Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորությունն ունեմ, որ մեր ռուս գործընկերներն անգամ շահագրգռված են հայ-ռուսական փոխհարաբերությունների այս որակով». Արման Մելիքյանը՝ Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին

Մարտ 04,2024 22:30

Aravot.am-ի զրուցակից ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի կարծիքով, մոտակա 2-3 ամիսների ընթացքում հայ-թուրքական սահմանը կարող է բացվել՝ ավելացնելով Հայաստանի անվտանգային խնդիրները

 

-ՌԴ ԱԳ նախարարը, Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում բավական ուշագրավ հայտարարություններ արեց ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամությունը սառեցված լինելու, «Զվարթնոց» օդանավակայանից սահմանապահներին դուրս բերելու եւ հակառուսական այլ դիրքորոշումների համար՝ ասելով, որ իր գործնական քայլերը մշակելիս ՌԴ-ն այդ ամենը հաշվի կառնի։ Ի՞նչ փուլ ենք մտել, ինչպե՞ս կբնութագրեք ՌԴ ԱԳ նախարարի բավական ուղիղ՝ ոչ դիվանագիտական հայտարարությունները։

-Այո, նախարար Լավրովի հայտարարությունները կոշտ էին, սպառնալից ու հասցեական։ Մեծ հաշվով, ռուսական կողմը երկկողմ հարաբերություններում առկա կնճիռների համար ողջ պատասխանատվությունը դնում է պաշտոնական Երևանի վրա և դրա համար օգտագործում է հայկական կողմի՝ սեփական շահերը պաշտպանելուն ուղղված անգամ ամենաչնչին ջանքերը։ Այն տպավորությունն ունեմ, որ մեր ռուս գործընկերներն անգամ շահագրգռված են փոխհարաբերությունների այս որակով, ինչը թույլ է տալիս իրենց ազատ զգալ Հայաստանի հանդեպ առկա պայմանագրային պարտավորություններից։

Իսկ ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին ՀՀ մասնակցության սառեցման խնդրին, ապա պաշտոնական Երևանը, կարծես թե, լրացուցիչ որևէ պարզաբանում տալու կամ մասնակցությունը կասեցնելու հետ կապված ինչ-որ  իրավական գործընթաց սկսելու կարիքը չունի։ Եթե չեմ սխալվում, այդ կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա և այստեղ կա երկու տարբերակ՝ կամ Հայաստանի համաձայնության  բացակայության դեպքում ՀԱՊԿ շրջանակներում կայացված որոշումները իրավաչափ չեն համարվի, կամ էլ, ՀՀ ներկայացուցիչները կշարունակեն հրապարակավ բոյկոտել կազմակերպության միջոցառումները, սակայն post factum անաղմուկ կմիանան ընդունված որոշումներին։

-Ի՞նչ հնարավոր զարգացումների սպասել, ո՞ւր կտանեն դրանք մեր երկիրն ու ժողովրդին։

– Տարածաշրջանային գործընթացները սրընթաց են զարգանում։ Այս առումով հերթական կարևոր հանգրվանը կարող է դառնալ հայ-թուրքական սահմանի բացումը մոտակա երկու-երեք ամիսների ընթացքում։ Այն կարող է հանգեցնել նոր և շատ ակտիվ, հատկապես ներքաղաքական վերադասավորումների, Ռուսաստան-Ադրբեջան-Իրան առանցքի համար։ Հայաստանի համար  կարող են աճել անվտանգային ռիսկերը։

– Անգամ այս պարագայում, ինչո՞ւ ընդդիմադիր ուժերի համախմբում Հայաստանում չի լինում, ինչո՞ւ փորձ չի արվում համաժողովրդական կոնսոլիդացիայով կանգնեցնել սպասվող աղետը․ ստացվում է, որ նույն Լավրովը ճիշտ է, երբ կշտամբում է հայ ժողովրդին՝ իշխանության հակառուսական կեցվածքում համախոհ լինելու մեջ։

– Պատճառն այն է, որ ընդդիմադիր ուժերը, բացի Փաշինյանի հեռացումից, այլ օրակարգ չեն առաջարկում։ Մարդկանց համար հասկանալի է, որ Փաշինյանը եթե հեռանա էլ, մեզ համար գոյավորված պրոբլեմները կմնան։ Մինչդեռ Փաշինյանի հեռացման խնդիրն առաջնային համարող ուժերի մի զգալի մասը նրա իշխանության գալու ուղիղ պատասխանատուն են ու համահեղինակը և մեկ անգամ ևս նրանց իշխանություն վստահելը թեթևամտություն կլինի։ Իշխանափոխության կողմնակիցները քաղաքացիների աջակցությունը ստանալու համար առնվազն պետք է հանրությանը տեղեկացնեն, թե ինչպիսին է լինելու Փաշինյանի կաբինետին հաջորդող կառավարության կազմը՝ անուն առ անուն։ Նույնը՝ նաև հաջորդ խորհրդարանի կազմին պետք է վերաբերվի։ Նախապես։ Դրանից հետո միայն, եթե, իհարկե, իրենց կադրերի վարկի շնորհիվ շահեն մարդկանց վստահությունը, կարող են լայն համախմբման ակնկալիք ունենալ։

-Մյուս կողմից էլ, նաեւ տպավորություն է, որ պաշտոնական Մոսկվան մեր իսկ ձեռքերով է փորձում մեր շահերի հաշվին հարցեր լուծել եւ, դա շատ լավ հաջողում է՝ մեղավորությունը կրկին մեզ վրա բարդելով։

-Այս կարգի քաղաքական խաղերը հնարավոր են խակ քաղաքական վերնախավ ունեցող ցանկացած պետությունում։ Խնդիրն այստեղ ոչ թե Ռուսաստանն է, ԱՄՆ-ը, Թուրքիան կամ Իսրայելը, այլ, նախ և առաջ, ինքներս՝ մեր կարճատեսությունը, ծառայամտությունը, եսասիրությունն ու ագահությունը։

– ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ ուշագրավ շեշտադրում արեց՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հետեւողական վատթարացումն անվանելով՝ «ՀՀ ղեկավարության գիտակցված որոշում». սա ի՞նչ է նշանակում:

– Այս պարզունակ կշտամբանքներն իրավիճակի իրական բազմաշերտ բարդությունը քողարկելու միջոց են։ Այլ հարց է, թե արդյո՞ք ռուսական կողմն ինքը ճիշտ է կողմնորոշվել։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031