Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին քաղաքականությունն աքլորանալու տեղ չի

Մարտ 05,2024 10:00

Հակառուսական պարանոյան, որն այժմ բորբոքվում է Հայաստանում, հիշեցնում է ինձ այն վիճակը, որը կար Վրաստանում՝ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո: Այն ժամանակ հարեւան երկրում նույնպես, ինչպես հիմա մեզ մոտ, իշխանության բոլոր քննադատները «Կրեմլի գործակալներ» էին եւ «Պուտինի լրտեսներ»: Ի բարեբախտություն հարեւան ժողովրդի՝ Վրաստանի այսօրվա իշխանությունն ավելի զուսպ է ու սթափ, եւ ամեն թփի տակ «ռուսական ագենտուրա» չի փնտրում:

Հայաստանի ներկայիս կառավարիչներին թերեւս արժեր ուսումնասիրել  հարեւանների փորձը եւ դրսեւորել հաշվենկատություն: Սակայն մեր երկրում, երբ բանական մարդիկ, անգամ շատ բարեկամաբար, հաշվենկատ լինելու կոչ են անում, նրանց հայտարարում են «ռսաստրուկ» եւ Հայաստանի ինքնիշխանության թշնամի:

Ւնձ համար ակնհայտ է, որ մոտ ժամանակներս Ռուսաստանը, շատ հնարավոր է, նորից «քսի կտա» Ադրբեջանին՝ մեր սահմանին այս կամ այն մասշտաբի բախումներ սադրելով: Դա՛ են պահանջում Ռուսաստանի այսօրվա շահերը թե՛ Հայաստանին «պատժելու», ու թե՛ Թուրքիային դուր գալու առումով:

Ինչ հետեւություններ պետք է անի դրանից Հայաստանի իշխանությունը, դա ծավալուն վերլուծության նյութ է:  Բայց ակնհայտ է, որ ամենահիմար բանը, որը հիմա կարելի է անել, հակառուսական հիստերիա հրահրելն է:

Պետությունը լրատվամիջոց չէ, որ սրան կամ նրան «քլնգես» եւ սպասես լսարանի հիացական արձագանքին՝ «վա՜յ, մեռնե՛մ դուխիդ»: Նույնիսկ եթե Հայաստանում երեք միլիոն մարդ հրճվում է, թե ոնց է Փաշինյանը «ռսների պորտը տեղը դնում», նույնիսկ եթե Ֆրանսիան, Գերմանիան ու Միացյալ Նահանգները ծափահարում են Հայաստանի վարչապետի եւ նրա թիմի «խիզախությանը», իշխանությունը պետք է առաջին տեղում դնի այդ երեք միլիոնի կյանքի ու անվտանգության շահերը:

Մանավանդ, հաշվի առնելով, թե ինչ վիճակում է հիմա մեր պետությունը: Ի դեպ, հայտնի է, թե ում մեղքով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ ԱԺԲ անդամները Հայաստանում Ռուսաստանի դեսպանության դիմաց այրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031