Լրահոս
Օրվա լրահոսը

Հարվածելով Արցախի Հանրապետության ժողովրդավարության խորհրդանիշին՝ Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում աշխարհին` արցախցիների վերադարձը սեփական հայրենիք չի դիտարկում․ հայտարարություն

Մարտ 05,2024 00:17

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումների վերաբերյալ.

Էթնիկ զտման ճանապարհով արցախյան խնդիրը փակելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակում է ինքնահաստատվել նորանոր դրսևորումներով։ Շարունակելով ոտնձգությունները պատմական հուշարձանների նկատմամբ՝ ադրբեջանական իշխանությունները հիմա էլ պատերազմ են վարում Արցախի պետական խորհրդանիշ հանդիսացող կառույցների հետ։ Հանրահայտ ու համաշխարհային հեղինակությունների՝ Շառլ Ազնավուրի, մարշալ Խուդյակովի և այլոց հուշարձանների հանդեպ վանդալիզմի անպատժելիությունը վերաճել է նոր մակարդակի ավերածությունների։

ԶԼՄ֊ներում ու սոցցանցերում այսօր տարածվող տեսանյութերը` Արցախի խորհրդարանի շենքի ավիրման ու Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի պղծման կադրերը հերթական անգամ հաստատում են Ադրբեջանի՝ ահաբեկչական երկրին բնորոշ վարքագիծը։

Հարվածելով Արցախի Հանրապետության ժողովրդավարության խորհրդանիշին՝ Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում աշխարհին` արցախցիների վերադարձը սեփական հայրենիք չի դիտարկում։

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն իր վրդովմունքն է հայտնում բարբարոսության հերթական ակտի հանդեպ և Ադրբեջանի իշխանություններից պահանջում է դադարեցնել մեր հայրենիքի նկատմամբ պղծումների քաղաքականությունը, ինչպես նաև դիմում է`

֊Արցախի ու Հայաստանի հասարակություններին և իշխանություններին` բարձրաձայնել մեր անհատական ու հավաքական իրավունքների պաշտպանության մասին և դատապարտել Ադրբեջանի հայաֆոբ քաղաքականությունը։

– 2020թ. նոյեմբերից Արցախում խաղաղապահ առաքելություն ստանձնած և այսօր արցախցիների վերադարձի հնարավորության մասին բարձրաձայնող Ռուսաստանի Դաշնության իշխանություններին՝ լինել հավատարիմ միջնորդական ջանքերի կանոններին ու առնվազն չթույլատրել վանդալիզմի նմանօրինակ դրսևորումներ։

– Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը ձգտող արևմտյան երկրների ու կառույցների ղեկավարներին` լինել հասցեական դատապարտումներում և առավել ուշադիր հետևել տեղի ունեցող զարգացումներին՝ չբավարարվելով բռնի տեղահանվածների իրավունքների վերաբերյալ պարզապես կոչեր ու հայտարարություններ հնչեցնելով։

 

Մենք՝ Արցախի և Հայաստանի քաղաքացիներս, դիմում ենք միջազգային հանրությանը օգնության կոչով։

Այսօր Արցախում ոչնչացնում են Խորհրդարանը, վաղը հողին կհավասարեցնեն մեր տներն ու գերեզմանները։ Ադրբեջանի ամենաթողությունը ձեր լռության ու անտարբերության հետևանքն ու պատասխանն է։ Աշխարհը պետք է կողմնորոշվի` նավթի և մարդու իրավունքների կարևորության միջև։ Մենք Հայրենիք ունենալու և այնտեղ արժանապատիվ ապրելու իրավունք ունենք։

Մենք կա՛նք, իսկ դա նշանակում է, որ Արցախի էջը չի՛ կարող շրջվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031