«Ես երեկ էլ եմ ասել պարոն Բեգոյանին, պարոն Բեգոյան ջան, հարգում եմ վարչապետին, քաղաքապետին։ Պահ է եղել՝ հանդիպել եմ քաղաքապետի հետ, էնտեղ ինչ-որ շենքեր է բարեկարգել։ Խոնարհվել եմ իր առջեւ, հիմա էլ եմ խոնարհվում իր առջեւ, որ նման բարեկեցիկ, գեղեցիկ գործ է արել: Բա մենք էլ ենք էն գարշահոտերը բարեկեցիկ սարքել, մաքրել ենք, գեղեցկացրել ենք, մի՞թե վատ գործ ենք արել »,- այսօր Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց ցույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Նոր Նորքի բնակիչ Սեդա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Գայի պողոտայի սկզբնամասում ինքնաշեն տները, քաղաքապետի որոշմամբ, դարձել են քանդման ենթակա, արդեն մի քանի օր է՝ ինչ այդ տների բնակիչները ցույցեր են անում:
Տիկին Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ զրույցում նաեւ հիշեց 2018 թվականին թավշյա հեղափոխությանն իր մասնակցությունը, ներդրումը. «Երբ հեղափոխություն էր՝ Մասիվից տարբեր առողջական խնդիրներով, բայց շատ մեծ սիրով ՊՆ շենքի մոտով քայլել եմ պարոն Ավինյանի համար, նաեւ նկարվել եմ մեր հարգարժան Արարատ Միրզոյանի հետ Զեյթունի կամրջի տակ: Շնորհակալություն է ինձ հայտնել, որ ես, վատառողջ կին լինելով, քայլում եմ իրենց հետ: Դե որ պետք էր՝ սիրով եկան իշխանության, մենք էլ սիրով բերեցինք, որ պետք էր: Հիմա ժողովուրդը, որ էս վիճակում է, բա մեզ ի՞նչ է պետք, սիրելիս, որ մեզ դուրս շպռտե՞ք: Խնդրում եմ, պարոն Ավինյա՛ն, ձեզ հրավիրում եմ տարածք, եկեք, ձեզ հետ հանդիպել եմ, ցանկալի է մի անգամ էլ հանդիպեմ… Որ պետք է եղել ամբողջ Հայաստանով շրջել եք, էս պե՞տք չի, խնդրում եմ եկեք»:
Սեդա Հովհաննիսյանը նաեւ վիճահարույց տարածքից իրենց հանելուն անդրադարձավ. «Լա՛վ, թող հանի, ես ո՞ւր եմ գնում, լավ թող կանաչապատի, մենք էլ բոլոր հարեւաններով խոստանում ենք իր աշխատողը դառնանք, եթե իհարկե, լինելու է կանաչապատում, ինչպես ասում են»:
Կարդացեք նաև
Մեկ այլ բնակիչ նկատեց, թե ՀՀ-ն ժողովրդավար պետություն է, պետք չէ՝ իրենց հետ խուլիգանավարի վարվեն, գան, քանդեն. «Լավ կլինի,մեզ հետ խորհրդակցեն, էնպես չի, որ բողոք ունենք, մենք սիրում ու հարգում ենք մեր ղեկավարներին, իրենց համար պայքարել ենք, հիմա էլ պետք լինի, կպայքարենք, թող գան, նստենք, որոշենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ․ Գ․ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուկչյանը ցուցարարների հետ զրույցում ասել է, որ մոտակա օրերի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի այգու հատվածում քանդման աշխատանքներ չեն իրականացվի, մինչ քննարկումները կավարտվեն և հնարավոր կլինի խնդրի լուծման տարբերակեր առաջարկել: «Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ: Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն: Մենք ընդլայնված կազմով ևս մի քանի քննարկում կունենանք՝ հետագա գործողությունների հետ կապված»,–գրել է փոխքաղաքապետը սոցցանցի իր էջում: