Ռուսաստանի ոչ մի քաղաքացի, որը ՌԴ-ից փախուստի է դիմել եւ որպես ապաստան երկիր ընտրել է Հայաստանը, չի արտահանձնվել ՀՀ իշխանությունների կողմից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Արտահանձնելու փորձ չի արվել, չկա այդպիսի գոնե մեկ փաստ: Միակ փաստը Դմիտրի Սեդրակովի դեպքն էր, որը մեկ վայրկյան անգամ չի գտնվել ՀՀ իրավապահ մարմինների անմիջական հսկողության ներքո: Սեդրակովին Զվարթնոց օդանավակայանից ապօրինաբար անազատության մեջ են վերցրել, առեւանգել եւ տեղափոխել ՌԴ ռազմական բազա, Գյումրի: Մեկ այլ դեպք չկա, որ ՀՀ կողմից արտահանձնում տեղի ունեցած լինի»,- վստահեցրեց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 27-ին, ժամը 1.40-ին, Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 27-ամյա Արտյոմ Ժ.-ին:
Նա 2023 թ. ապրիլի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի (Դասալքությունը) 5-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարդացեք նաև
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
«Սահմանային ռեժիմն անցնելու ժամանակ անձին որոշ ժամանակ պահելու, փաստաթղթավորելու, արձանագրություններ կազմելու գործընթացը, ցավոք սրտի, պայմանավորված է ԱՊՀ շրջանակներում ընդունված նորմերով, իրավական փոխօգնության պարտավորություններով, իսկ դա կատարվում է միմիայն ՌԴ իրավապահ մարմինների կողմից խնդրանքի հիմա վրա:
Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունները սեփական նախաձեռնությամբ , գլխապատառ փորձում են հայտնաբերել, ճշտել այդ մարդկանց: Բայց դա ընդամենը ֆորմալ կողմն է, երբ որ փաստաթղթավորում են անձի մուտք գործելը ՀՀ, կայացվում է որոշում, այնուհետեւ որպես խափանման միջոց կիրառվում է ստորագրություն չհեռանալու մասին:
Այստեղ մի քանի դեպքերով իրավապահ մարմինների այդ գործողությունների դեմ հայց ենք ներկայացրել դատարան՝ բողոքարկելու այդ գործողությունների ոչ իրավաչափությունն այն հիմնավորմամբ, որ ՌԴ կողմից նման պահանջները չպետք է կատարվեն: Որովհետեւ ՌԴ-ն այլեւս իրավական պետություն չէ, ՀՀ-ի՝ որպես ԵԽ անդամ վերցրած պարտավորությունները բովանդակային հակասության մեջ են գտնվում ԱՊՀ շրջանակներում վերցրած պարտավորությունների հետ:
ՌԴ-ն հեռացվեց ԵԽ խորհրդից, չի հանդիսանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի կողմ ու չի կարող այնպես լինել, որ ՀՀ-ն մի կողմից կատարի ՌԴ իրավական բնույթի դիմումները, մյուս կողմից մնա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պարտավորությունների կատարման տիրույթում: Դատարան ենք դիմել՝ նպատակ դնելով, որ դատական ատյանով ճանաչենք այդ պարտավորությունների հակասահմանադրականությունը: Հայցը վարույթ է ընդունվել»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, եթե ՀՀ-ն ՌԴ քաղաքացու արտահանձնի, խախտած կլինի եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածները. «Ռիսկը, որ արտահաձնված քաղաքացու դեմ կարող են դրսեւորվել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այդ թվում՝ արտադատական մահապատիժ կարող է իրականացվել, ավելի քան մեծ է՝ ելնելով այն փաստական հանգամանքներից, որոնց մասին կան զեկույցներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ