանելիս զոհվել է 2 լրագրող։ Համեմատած 2022-ին գրանցված 13 մահվան հետ՝ լրագրողների մահերի թիվը պատերազմական գործողությունների ժամանակ նվազել է»։
Լրագրողների ազատազրկման խնդիրը լուրջ մտահոգության առարկա է։ Ըստ զեկույցում ներկայացված տվյալների՝ այս առումով առաջատար են Թուրքիան, ՌԴ-ն, Ադրբեջանը, ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները, Բելառուսը։ Ադրբեջանում ազատազրկման մեջ գտնվող լրագրողների թիվը 16 է, Թուրքիայում՝ 20, Բելառուսում՝ 38, ՌԴ-ում՝ 27 և ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում՝ 17։
Ադրբեջանի հետ կապված՝ զեկույցում ամրագրված է․ «Ադրբեջանում իշխանությունները լրագրողներին դատապարտում են մեկամսյա «վարչական» ձերբակալությունների՝ ի պատասխան նրանց աշխատանքի։ Լրագրողներ Վուգար Մամեդովը և Նուրլան Գահրամանլին 30 օրով ազատազրկվել են անորոշ մեղադրանքով՝ «արգելված տեղեկատվության հրապարակում և տարածում», մինչդեռ Վալի Շուքուրզադեն ստացել է նույն պատիժը «խուլիգանության» և «ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու» կասկածելի մեղադրանքներով»։
Լուրջ մտահոգություններ կան նաև Թուրքիայի հետ կապված։ Զեկույցում ամրագրված է․ «Թուրքիայում ԱԱԾ-ն է ներգրավվում արդարացնելու համար լրագրողների ազատազրկումը, ներառյալ մեղադրանքը՝ հատկապես Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապ ունեցող լրագրողների»։
Հայաստանի վերաբերյալ ահազանգում անդրադարձ է կատարվում ՀՀ-ում օրենսդրական փոփոխություններին և մտահոգություն հայտնում մասնավորապես «Ռազմական դրության մասին» օրենքի վերաբերյալ․ « Հայաստանում այս օրինագիծն իշխանություններին թույլ կտա ռազմական դրության ժամանակ ժամանակավորապես արգելափակել կայքեր, հավելվածներ, սոցիալական ցանցեր և սահմանափակել ինտերնետ հասանելիությունը: Այս լայն, անսահմանափակ լիազորությունները, զուգորդված որոշումների թափանցիկության բացակայության հետ կարող են հանգեցնել քաղաքական դրդապատճառներով որոշումների կայացման»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ