Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. «Խաղաղության խաչմերուկը» չի արժանանում միջազգային կոնսենսուսի… Հայաստանը պարտավոր է խոսել բոլորի հետ՝ Հայաստանի շուրջ, նոր, հայանպաստ կոնսենսուս ձևավորելու նպատակով

Մարտ 04,2024 22:15

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սկսած 2021թ․ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում կա մեկ հարց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը։ Մնացած բոլոր հարցերը, այս երկու տարում տեղի ունեցածը, առաջիկայում տեղի ունենալիք իրադարձությունները դրա ածանցյալն են։

Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

Սրա հետևանքով է փակվել Լաչինի միջանցքը, սրա հետևանքով է Հայաստանի իշխանությունը թեքվել դեպի Արևմուտք, սրա հետևանքով են օր-օրի լարվում հայ-ռուսական հարաբերությունները։

Այս կետի չկատարման դիմաց Հայաստանի իշխանությունը պատրաստ եղավ ամբողջությամբ հանձնել Արցախը՝ դրանով փորձելով փակված համարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Արդյունքում, Ադրբեջանը, Սյունիքով ճանապարհի թեման ետ քաշելով, միջազգային կոնսենսուսի ներքո իրականացրեց Արցախի ամբողջական հայաթափում և հիմա նորից վերադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններում մնացած միակ օրակարգին՝ Սյունիքով ճանապարհին։

Արդյոք պետք է տա՞լ այդ ճանապարհը։ Միանշանակ՝ ոչ։ Ի զորու՞ է դա չանել այս իշխանությունը։ Միանշանակ՝ ոչ։

Երկար տարիներ հայ-ադրբեջանական հարաբերություններում կար մի հիմնական հարց, որի շուրջ ձևավորվեց միջազգային կոնսենսուս։ Դա հինգ շրջանների վերադարձն էր։ Եվ փաստացի դա էր Հայաստանի արտաքին և նաև ներքին քաղաքական միակ իրական օրակարգը՝ վերադարձվո՞ւմ էր հինգ շրջանը, թե` ոչ։ Սակայն դա չդարձավ օրակարգ և արդյունքում միջազգային կոնսենսուսը ապահովեց շրջանների վերադարձը ռազմական ճանապարհով։

Հիմա Հայաստանի գլխին կախված է Սյունիքի ճանապարհի հարցը, որի շուրջ թեև չկա միջազգային կոնսենսուս, բայց Ռուսաստանի և Արևմուտքի մոտ կա իրարից առանձին այդ հարցը լուծելու որոշում և գործընթաց։ Ընդ որում, այդ գործընթացի մեջ մեծ մասնաբաժին ունի մյուս կողմին այդ գործընթացից հանելու կարևորությունը։

Արդյունքում, Ադրբեջանը գտնվում է շահեկան դիրքում՝ կամ Ռուսաստանի կամ Արևմուտքի՝ արդեն ի դեմս Թուրքիայի, միջոցով կստանա ճանապարհ դեպի Նախիջևան։ Սրան զուգահեռ շարունակում է Հայաստանի նկատմամբ այլ ճնշումներ գործադրել՝ հակամարտությունը տաք պահելու նպատակով։

Ի վերջո, հնարավոր է, որ Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտի պատճառով ճանապարհի հարցը որոշ ժամանակ դեռ չլուծվի, որը մի օր Ադրբեջանի մոտ կձևավորի «լեգիտիմ իրավունք» ինքնուրույն լուծելու այդ հարցը, ինչպես եղավ հինգ շրջանների դեպքում։

Հարցին այլ լուծում տալու Հայաստանի վերջին փորձը «Խաղաղության խաչմերուկն» է, որը սակայն այդպես էլ չի արժանանում միջազգային կոնսենսուսի։ Արդյունքում, Հայաստանը պարտավոր է խոսել բոլորի հետ՝ Հայաստանի շուրջ, նոր, հայանպաստ կոնսենսուս ձևավորելու նպատակով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031