Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիածան՝ ափսեի մեջ կամ ինչպես են գույներն ազդում առողջության վրա

Մարտ 05,2024 09:30

Համաձայնեք, մրգերն ու բանջարեղենը նաև գրավում են իրենց բազմերանգությամբ՝ ստեղծելով թարմության, կենսահաստատության զգացողություն։ Եվ դա ամենևին էլ պատահական չէ․ չէ՞ որ գույները ոչ միայն ապահովում են մրգերի ու բանջարեղենի արտաքին առանձնահատկությունները, այլև իսկապես կարող են թարմություն ու երիտասարդություն նվիրել այն բուսական միացությունների շնորհիվ, որոնք էլ պատասխանատու են մրգերի, բանջարեղենի տեսակների գունավորման համար։

Նշենք, որ հայտնի են ավելի քան 5000 այդպիսի միացություններ, որոնք գույներից զատ բուսական սննդատեսակներին օգտակար հատկություններ են հաղորդում։ Փորձենք պարզել, թե ինչպես է այս կամ այն գույնն ազդում մարդու ընդհանուր առողջության վրա։

Կարմիր

Կարմիր մրգերն ու բանջարեղենը գունավորում են կարոտինոիդներ կոչվող միացությունները (այդ թվում՝ լիկոպինները, կվերցետինն ու ֆլավոնները)։ Այդ կարոտինոիդները պարունակվում են լոլիկի, բալի, խնձորի, ձմերուկի, կարմիր խաղողի, ելակի, պղպեղի և այլ սննդատեսակների կազմում։

Այս կարոտինոիդները հակաօքսիդանտներ են, որոնց բազմիցս անդրադարձել ենք մեր նյութերում՝ նշելով, որ հակաօքսիդանտները կայունացնում են օրգանիզմի բնական գործընթացների, ինչպես նաև շրջակա միջավայրի բացասական ազդեցության, ծխելու հետևանքով առաջացող ազատ ռադիկալները՝ նվազեցնելով բորբոքային գործընթացներն ու դրանց հետ կապված հիվանդությունների զարգացման վտանգը։ Ահա թե ինչու է համարվում, որ հակաօքսիդանտներով հարուստ սննդակարգը նվազեցնում է այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են արթրիտը, երկրորդ տիպի դիաբետը, սրտի հիվանդությունները, քաղցկեղը և այլն։

Նարնջագույն

Նարնջագույն մրգերն ու բանջարեղենը՝ նարինջը, դդումը, գազարը, ծիրանը, մանդարինը և այլն նույնպես կարոտինոիդներ են պարունակում, բայց մի փոքր այլ տեսակի՝ ալֆա և բետա կարոտին, կուրկումինոիդներ և այլն։

Ալֆա ու բետա կարոտիններն օրգանիզմում վերածվում են վիտամին A-ի, որը նույնպես հակաօքսիդանտ է, կարևոր դեր ունի մասնավորապես բջջաթաղանթի, աչքերի առողջության համար։ Վիտամին A-ն ազդում է բջջաթաղանթների ու ճարպերից կազմված մարմնի այլ հատվածների շուրջ կուտակվող ազատ ռադիկալների վրա՝ նվազեցնելով սրտի հիվանդությունների, քաղցկեղի, տեսողական խնդիրների զարգացման վտանգը։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ նարնջագույն մթերքների մեծաքանակ օգտագործումը կարող է նպաստել դաշտանադադարի հետաձգմանը։

Դեղին

Դեղին մրգերն ու բանջարեղենը, օրինակ՝ խնձորը, բանանը, կիտրոնն ու արքայախնձորը ևս պարունակում են կարոտինոիդներ, նաև այլ բուսական միացություններ՝ լյուտեին, զեաքսանտին, մեզո-զեաքսանտին և այլն։ Ապացուցվել է, որ վերջին 3 միացությունները առանձնապես կարևոր են աչքերի առողջության համար և կարող են նվազեցնել տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացման վտանգը։ Այդ ֆիտոնուտրիենտները  կարող են կլանել նաև ուլտրամանուշակագույն ճառագայթները՝ ազդելով որպես արևապաշտպան քսուք և պաշտպանելով աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից։

Դեղին՝ ոչ հասած մրգերն ու բանջարեղենը նպաստում են աղիների աշխատանքին, օսլայով հարուստ մթերքների հետ օգտագործվելիս կանխում են արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումները։

Կանաչ

Կանաչ մրգերն ու բանջարեղենը՝ ավոկադոն, բրյուսելյան կաղամբը, խնձորը, տանձը, կանաչ թեյը, կանաչ տերևավոր բանջարեղենը բազմաթիվ ֆիտոնուտրիենտներ են պարունակում, այդ թվում՝ քլորոֆիլ, կատեխիններ, ֆիտոստերոլներ, նիտրատներ, գալլատ-էպիգալոկատեխին, ֆոլատ և այլն։
Դրանք նույնպես գործում են որպես հակաօքսիդանտներ։ Կանաչ գույնն ապահովող սննդանյութերը կարևոր դեր ունեն արյունատար անոթների համար՝ օգնում են դարձնել արյունատար անոթներն ավելի էլաստիկ ու ճկուն, բարելավում արյան շրջանառությունը, նվազեցնում զարկերակային ճնշումը, այդպիսով նաև՝ սրտի հիվանդությունների զարգացման վտանգը։ Ֆոլատը հատկապես կարևոր է հղիություն պլանավորող կանանց համար, քանի որ այդ վիտամինն օգնում է կանխարգելել նորածինների շրջանում նյարդային խողովակի արատների ռիսկը։

Կապույտ ու մանուշակագույն

Կապույտ ու մանուշակագույն մթերքները՝ հապալասը, հաղարջը, թուզը, մանուշակագույն կարտոֆիլը, կաղամբը և այլն պարունակում են պոլիֆենոլներ, անտոցիաններ, դաբաղող նյութեր, ռեսվերատրոլ և այլն։ Անտոցիանները ևս օժտված են հակաօքսիդանտային ազդեցությամբ և մի շարք հիվանդությունների կանխարգելմանը նպաստելուց զատ բարելավվում են հիշողությունը, սովորելու ունակությունը, դրական են ազդում նյարդային համակարգի, տրամադրության վրա:

Շագանակագույն ու սպիտակ

Շագանակագույն և սպիտակ մրգերն ու բանջարեղենը՝ սխտորը, կարտոֆիլը, պարունակում են ֆլավոններ, որոնց թվին են պատկանում ապիգենինը, լյոտեոլինը, իզոէթինը, ալիցինը և այլն։ Ալիցինով հատկապես հարուստ է սխտորը։ Ապացուցված է, որ ալիցինն օժտված է հակաբակտերիալ ու հակավիրուսային ազդեցությամբ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031